Երբ վերջին մի քանի ամիսներին ամերիկյան դոլարի փոխարժեքը անհասկանալի
«արագությամբ» սկսեց նվազել, գրեթե բոլորի համար ակնհայտ էին այդ
գործընթացի, մեղմ ասած, բացասական հետեւանքները: Բացի, իհարկե,
Կենտրոնական բանկից: Վերջինիս ղեկավարությունը դոլարի արժեզրկման երկու
հիմնավորում է գտել եւ վկայակոչելով փոխարժեքի լողացող լինելու
հանգամանքը, ցանկացած առիթով ներկայացնում է այդ «փաստարկները» եւ
արդարացնում իր անգործությունը: Հիմնավորումներից մեկը համաշխարհային
շուկայում դոլարի համընդհանուր արժեզրկման միտումներն են (չնայած,
Հայաստանում դոլարը արժեզրկվում է անգամ այն օրերին, երբ համաշխարհային
շուկայում այլ արժույթների նկատմամբ դոլարն արժեւորվում է) եւ
արտասահմանից Հայաստան ուղարկվող դոլարային տրանսֆերտների աճը:
Բնականաբար, դոլարի արժեզրկումից առաջին հերթին տուժում են հենց այդ
տրանսֆերտների հաշվին ապրող շարքային քաղաքացիները, որոնց ստացած գումարի
իրական արժեքը գրեթե ամեն օր նվազում է: Սա դոլարի արժեզրկման, թերեւս,
ամենատեսանելի եւ կարճաժամկետ կտրվածքով արտահայտվող հետեւանքն է: Որոշ
ժամանակ անց այդ հետեւանքը զգալի է լինելու նաեւ պետական բյուջեի
եկամտային մասի վրա, քանի որ, օրինակ, բենզինի ներմուծման համար տուրքերը
պետական բյուջե մուծվում են դոլարով, եւ կառավարությունում արդեն իսկ
քննարկվում է այդ տուրքերի վճարամիջոցը փոխելու հարցը: Թեեւ, որոշ
գնահատականներով, մինչեւ այժմ, դոլարի արժեզրկման հետեւանքով, բյուջեն
կրել է ավելի քան 30 մլն դոլարի վնաս:
Դոլարի արժեզրկման մյուս եւ, թերեւս, ամենաբացասական ազդեցությունը կրելու
է տնտեսության իրական սեկտորը, այսինքն՝ տեղական արտադրողները: Մինչ
դոլարի գրեթե ամենօրյա արժեզրկման արդյունքում մի քանի խոշոր ներմուծողներ
կրկնապատկում են իրենց գերշահույթները, տեղական արտադրությունը, հատկապես՝
արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունը, կանգնած է լուրջ
վտանգի առաջ: Դոլարի արժեզրկման պայմաններում արտահանումն, ըստ էության,
դառնում է անիմաստ, քանի որ դրսի շուկաներում ապրանքն իրացվում է դոլարով,
որը Հայաստանում անկանխատեսելի տեմպերով արժեզրկվում է, ինչի արդյունքում՝
արտադրողը «տակ է տալիս»: Մի շարք տեղական արտադրողներ անգամ արդեն
մտածում են արտադրությունը դադարեցնելու մասին, ինչը՝ դոլարի արժեզրկման
այսօրվա տեմպերի պահպանման դեպքում, տեղի կունենա առաջիկա երեք-չորս
ամիսների ընթացքում: Իսկ որոշ ձեռնարկություններում դոլարի արժեզրկման
«պտուղներ» երեւում են արդեն այսօր:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ բողոքի ակցիա էին կազմակերպել լամպերի
արտադրությամբ զբաղվող «Գրանդ-Սան» գործարանում: Մասնավորապես՝ գործարանի
մի շարք աշխատակիցներ բողոքում էին, որ գործարանը չի աշխատում եւ չեն
վճարում իրենց աշխատավարձերը: Իսկ որպես պատճառ՝ նշում էին հենց դոլարի
արժեզրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Այս տեղեկությունը հաստատեց
նաեւ «Գրանդ Հոլդինգի» մամուլի քարտուղար Արման Վանեսքեհյանը: Ըստ նրա,
դոլարի փոխարժեքի տատանման պատճառով իրենց արտադրած լամպերը ներմուծող
վրացիները հրաժարվել են հերթական խմբաքանակից, քանի որ իրենց շուկայում
ներկայիս գներով չեն կարողանում արտադրանքն իրացնել: Վրացիները խնդրել են
վերահաշվարկ կատարել եւ 5 ցենտով իջեցնել լամպերի գինը, հակառակ դեպքում՝
իրենք պետք է բարձրացնեն վրացական շուկայում վաճառվող լամպերի գինը, ինչը,
բնականաբար, կազդի արդեն նրանց իրացման ծավալների վրա: Այդ պատճառով, ըստ
Արման Վանեսքեհյանի, մոտ մեկ ամսով կանգնեցվել է պատրաստի լամպերի
արտադրամասը, ինչի արդյունքում շուրջ 100 աշխատողներ մատնվել են
պարապուրդի, որի համար նրանք չեն վճարվելու: Գործարանի մյուս
արտադրամասերն աշխատում են եւ նրանց աշխատողներին պարապուրդը չի
վերաբերում: Ըստ Վանեսքեհյանի, հնարավոր է, որ վրացիների հետ կապված
խնդիրները ավելի շուտ լուծվեն եւ պարապուրդը տեւի մեկ ամսից ավելի քիչ:
Սա եւս մեկ անգամ հաստատում է այն կանխատեսումները, որ դոլարի արժեզրկումն
ազդելու է տեղական արտադրության վրա: Իհարկե, կոնկրետ այս դեպքում
տուժելու է ոչ այնքան Հրանտ Վարդանյանը, որքան այդ գործարանի շարքային
աշխատողները: Իսկ նման իրավիճակ առկա է բազմաթիվ այլ
ձեռնարկություններում, պարզապես «Գրանդ Սանը» խոշորներից է եւ այստեղ
ավելի շուտ են «արտահայտվել» դոլարի արժեզրկման հետեւանքները: