Մինչեւ մայի՞ս

13/12/2007

«Կոսովոն Սերբիայից անկախություն ձեռք կբերի մայիսից շատ ավելի վաղ»,- երեկ հայտարարել է Կոսովոյի կառավարության խոսնակը: «Հարցն այն չէ, թե արդյո՞ք դա տեղի կունենա, հարցն այն է, թե ե՞րբ»,- ասել է Սքենդեր Հուսեյնին: Միաժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները, բացի մեկից, պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ որոշման: Նախարարը չի ասել, թե որն է այդ միակ երկիրը, սակայն «Ռոյթերսը» պնդում է, որ Կոսովոն ճանաչելու խնդիր ունի Կիպրոսը: Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Կիպրոսում հայտարարել է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը շղթայական ռեակցիա կառաջացնի ինչպես Բալկաններում, այնպես էլ՝ այլ տարածաշրջաններում: