Նամակ գլխավոր դատախազին

12/12/2007

«Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի փաստաթուղթ է ուղարկել, որը պատրաստել են նրա իրավաբանները: Այն վերաբերելու է Կենտրոն Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որը Ա. Կարապետյանին հնարավորություն չտվեց մասնակցել 2008թ. նախագահական ընտրություններին: Դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի հայցն ընդդեմ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության, որը նրան չէր տրամադրե տեղեկանք 10 տարվա քաղաքացիության վերաբերյալ: «Կուղարկենք իրավաբանների կողմից կազմված փաստաթուղթը, ըստ այդմ, դուք կտեսնեք, որ բոլոր գործող անձինք, որ եղել են այդ որոշման մեջ, իրավաբանորեն կայացած չեն,- «Ա1+»-ին ասել է Ա. Կարապետյանը՝ շարունակելով,- Արդեն ասել եմ ու նորից կասեմ, գիտեի, որ Ռոբերտ Քոչարյանը գիրք չի կարդում, բայց փաստաթո՞ւղթ էլ չի կարդում: Բա ի՞նչ է կարդում»: Այս նամակի հանձնումը պատասխան է Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերին՝ Ա. Կարապետյանի մասին արված հետեւյալ հայտարարության. «2003թ. կար օրինական ուժ ստացած դատավճիռ, որը վերաբերում էր հենց այդ գործչի Հայաստանում ապրելու 10 տարվա ցենզին, ու դրանից հետո այդ վճիռը չբողոքարկվեց ու դրանից հետո անցավ 4 տարի: Ինքը գիտեր եւ կարող էր բողոքարկել, կարող էր դիմել ավելի բարձր ատյաններ, կարող էր ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ վիճակը շտկելու համար: Ես չգիտեմ ինչ վերջնական լուծում կտա դատարանը, բայց դատարանի վճիռը մենք հարգելու ենք բոլոր առումներով: Անկեղծ ասած՝ կցանկանայի, որ նա մասնակցեր` մի քիչ կուրախանայինք»: Գրության մեջ, փաստելով, որ այդ վճիռը բողոքարկման ենթակա չէր, Ա. Կարապետյանը նշում է, թե ինքը մտադիր է բողոքարկել դատարանի վերջին օրերին կայացրած վճիռը, որով մերժվեց իր հայցն ընդդեմ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության: