Ամեն ինչ սկսվեց Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի աշխատասենյակից,
6 ամիս առաջ: Էջմիածին քաղաքը պետք է ունենա թատրոն:
Իր թատերական գործունեությունն արդեն իսկ Ջուղայում իրականացնող էջմիածինցի ռեժիսոր Գրիգոր Ամյանին վստահվեց այդ պատասխանատու գործը, իսկ այն կանխատեսում էր հավաքագրել թատերախումբ բացառապես տեղական ուժերով ու միջոցներով: «Բարեբախտաբար, դերասանները չեն ընտրվել ու չեն հրավիրվել, նույնիսկ մեծ հայտարարություններ չեն եղել, ընդամենը եղել է ցանկություն՝ քաղաքում մշակութային կյանքն աշխուժացնելու, եւ երիտասարդներն, ովքեր համախմբվել են այսօր արվեստի այս ժանրի շուրջ, բացառապես էնտուզիաստներ են,- նշում է թատրոնի ռեժիսորը,- Ես ինքս ինձ էլ էի ուզում ստուգել` արդյո՞ք ճիշտ է, որ մեր այսօրվա իրականության մեջ երիտասարդներն այդքան անտարբեր են ամեն ինչի նկատմամբ: Շատ էին ինձ ասում, որ եթե չվճարես, ոչ ոք չի մնա, մի՞թե հնարավոր չէ ինչ-որ բան փրկել»: Ռեժիսորի սպասումներն արդարացան, դեռ ավելին. շաբաթական երկու անգամ նշանակված փորձերն իրենք` դերակատարները, հասցրեցին չորսի, ու մեկ օր էլ առանց բեմադրիչի էին հավաքվում, փորձում ու քննարկում տարբեր տեսարաններում իրենց միզանսցենները:
«Ես ինձ ապացուցեցի եւ շատ-շատերին, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, հրաշալի ժողովուրդ, որը ծնում է այսպիսի երիտասարդներ, որ այսօր նրանք կառչած են իրենց հողին, ուզում են իրենց տեղում իրենք ստեղծել, կայանալ, աշխատել, ամրացնել, ծաղկեցնել: Մեր երկիրը, որ այսօր դեպի զարգացում է գնում, այս երիտասարդները եկան ասելու, որ մենք դրա մասնակիցներն ենք եւ դրա շարունակողը»,- անկեղծանում է Գրիգոր Ամյանը:
Անփորձ դերակատարների հետ աշխատելիս ռեժիսորը չի նշում որեւէ բարդություն կամ դժվարություն, դեռ ավելին` փաստում է, որ թե՛ արհեստավարժ եւ թե՛ սկսնակ դերասանների հետ գրեթե նույն աշխատանքն է տարվում: Պրոֆեսիոնալին պրոֆեսիոնալի պահանջներով ես մոտենում, նորից ավելին քաշելու, իսկ սկսնակին հարկավոր է սկսնակությունից դուրս բերել եւ ճիշտ ճանապարհը ցույց տալ: Պրոֆեսիոնալը, չնայած հեշտ է ընկալում, բայց այդ ընկալման մեջ բեմադրիչը, այնուամենայնիվ, տեսնում է իր մտահղացման պակասը: Սկսնակների մոտ, միզանսցենային փորձերին անցնելիս, ֆիզիկական շարժումներն անմիջապես առաջացնում են բարդույթներ` մի օր ձեռքերն է խանգարում, մի օր՝ ոտքերը, մարմինը, կանգնելու ձեւը, նույնիսկ կոշիկները: Եթե խոսքը հոգուց չի գալիս եւ խորքային ձայնով, եթե նա չի ընկալում կերպարն ու վերարտադրում իր հոգու խորքից, ապա մարմինը մնում է երրորդ պլանում եւ կերպարի հետ չի սինթեզվում: Այն, ինչ հարկավոր է ընկալել սկսնակին, պարզաբանում է բեմադրիչը: Իսկ այդ աճը թատերախմբում, ըստ նրա, ակնառու էր:
Առաջին բեմադրության համար ընտրվել էր Ազատ Շահինյանի «Թող ղողանջեն զանգերը» պիեսը: Գործողությունները կատարվում են կալանավայրում: Գլխավոր հերոսը մահվան դատապարտված մի դաշնակցական է, ով իր կյանքի վերջին օրերին սիրահարվում է բանտի հիվանդանոցում աշխատող մի աղջկա: Չնայած պատմությունը 20-ական թվականների է, սակայն այն ասելիք ունի բոլոր ժամանակներում: Բեմադրիչը նախ նշեց, որ պիեսն ընտրվել է հենց դերակատարների ցանկությամբ, քանի որ հերոսներն ավելի վառ կերպարներ ունեն. «բացի այդ, Ազատ Շահինյանի այս ստեղծագործությունը շատ խորամանկ է գրված, այստեղ բախվում են երկու գաղափարներ: Առաջին Հանրապետության կայացումն ու փլուզումը, եթե ոչ համեմատական է մեր վերջին տարիների իրադարձություններին, ապա, այնուամենայնիվ, մեր ժողովուրդն ապրել է դա, իսկ պիեսում չկան կոնկրետ քաղաքական ուժեր, անուններ, կան միայն կերպարների անվանումներ ու ճակատագրեր` բանտարկյալ, բանտապետ, երիտասարդ կին, աղջիկ, բժիշկ: Վերջապես, մեր օրերում էլ, անկախության ձեռքբերման ճանապարհին, առկա էին այդ նույն բախումներն ու ճակատագրերը»: Բանաստեղծ Հովիկ Հովեյանը պատմությունն այլեւս չի համարում 20-ական թվականների, քանի որ կային որոշակի վերախմբագրումներ. «Կար երկու հակամետ ուժերի, մարդկային բարոյական, զգացմունքային, արժեքային համակարգերի, չարի ու բարու, լույսի ու ստվերի, մարդկային երջանկության ու դժբախտության հակամարտությունը: Պատկերացրեք, որ պիեսը չէր կորցրել իր արդիականությունը, դրամատուրգիական կոնցեպտուալ կարողությունը»,- նշեց նա ու ավելացրեց, որ ներկայացումը սպասվածից ավելին էր: Գլխավոր փորձից առաջ ռեժիսոր Գ. Ամյանն իր վերջին ցուցումներն է տալիս ու հավելում, որ դահլիճի դատարկ նստարաններին լինելու է հանդիսատես, որն արձագանքելու է այն ամենին, ինչ կատարվում է բեմում: Նորաստեղծ թատերախմբի անդրանիկ ներկայացման պրեմիերան կայացավ հանդիսականներով լի դահլիճում, իսկ մարդիկ, ովքեր կանգնած են այս նախաձեռնության հիմքում, ընդամենը փաստում են. «Երբ խոսքը գնում է արվեստից, պետք է մտածել հոգեւոր արժեքների մասին, որի լավագույն արձագանքը ժողովրդի կողմից այսօր տեսանք, իսկ ծախսերի մասին պետք չէ մտածել»՝ ինչպես իր ելույթում նշեց Էջմիածնի փոխքաղաքապետը: