«Տեր-Պետրոսյանի շնորհիվ եմ հայտնվել Հայաստանում»,- ասում է գործարար Միխայիլ Բաղդասարովը

13/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մեծ հաշվով ցանկացած երկրում էլ իշխանությունները ցանկության դեպքում կարող են գործարարների համար խնդիրներ առաջացնել,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց գործարար Միխայիլ Բաղդասարովը: -Դրա համար էլ մենք փորձում ենք ընտրել արդար իշխանություններ: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում իշխանությունները խնդիրներ չե՞ն ստեղծում գործարարների համար»:

Բաղդասարովը այս հայտարարությունն արեց` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` շաբաթ օրվա հանրահավաքում հնչեցրած այն կարծիքը, թե Հայաստանի գործարարների «սեփականությունն ու բիզնեսը ապահովագրված չեն իրավական երաշխիքներով, այլ ամբողջովին կախված են իշխանությունների քմահաճույքից»: «Եթե նրանց թվում է, թե իրենք սեփականատեր են, ապա չարաչար սխալվում են: Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց բիզնեսը, թե՛ սեփականությունը,- իր ելույթում հայտարարել էր առաջին նախագահը: -Ուստի, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ միացեք մեր շարքերին»:

Իր այս կոչը Տեր-Պետրոսյանն ուղղել էր մի շարք գործարարների, որոնց թվում էր նաեւ Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս, սակայն, միտք չունի հետեւելու Լ. Տեր-Պետրոսյանի կոչին եւ կարծում է, որ Հայաստանում չկա գործարար, որին իշխանությունները լուրջ խնդրի առաջ կանգնեցրած լինեին: Այդ դեպքում ինչպե՞ս է պարոն Բաղդասարովը բացատրում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություններում Հարկային եւ Ոստիկանության մարմինների կողմից իրականացվող համատարած ստուգումները: Այս հարցին պատասխանելիս Բաղդասարովը համալրեց Հայաստանի քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու գործարարների շարքը, որոնք` արդարանալով, թե տեղյակ չեն այդ խնդրից, խուսափում են Սուքիասյանների ընկերություններում տեղի ունեցող ստուգումների մասին կոնկրետ կարծիք հայտնել: «Բայց ես կարծում եմ, որ եթե Խաչատուր Սուքիասյանը ճիշտ է, ապա նա կապացուցի, որ ճիշտ է»,- պատասխանեց Մ.Բաղդասարովը՝ խուսափելով կոնկրետ գնահատականից: Նշենք, որ ընդհանրապես Մ.Բաղդասարովը խուսափում է լրագրողների հետ հանդիպելուց: Հենց այդ պատճառով էլ երեկ նրան ուղղված հարցերը շատ եւ բազմաբնույթ էին՝ սկսած Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց՝ մինչեւ «Արմավիա» եւ «Միկա ցեմենտ» գործարանի վճարած ու չվճարած հարկերը: Եվ այսպես, ո՞ւմ կսատարի գործարարը նախագահական ընտրությունների ժամանակ, եթե երկրորդ փուլ դուրս գան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արտաշես Գեղամյանը:

«Հակոբկոխյանին,- սրամտեց պարոն Բաղդասարովը: -Այսինքն՝ հասկացաք, թե ում կսատարեմ: Տեր-Պետրոսյանի ժամանակ իմ բիզնեսը ծաղկում էր: Տեր-Պետրոսյանի շնորհիվ եմ ես հայտնվել Հայաստանում: Եթե Տեր-Պետրոսյանը ընտրվի նախագահ՝ ես իմ բիզնեսը կշարունակեմ, որովհետեւ ես դա չեմ անում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի համար: Ես դա անում եմ ինձ մոտ աշխատող մարդկանց եւ Հայաստանի համար: Ես միշտ կաջակցեմ այն մարդկանց, ովքեր կաջակցեն իմ բիզնեսի զարգացմանը»:

2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Միկա-ցեմենտը» վճարել է մոտ 260 մլն դրամի հարկ, մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում վճարել է մոտ 25 մլն դրամ: Ո՞րն է եղել պատճառը, որ գործարանն այս տարի 10 անգամ ավելի քիչ հարկ է վճարել: Բաղդասարովի ասելով, գործարանը դեռ կվճարի այս տարվա բոլոր հարկերը եւ տարվա կտրվածքով կհասնի 2006թ. մակարդակին, այսինքն` Բաղդասարովը տարվա վերջին եռամսյակում պետք է վճարի 235 մլն դրամ (՞): Վերադառնալով Սուքիասյանների ընկերություններում իրականացվող ստուգումներին, նա չհամաձայնեց, որ դա քաղաքական հաշվեհարդար է այդ գործարարի նկատմամբ: «Հարկայինն ամենուր է,- ասաց Մ. Բաղդասարովը: -«Արմավիայում» ստուգումներ են իրականացրել մոտ 9 ամիս եւ 79 մլն դրամի տուգանք են սահմանել: Բենզինի ոլորտում՝ 7 օր ստուգել են եւ 17 մլն դրամի տուգանք են սահմանել: Ցեմենտում՝ 1 ամիս է, եւ դեռ չեն ավարտել ստուգումները»:

Գործարարը տեղեկացրեց, որ 2008թ. գործարանը կսկսի ցեմենտ մատակարարել նաեւ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման նպատակով կառուցվող օբյեկտների շինարարության համար: «Մենք արդեն ստացել ենք ռուսական կողմից խոշոր պատվեր, որի ծավալը երեք անգամ գերազանցում է գործարանի տարեկան արտադրանքի ծավալը,- երեկ ասաց Մ. Բաղդասարովը: -Մեր ցեմենտը որակյալ է եւ էժան ու, չնայած տրանսպորտային ծախսերին, շարունակում է մնալ մրցունակ»:

Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, որ ընտրություններից հետո զբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը, կամ էլ դառնա ՌԴ-ին պատկանող ձեռնարկությունները միավորող հոլդինգի ղեկավարը: Դրա դիմաց Ռուսաստանը Քոչարյանից նախապես պահանջում է «Արմավիան» եւ Հրազդանի ու Արարատի ցեմենտի գործարանները: Առաջին երկուսը, ինչպես գիտենք, պատկանում են Բաղդասարովին: Մամուլում տպագրված այդ տեղեկություններին ի պատասխան՝ Մ. Բաղդասարովն ասաց. «Ես առաջին անգամ եմ լսում, որ Քոչարյանը բանակցում է «Արմավիան» Ռուսաստանին հանձնելու մասին: Իսկ ինչ վերաբերում է ցեմենտի գործարաններին, մենք մի քանի տենդերներ ենք անցկացրել, բայց որոշել ենք չվաճառել»:

Վերջում Մ. Բաղդասարովն անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից վերջերս 45 մլն դոլարով գնված «A-319» օդանավին, որի արժեքից 15 մլն դոլարը, ըստ պաշտոնական տեղեկատվության, վճարել են իրենց անունները հրապարակել չցանկացող բարերարները: Բացի այն, որ այդ ինքնաթիռը սպասարկելու են Բաղդասարովին պատկանող «Արմավիայի» աշխատակիցները, ըստ որոշ լուրերի, Մ. Բաղդասարովն է այդ անանուն բարերարներից մեկը: Երեկվա ասուլիսում Բաղդասարովը հերքեց, որ ինքը ինքնաթիռը գնելու համար գումար է տվել, բայցեւ հաստատեց, որ ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը վարող օդաչուները եւ բորտուղեկցորդուհիներն «Արմավիայի» աշխատողներն են: