Մանկական «Եվրատեսիլի» մրցույթում ընդամենը մեկ միավորով զիջելով Բելառուսի մասնակցին եւ երկրորդ տեղը գրավելով` «Արեւիկ» խմբի երեխաները բարձր տրամադրությամբ են վերադարձել Երեւան:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը նշեց, որ մեր երեխաները կարողացան «գրավել Եվրոպայի սիրտը»: Նրա կարծիքով` երկրորդ տեղը նույնպես հաղթանակ էր, քանի որ մեր երեխաները յոթ անգամ 12 միավոր ստացան, ու յոթ անգամ Ռոտերդամում ծածանվեց հայկական դրոշը. «Ամենակարեւորը, որ օտարները հայերեն լեզվով երգում էին մեր երգը, դահլիճում հարյուրավոր հայկական դրոշներ կային, սակայն դրանք հայեր չէին: Մենք` հայերով, ընդամենը 20-25 հոգի էինք, եւ ես հաղթանակ եմ համարում, որ օտարները հայկական դրոշ էին ծածանում ու հայերեն երգ էին երգում»:
Այն փաստը, որ ելույթի ժամանակ արեւիկցիները բավական հուզված էին, Ա. Ամիրյանը շատ բնական է համարում. «Նույնիսկ պրոֆեսիոնալ արտիստների համար նմանատիպ բեմերում, երբ ներկա է տարբեր ազգությունների 10.000 հանդիսատես, եւ տարբեր պետությունների դրոշներ են ծածանվում, շատ դժվար է առանց հուզմունքի բեմ դուրս գալը, ուր մնաց՝ այս երեխաները, որ ընդամենը 10-15 տարեկան են: Ի դեպ, բոլոր երկրների ներկայացուցիչները մրցույթից մեկ օր առաջ` նախընտրական փուլի ժամանակ, շատ ավելի լավ ելույթ ունեցան, քան բուն մրցույթի օրը: Եվ դրա համար մեր երեխաների փոքրիկ հուզմունքը շատ բնական ու նորմալ էր, որը ոչ միայն ներելի, այլեւ գովելի է, քանի որ վերջին հաշվով նրանք երեխաներ են»: «Արեւիկ» համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանն ավելացրեց, որ մեր երգի նկատմամբ տպավորությունն այդ օր չպետք է ստեղծվեր, քանի որ մի քանի ամիս շարունակ մասնակից երկրներում լսել էին այդ երգը, եւ կարծիքներն արդեն ձեւավորվել էին: Իսկ երեխաների` միայն մրցույթի օրվա կատարումը չէր կարող շատ մեծ ազդեցություն ունենալ կարծիքների վրա: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի խոսքերով էլ` բուքմեյքերական ընկերությունները մեր եւ Ուկրաինայի երգի համար ամենաբարձր վարկանիշներն էին տալիս, դրանք ֆավորիտներ էին համարվում: «Երազանք» երգի համահեղինակ, արեւիկցի Մարիանա Ջավախյանը նշեց, որ իրենք բեմի վրա մի քիչ հուզվում էին` տեսնելով այդքան շատ հանդիսատես, այդքան ոգեւորություն ու ճիչեր. «Համենայնդեպս, մենք գոհ ենք մեր ելույթից, չենք կարող դժգոհել, որովհետեւ ամեն ինչ նորմալ անցավ, ու հիմա ամբողջ հայ ազգը ցնծում ու հպարտանում է այս երգով ու երկրորդ հորիզոնականով: Յուրաքանչյուր մարդ էլ հոգում մանուկ է, ու մանկական երգեր սիրում են լսել ոչ միայն փոքրիկները, այլեւ մեծերը: Ու երեւի թե այս երգի գաղտնիքն այն էր, որ այն բխում էր մեր հոգուց ու հոգով էր գրված»:
Արմեն Ամիրյանը պատմեց, որ BBC հեռուստաընկերությունը նախապես ծրագրել էր ֆիլմ նկարահանել մանկական «Եվրատեսիլի» մասին ու նախատեսել էր ֆիլմում ներգրավել Կիպրոսի, Վրաստանի եւ Շվեդիայի ներկայացուցիչներին: Սակայն արդեն մեկ-երկու օր հետո ֆիլմում ավելի շատ նկարահանվում էին հենց արեւիկցիները. «Հետագայում այն երեխաները, ովքեր կմասնակցեն այս մրցույթին, պետք է համարեն, որ երկրորդ տեղն իրենց մինիմում հորիզոնականն է: Վստահ եղեք, որ Հայաստանի բոլոր երեխաները միշտ ամենապակասը երկրորդ տեղն են գրավելու»:
Ա. Ամիրյանը նշեց նաեւ, որ իր համար շատ ցավալի էր, որ վերադարձի օրն օդանավակայանում արեւիկցիներին դիմավորելու էին եկել միայն նրանց համադասարանցիներն ու էստրադային աստղեր Արամեն ու Անի Ամիրյանը: «Շատ ցավալի է, որ շատերը չեն գնահատում մեր վաղվա օրը: Այս երեխաները մեր էստրադայի վաղվա օրն են»,- ասաց Ա. Ամիրյանը:
Ի դեպ, թեեւ արդեն կարծիք է ձեւավորվել, որ մրցույթի ժամանակ վերջինը քվեարկող Բելառուսը կարող էր ձայների արդյունքները փոխել, որպեսզի իրենց մասնակիցն առաջին տեղը գրավի, սակայն Դիանա Մնացականյանը բացառեց դա. «Բոլոր «Եվրատեսիլների» ժամանակ ձայների հետ աշխատում է «Գիգամե» գերմանական ընկերությունը: Բոլոր ձայները հաշվվում են ոչ թե կոնկրետ տվյալ երկրում, դրանք կենտրոնանում են Գերմանիայում, եւ «Գիգամեն» հետո արդյունքներն ուղարկում է տվյալ երկիր: Այս մրցույթում անհնար է որեւէ բան փոխել կամ կեղծել: Այս արդյունքների համար «Գիգամեն» պատասխան է տալիս եվրոպական հեռարձակողների միությանը»:
Դ. Մնացականյանը նաեւ ավելացրեց, որ հաջորդ տարի Կիպրոսում կայանալիք մանկական «Եվրատեսիլին» մասնակցել ցանկացողներն արդեն այսօրվանից կարող են հայտեր ներկայացնել: 10-15 տարեկան երեխաները կարող են ներկայացնել իրենց գրած երգերը: Իսկ ինչ վերաբերում է մրցույթը Հայաստանում անցկացնելուն, նա նշեց, որ մանկական «Եվրատեսիլը» կարող է անցկացնել յուրաքանչյուր երկիր, որը ցանկանա. «Մենք կարող էինք 2009-ի համար հայտ ներկայացնել, բայց դեռ չենք ուզում, քանի որ փորձը դեռ քիչ է, հիմա նման մեծ պատասխանատվություն չենք վերցնի մեզ վրա: Բայց կգա մի օր, երբ «Եվրատեսիլը» կանցկացվի Երեւանում»,- նշեց նա:
«Արեւիկ» համույթը դեկտեմբերի 16-ին համերգ կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որն ուղիղ եթերով կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը: Համերգին կմասնակցի նաեւ Վրաստանի ներկայացուցիչը, ում երգը, Ա. Ամիրյանի հավաստմամբ` Հայաստանում եւ՝ ոչ միայն, բավական սիրվեց. «Ծրագրում էինք նաեւ, որ Կիպրոսի ներկայացուցիչն էլ գա, որն, ի դեպ, մորական կողմից հայկական ծագում ունի: Բայց նրա գալը չստացվեց»,- ասաց Ա.Ամիրյանը:
Երեկ «Արեւիկ» համույթին հյուրընկալեցին նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ Կրթության ու մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: