Օրերս ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միության հրավերով Արցախ
էին ժամանել Հայաստանի ՀՅԴ ԳՄ անդամներ՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության
նախագահ Լեւոն Մկրտչյանը: Առաջին օրը նրանք հանդիպել են դաշնակցականների,
հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան Ղարաբաղյան հարցի կարգավորման
գործընթացում ունեցած հաջողություններին ու ձախողումներին, վերջերս ՀՀ
Ազգային ժողովում անցկացված լսումների արդյունքներին: Բանակցային
գործընթացում հետագա հաջողությունների համար, ՀՀ ԱԺ Արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կարծիքով, հայկական կողմը պետք
է ունենա Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ամբողջական հայեցակարգ:
Արմեն Ռուստամյանի խոսքերով, հայեցակարգում հստակ պետք է նշված լինեն
սկզբունքները, նպատակները եւ մարտավարությունները: Ղարաբաղյան հարցի
կարգավորման ընթացքում հնարավոր զիջումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝
Ա. Ռուստամյանը նշեց, որ, իհարկե, հարցը պետք է լուծվի փոխզիջումներով,
հնարավոր է, ոչ տարածքային, բայց հայկական կողմն արդեն արել է բավականին
շատ զիջումներ` կնքելով զինադադարի մասին պայմանագիր, ինչպես նաեւ`
չճանաչելով ԼՂՀ անկախությունը: Հանդիպմանը հաջորդեց Ստեփանակերտում
անցկացված սեմինարը` «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային
քաղաքականության ենթատեքստում» թեմայով, որին մասնակցում էին
մայրաքաղաքում գործող երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Արմեն
Ռուստամյանը՝ անդրադառնալով վերջին ժամանակներս Իլհամ Ալիեւի ռազմատենչ
հայտարարություններին ու Ադրբեջանի կողմից բացառվող փոխզիջումներին, նշեց,
որ հայկական կողմը նման փաստերը պետք է հավաքի ու ներկայացնի Եվրոպայի
խորհուրդ, որը չի կարող դրան չարձագանքել, քանի որ Ադրբեջանն ուղղակի
ոտնահարում է միջազգային նորմերը: Խոսքը միջազգային փաստաթղթերում
ամրագրված՝ ազգամիջյան թշնամանքի եւ ռազմատենչ կոչերի անթույլատրելիության
մասին է: Այսօրվա երիտասարդը ծնվել է անկախ Ղարաբաղի Հանրապետությունում,
եւ անկախության հարցը, բնականաբար, քննարկման առարկա չի դարձնում:
Ժամանակը աշխատում է հայ ժողովրդի օգտին, եւ այս իրավիճակը պահպանելով՝
մենք կհասնենք խնդրի լուծմանը: Այս մասին սեմինարի ընթացքում նշել է ՀՀ Աժ
ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը: Նա միաժամանակ նկատել է, որ
տարածաշրջանի կայունությունը կարեւոր է մի շարք գերտերությունների համար`
ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա եւ այլն: Կարեւորելով աշխարհում որոշիչ դեր
ունեցող երկրի` Միացյալ Նահանգների հետ ունեցած Հայաստանի
հարաբերությունները, նա փաստեց, որ դրանք այնքան էլ վատ չեն: «Չպետք է
մոռանալ, որ ԱՄՆ Կոնգրեսում առանձին տողով է նշված Ղարաբաղին օգնություն
ցուցաբերելու հարցը: Այսօր մենք գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ
չենք կարող թույլ տալ մեզ ասել, որ այս կամ այն երկիրը մեր բարեկամն է»,-
ասել է Լ. Մկրտչյանը: Սակայն նա նշեց, որ անկախ ԱՄՆ-ի՝ Իրանի հետ
հարաբերություններից՝ մենք չենք կարող մոռանալ այն կարեւոր օգնությունը,
որ Իրանը ցուցաբերել է Հայաստանին՝ շրջափակման տարիներին: