Երեւանի մամուլի ակումբը երեկ հրապարակել է հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի եթերի մոնիտորինգի արդյունքները: Ըստ այդմ, Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն անաչառ չեն լուսաբանում նախագահության թեկնածուներին: «Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների առավել շատ ուշադրությունը գրաված երկու թեկնածուների «բեւեռային» լուսաբանումն ամբողջությամբ բնորոշ է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքին (Հ1) եւ Հայաստանի հանրային ռադիոյին (ՀՌ)»: Մասնավորապես, վերջինը, որ նախորդ ընտրությունների (2003-ին եւ 2007-ին) լուսաբանման դիտարկումների արդյունքներով նշվում էր իբրեւ առավել հավասարակշիռ ԶԼՄ, այս անգամ անկողմնակալությամբ աչքի չի ընկնում: «Հանրայինի նոյեմբերյան եթերում Լեւոն Տեր-Պետրոսյանի 105 հիշատակումներից 82-ը բացասական էր եւ ոչ մի դրական, իսկ Սերժ Սարգսյանի 110 հիշատակումներից 21-ը դրական էր եւ ոչ մի բացասական»,- ասված է զեկույցում: Դրա հեղինակները փաստում են. «Աշխատանքի նման կերպափոխումը ժամանակային առումով համընկավ նրա ղեկավարության՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները հեռարձակելուց հրաժարվելու հետ»: «Նկարագրված «ընդհանուր կանոնից» բացառություն է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի դրական ու բացասական հիշատակումների հարաբերակցությունը առավել հավասարակշռված է (համապատասխանաբար՝ 5-13 եւ 4-6), եւ երկուսի դեպքում էլ չեզոք հիշատակումները մեծամասնություն են կազմում»:
«Չորս հեռուստաալիքներում հետազոտվող քաղաքական գործիչներից եւս մեկը (վարչապետ Սերժ Սարգսյանը) բարձր տոկոսներ է ստացել. «Արմենիայում»՝ 76,9% (19 քաղաքական գործիչներին հատկացված ողջ եթերաժամանակից), «Շանթում»՝ 48,9%, Հ1-ում՝ 47,2% եւ Հ2-ում՝ 40,8%: Այս եւ մյուս բոլոր ալիքներում, բացի «Երկիր մեդիայից», վարչապետի դրական հիշատակումների քանակը նշանակալիորեն գերազանցել է բացասականներին. Հ1-ում՝ համապատասխանաբար՝ 26 եւ 2, «ԱԼՄ»-ում՝ 17 եւ 2, «Արմենիայում»՝ 11 եւ 0, Հ2-ում՝ 26 եւ 1, «Կենտրոնում»՝ 41 եւ 1, «Շանթում»՝ 16 եւ 2, Հանրային ռադիոյում՝ 21 եւ 0: Այս ցուցանիշները վկայում են, որ նշված հեռարձակվող ԶԼՄ-ները խիստ հազվադեպ են ներկայացնում կառավարող կոալիցիայից նախագահի թեկնածուի հասցեին քննադատական կարծիքներ, ընդդիմադիր քաղաքական եւ այլ հասարակական գործիչների դիտողություններ»,- եզրակացրել են զեկույցի հեղինակները: