Դեկտեմբերի 8-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը: Բնականաբար, հանրահավաքի առանցքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որը որոշակի կրճատումներով կարող եք կարդալ մեր թերթի մյուս էջերում:
Իսկ հանրահավաքում, բացի Տեր-Պետրոսյանից, ելույթ ունեցան նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանը (ով առաջին նախագահին կոչ արեց «չնահանջել» եւ միայն «հարձակվել»): Ա. Արզումանյանը, փաստելով, որ հասարակությունն այսօր պահանջում է ընդդիմության համախմբում, նշեց, որ համաժողովրդական շարժմանը մշտապես խանգարել է ընդդիմության ոչ միասնական լինելը: Այդ պատճառով էլ նա առաջարկեց նախ մաքրել ընդդիմության ավգյան ախոռները: Դրանց մաքրումը նա սկսեց «քաղաքական վաճառականներից», ովքեր զբաղվում են քաղաքական առեւտրով: Ա. Արզումանյանը հիշեցրեց, որ ԱԺ 2007թ. ընտրությունների ժամանակ առաջինն «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ իրենք միայնակ են մասնակցելու դրանց: Այնուհետեւ նա հիշեցրեց, որ 2003-ին նույն Գեղամյանը ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում չսատարեց Ստեփան Դեմիրճյանին՝ նպաստելով իշխանության վերարտադրությանը: Հիշեցրեց նաեւ, որ Գեղամյանը նույն կերպ վարվեց նաեւ 1998-ին՝ չսատարելով Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը: ԱԳ նախկին նախարարի որակմամբ՝ չարիք է նաեւ փառասիրությունը: Փաստելով, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը պայքարում է ոչ թե ավազակապետության, այլ՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ, Ա. Արզումանյանն ասաց. «Ցավով պիտի նշեմ, որ Վազգեն Մանուկյանը չի կարողանում հոգեբանորեն հասկանալի անձնական զգացմունքներից վեր կանգնել եւ որոշում ընդունել հանուն նոր ժողովրդական շարժման հաղթանակի»: Ամփոփելով իր ելույթը՝ նա ասաց, թե «ինչքան էլ նրանք փորձեն հակաժողովրդական քայլեր անել, միեւնույն է՝ հաղթանակը ժողովրդինն է»: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթի սկզբում նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն որոշ քաղաքական գործիչների համար «քաղաքական լավ առեւտրի» հնարավորություն ընձեռեց: Նա փաստեց, որ ավելի ազնիվ կլիներ, եթե այսօր առաջադրված մի շարք թեկնածուներ ուղղակի բացահայտ պաշտպանեին Սերժ Սարգսյանին: ՀԺԿ նախագահի դիտարկմամբ՝ ՀՀ առաջին նախագահը խախտել է վարչախմբի բոլոր խաղաքարտերը, այդ պատճառով էլ դարձել է իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախը: Փաստելով, որ ՀՀ առաջին նախագահն ընդունում է, որ իր կառավարման տարիներին ինքը որոշ սխալներ է թույլ տվել, Ս. Դեմիրճյանը նկատեց. «Իսկ Հայաստանում ղեկավարող այսօրվա վարչախումբը երբեւէ ընդունե՞լ է իր որեւէ սխալ, երբեւէ հասարակության հետ հաշվի նստե՞լ է»: ՀԺԿ առաջնորդը հայտարարեց, որ գործող իշխանությունները պատասխանատու են «Հոկտեմբերի 27»-ի համար: Նա իշխանություններից պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել «զզվելի, ստոր թռուցիկների հեղինակներին», այլապես, ըստ նրա, իշխանությունները կապացուցեն, որ իրենք են այդ ամենի ետեւում: Իսկ Ս. Դեմիրճյանի նշած թռուցիկների բովանդակությունն իսկապես անցնում էր բոլոր սահմանները: Այդ թռուցիկները տարածվել էին հենց հանրահավաքի օրը: Դրանք տարածվել են բուհերում, անցորդների մեջ ու հարյուրներով թափված էին Ազատության հրապարակի շրջակայքում: Որպեսզի որոշակի պատկերացում կազմեք դրանց հեղինակների մասին, համառոտ ներկայացնենք այդ թռուցիկների բովանդակությունը: Այն «զարգացնում է» «գործիք» բառի մասին Ռոբերտ Քոչարյանի ընկալումներն ու այդ գործում շատ հեռուն է գնում: Թռուցիկում ՀՀ առաջին նախագահը ներկայացվում է որպես «գործիք»: Թռուցիկը ներկայացնում է «գործիքի» օգտագործման կանոններն ու պայմանները: Ցինիզմի անսպառ պաշարով լի սույն թռուցիկում գրել են, օրինակ, որ «սույն գործիքը նպատակահարմար է օգտագործել կյանքում հաջողությունների չհասած, հասարակության մեջ իրենց դերը չգտած, իրենց զոհված հարազատների հեղինակության հաշվին հրապարակ դուրս եկած գործիչների եւ դրանց հավասարեցված անձանց կողմից»: Թռուցիկից միայն այս մեջբերումը բավական է՝ դրա բովանդակության մասին պատկերացում կազմելու համար: Եթե իրավապահ մարմինները սրա հեղինակին կամ հեղինակներին պատասխանատվության ենթարկելու փորձ անգամ չանեն, ապա դրանից, իսկապես, կարելի է որոշակի հետեւություններ անել: Քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում հայրենի իրավապահները սկսել են մեծ ուշադրություն դարձնել հանրապետությունում գործող տպարաններին, որոնք տպագրում կամ կարող են տպագրել ընդդիմադիր բովանդակությամբ որեւէ նյութ: Այսինքն` այդ թռուցիկների տպագրիչներին եւ հեղինակներին բացահայտելն ընդամենը տեխնիկայի խնդիր է: