Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երեկ լրագրողներին հայտարարել է, որ ԼՂՀ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլում: «Բայց նախքան այդ հարցը քննարկելը անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ»,- նշել է Ազիմովը եւ հավելել, որ «դրա համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերն անվերապահորեն դուրս բերել ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ապահովել անվտանգությունը, վերականգնել ենթակառուցվածքը եւ ապահովել օրենքների գործողությունը եւ պաշտոնական Բաքվի իշխանությունն այդ տարածքների նկատմամբ»: «Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց եթե միջազգային կազմակերպությունների ջանքերն արդյունք չտան, ապա մենք իրավունք ունենք մեր տարածքների ազատմանը հասնել ցանկացած մեթոդներով»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջերս Մադրիդում ներկայացված առաջարկություններին վերաբերող հարցին՝ Ազիմովն ասել է, որ դրանք պետք է ուսումնասիրվեն փորձագիտական ու քաղաքական մակարդակով: «Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի որեւէ կոնկրետ բան ասել»,- հավելել է նա: «Համանախագահների առաջարկը նրանց անձնական կարծիքն է, որը կարող է չընդունվել, եթե չհամընկնի Ադրբեջանի ազգային շահերին»,- հայտարարել է Ազիմովը: