– Պարո՛ն Գրիգորյան, յուրաքանչյուր ժամանակաշրջանի մասին կարելի է դատել տվյալ շրջանում ստեղծված մշակութային արժեքների որակից: Եթե որոշ ժամանակ անց փորձ արվի ժամանակակից երգարվեստի միջոցո՛վ կարծիք կազմել մեր ժամանակների մասին, ըստ Ձեզ, ի՞նչ եզրակացություն կարելի է անել:
– Շատ վատ եզրակացություններ, որովհետեւ միապաղաղությունը եւ փնթիությունը դոմինանտվել է: Կա անճաշակության մի գիծ, որն, ինձ թվում էր` շուտ կավարտվի, բայց, ավաղ, շարունակվում է: Շատերը սկսել են երգել, պայմանականորեն ասած, անգամ ոչ թե՝ «բաքու», այլ՝ «կիրովաբադ»: Կլկլան, անճաշակ երաժշտության կարոտը ստիպում է երգերի բառերը դարձնել հայերեն ու երգել: Երեւի գենետիկ կարոտ է, չգիտեմ: Այդ երաժշտությունը դարձավ մոդայիկ, եւ մեր երիտասարդ աստղերն իրենց իրավունք վերապահեցին` պրոպագանդել այն: Բացի ինձանից` հիմա դրա դեմ երեւի ոչ մեկը չի պայքարում:
– Դուք ինչպե՞ս եք պայքարում:
– Փակում եմ: Գիտե՛ք, որ Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի անդամ եմ, եւ երբ լսում եմ ինչ-որ բան, որը անճաշակություն է, «Նոր ալիքով» ու Հ1-ով չի հնչում:
– Սակայն, համաձայնեք, որ նման երգերի հեղինակների եւ կատարողների մեծ մասը Երգի պետական թատրոնի շրջանավարտներն են:
– Զարմանալի է, բայց այո: Մեր թատրոնից դուրս եկած բոլոր երգիչները չէ, որ պահպանում են Երգի թատրոնում դրված ավանդույթները: Եվ գուցե մեղադրելի էլ չէ: Շուկան է ստիպում: Կա սերնդափոխություն, որը տեղի է ունենում չորս տարին մեկ, եւ դա իր կանոններն է թելադրում` այդ սերնդին հատուկ ճաշակ, որակ եւ այլն: Եթե այսպես շարունակվի, արդեն ոչ թե մեկ ցիկլ, այլ երկու, երեք ցիկլ կլսեն այս ախմախ երաժշտությունը եւ կկարծեն, թե ճիշտը դա է: Դա՛ է պրոպագանդվում բոլոր հեռուստաալիքներով:
– Դուք ասում եք` պրոպագանդվում է: Այսինքն` կարծում եք, որ դա հատուկ քաղաքականությո՞ւն է, թե՞ անճաշակություն կամ տգիտություն:
– Երկրորդը: Ոչ մի քաղաքականություն չկա: Ամեն հեռուստաընկերություն իրեն իրավունք է վերապահում ունենալ երաժշտական ծրագրեր: Բռնում են, ստուդիայում մի հաղորդավար են նստեցնում, նա էլ տեսահոլովակների ինչ-որ հիթ-շքերթ է կազմակերպում: Անգամ չհասկանալով երգերի ոճային տարբերությունը: Գոնե առանձին ներկայացվեն դասականը, ժողովրդականը, էստրադայինը, էլի՛ տրամաբանական է: Բայց վերցնել ու էստրադայինը ռաբիսի, «կիրովաբադի», անճաշակության հետ խառնե՞լ: Այս դեպքում, իհարկե, այն երգը, որը պետք է գրավի առաջին տեղը, կզբաղեցնի վերջինը, քանի որ SMS քվեարկության արդյունք կա:
– Դուք նշեցիք ցիկլի, սերնդափոխության մասին: Ժամանակին մեր էստրադայում կային այնպիսի վառ անհատականություններ, որոնք նախեւառաջ ունեին պրոֆեսիոնալ կրթություն, ներքին աշխարհ, ձայն, երգը մատուցելու արվեստ: Նրանք բոլորն այսօր արդեն Հայաստանում չեն` Տաթեւիկ Հովհաննիսյան, Էռնա Յուզբաշյան, Զառա Տոնիկյան, վերջերս, ցավոք, ԱՄՆ-ում մահացավ Էլվինա Մակարյանը: Ովքե՞ր եկան փոխարինելու նրանց:
– Չեմ ցանկանում Հայաստանից նրանց հեռանալն ինչ-որ լուրջ պատճառների հետ կապել: Յուրաքանչյուրն ուներ իր անձնական կյանքը, բնակվելու իր նախընտրելի վայրը եւ այլն: Հիմա էլ ունենք լավ երգիչներ, որոնք չեն դավաճանում ճաշակին, իրենց կոչմանը. ոչ բոլորն են «կիրովաբադով» զբաղված:
– Թե՛ Երգի թատրոնից, թե՛ այլ դպրոցներից դուրս եկած երիտասարդ երգչուհիները հատկապես շատ կենտրոնացած են իրենց արտաքինի վրա, եւ վառ անհատականությունը շփոթում են վառ շպարի, մեծ բացվածքների հետ: Նրանք պիտի որ լսած լինեն տաղանդավոր անհատականությունների մասին, որոնք այժմ էլ դասական են համարվում, օրինակ` Արետա Ֆրանկլինը, Էլլա Ֆիցջերալդը, Էդիտ Պիաֆը, Բարբարա Սթրեյզենդը եւ շատ-շատերը գեղեցկուհիներ չէին, սակայն իրենց տաղանդով վերցնում էին միլիոնավոր մարդկանց:
– Թատրոնում աշխատում եմ 18-20 տարեկան մեներգչուհիների հետ, որոնց ճակատագիրը երկու-երեք տարի անց, ես չգիտեմ` ինչպես կդասավորվի: Ես ուղղակի հասկացա, որ չորս տարի նրանց պետք է սովորեցնեմ ճաշակ, հետո թողնեմ կյանք: Մեզ մոտ էլ կան վառ անհատականություններ: Նրանք էլ, ձեր թված երգչուհիների նման, գուցե ոչ այնքան բարետես են, բայց չտեսնված տաղանդավոր: Այսօր, դուք էլ գիտեք, երգ ստեղծելու, տեսահոլովակ նկարահանելու համար մեծ գումար է պետք: Հովանավորը տգեղին փող չի տալիս, գեղեցիկին է տալիս: Պրոդյուսերներն ավելի շատ աշխատում են գեղեցիկների հետ:
– Գեղեցիկի ընկալումը շատ սուբյեկտիվ է. անտաղանդ երգիչ-երգչուհիներն անհետաքրքիր են, անգամ եթե անթերի արտաքին ունեն:
– Հայ ժողովրդի մոտ չափի զգացողությունը մաշվել է: Եվ ոչ միայն երաժշտության ասպարեզում: Այդքա՜ն ավանդույթներով ազգ ենք, եւ այսօր չկա չափ հագուստի, շպարի, դաստիարակության: Ինչի՞ մասին ենք խոսում, երբ կարմիր լույսի տակ կանգնելու կուլտուրա չունենք:
– Խոսեցիք չափի մասին: Մեր էստրադայի աստղերը, բացի այն, որ երգում են, սկսել են նաեւ զվարճացնել հասարակությանը: Նրանք չեն վախենում անգամ ծիծաղելի երեւալուց. էկրանին հայտնվելու համար պատրաստ են ամեն անհեթեթության: «Երկու աստղ», «Պարում են աստղերը» ու այլ, ներեցեք, տափակ հաղորդաշարերում ներգրավված են կարծես բոլորը` առանց տարիքային սահմանափակման:
– Սրտովս եք խոսում, գիտե՞ք: Ի՞նչ է նշանակում` դուրս գալ բեմ, անորակ երգել, միայն թե պրոյեկտում լինել: Ես դա չեմ հասկանում: Ես ինքս այդ «Երկու աստղը» չեմ նայում: Ինքը` պրոյեկտը, շվեդական է, բայց, արի ու տես, որ մեզ մոտ դա կրկեսի պես մի բան է դարձել. ով կլինի ավելի ծիծաղելի, ով` ավելի ռաբիս, ավելի անճաշակ: SMS-ներն էլ եթե գումարենք այդ ամենին, կստանանք այն, ինչ կստանանք: Երբ ես մեր երգիչներին ասում եմ` դա լավ չէ, ծիծաղելի է, որտեղից ուր հասաք, ասում են` դու հետ ես մնացել: Էսօր սա է պետք, էսօր ա՛յդ ծրագիրը ռեյտինգ ունի: Հետո՞ ինչ, որ ռեյտինգ ունի: Բա ո՞ւր մնաց ազգը դաստիարակելու հարցը, այդ երգիչների ներքինը հասկանալու հարցը: Գիտե՞ք, մեկը մեկից հետաքրքիր ներաշխարհ ունի:
– Իրո՞ք:
– Եվ այդ փչանալու սինդրոմը կբերի նրան, որ նման պրոյեկտներից հետո մի լուրջ երգ տաս երգելու, իրենք լուրջ չեն ընկալվի: Փառք Աստծո, կա՛ն, է՛լի. Անուշ եւ Ինգա Արշակյանները: Էդ երեխեքին ոչ մի բան չկպավ: Ինչքան մաքուր կային, նույնքան էլ մաքուր շարունակում են իրենց արվեստը: Վերցնենք Տիգրան Պետրոսյանին: Նա եւս իր որակին չդավաճանեց:
– Երաժշտությունից բացի, բավական զվարճալի են նաեւ երգերի բառերը: Վերջերս մի երգ հնչեց` «Շուրթիդ համը» վերնագրով: Մեր աստղերի երգերի թեմատիկան, պատկերավոր ասած, «շուրթի համի» շրջակայքում է, մինչդեռ այնքան լավ օրինակներ կան. օրինակ` եվրոպական, արեւմտյան երգիչների, ռոք խմբերի թեմատիկան շատ լայն է` պայքար պատերազմների, սովի, աղքատության, ՁԻԱՀ-ի դեմ եւ այլն:
– Այն, ինչի մասին ասում եք, սարսափելի է, իհարկե: Ես իմ մասին կարող եմ ասել: Վերջերս գրել եմ մի երգ` նվիրված բնության պահպանմանը: Ես գրում եմ երգեր, բայց սուսուփուս: Եթե ես գրում եմ երգ բանակի մասին, ես չեմ գրում այնպիսի երգ, որ միայն գեներալները հրճվեն. գրում եմ զինվորի համար, որ երգից «պարտյանկայի», «կազարմայի» հոտ գա: Հայրենիքի, սիրո մասին, շինծու երգեր պետք չէ գրել: Երբ գրել եմ «Արցախ» երգը, ինձ ոչ ոք չի պատվիրել: Ես դա գրել եմ, որովհետեւ արցախցի եմ եւ ցանկացել եմ գրել: Հիշո՞ւմ եք «Հայաստան իմ չքնաղ» երգը: Ես դա գրել էի «Ղարաբաղ իմ չքնաղ», բայց ինձ կանչեցին ԿԳԲ ու ասացին` տղա ջան, ի՞նչ Ղարաբաղ: Դա 1979 թիվն էր: Դարձավ Հայաստան: Ձեր նշած տեքստերն աբսուրդ են: Հեղինակներից մեկը մի լավ երգ է լսել եւ ասել, որ դա չի դառնա հիթ, քանի որ կրկներգը անփողաբեր է: Դե տեսեք` ուր է հասել: Երգերը վաճառվում են պոռնիկի պես` որն է փողաբեր, որը` ոչ: Ես երգ չեմ վաճառել եւ երբեք չեմ վաճառի: Ամիսը տասը երգ վաճառես` փողաբեր կրկներգով, դա երգ չէ, պոլուֆաբրիկատ է` անճաշակ, անհամ, բայց գեղեցիկ փաթեթավորմամբ:
– Նախընտրական փուլ է, եւ ինչպես բոլոր ընտրություններից առաջ, նոմենկլատուրային աստղերը դարձյալ կսկսեն իշխանության թեկնածուի քարոզարշավը «ծաղկեցնելու» գործը:
– Երեւանից դուրս գորշ կյանք է: Եվ այդ համերգներից շահում է ժողովուրդը: Ժողովուրդը թող որոշի` գալիս է լսելու Շուշան Պետրոսյանի՞ ձայնը, թե՞ կողմնորոշվելու այս կամ այն թեկնածուի օգտին: Կան երգիչ-երգչուհիներ, որոնք հասկանում են, որ Հանրապետական կուսակցությունն այն կուսակցությունն է, որի համար արժե երգել: Կան երգիչներ, որոնք գնում են երգելու հոնորարի համար: Կան երգիչներ, որոնք այլ կուսակցությունների համար են երգում: Օրինակ` Ռուբեն Հախվերդյանը միշտ երգել է Դաշնակցության օգտին:
– Դուք չեք թաքցնում, որ Ձեզ համար նախապատվելին Հանրապետական կուսակցությունն է, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանը: Եթե նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմության թեկնածուն, Դուք ավտոմատ դառնալու եք ընդդիմադիր արվեստագետ: Այդ ժամանակ Ձեր քաղաքացիական դիրքորոշումը կարտահայտվի՞ Ձեր ստեղծագործություններում:
– Ոչ, ես նորից կմնամ հայ եւ կաշխատեմ: Ես հաստատ կդառնամ ընդդիմադիր: Սակայն ես այն ստեղծագործողներից չեմ, որ չորս տարին մեկ փոխեմ որակս` որպես երաժիշտ, կամ փոխեմ երաժշտությանս ինտոնացիան: Ես գրում եմ սոուլ երաժշտություն, գրում եմ հոգու երաժշտություն, եւ չի կարող ինչ-որ բան խանգարել դրան: