ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնությունն են ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին: Այդ մասին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք՝ որպես համանախագահներ, առկա հիմնախնդիրները լուծելու համար հանդես ենք եկել լավագույն առաջարկներով: Դրանք տեխնիկական ու դիվանագիտական առումով շատ լուրջ առաջարկներ են: Մենք հանդես ենք եկել այնպիսի առաջարկություններով, որոնք կարելի է արդարացի համարել»,- ասել է ամերիկացի դիվանագետը: «Հուսով ենք, որ երկու ամսվա ընթացքում երկու նախագահները՝ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը, կհամաձայնեն հիմնարար սկզբունքներին եւ ցանկություն կհայտնեն շարունակել բանակցությունները դրանց շուրջ»,- ասել է նա: Բացի այդ, Բրայզան ընդգծել է, որ երկու երկրների նախագահների կողմից առաջարկությունների ընդունվելու դեպքում «համանախագահները կարող են լուրջ տեխնիկական բանակցություններ առաջարկել կողմերի միջեւ պաշտոնական համաձայնության հասնելու համար»: