Շուշին սպասում է մեզ

12/12/2007

«Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական ներդրումային հիմնադրամը գործում է շուրջ մեկ ու կես տարի։ Անցած ժամանակահատվածի ընթացքում Հիմնադրամն իրագործել է շինարարական, սոցիալական, կրթական եւ մշակութային բնույթի բազմաթիվ ծրագրեր։ Ամերիկյան բարձրակարգ մասնագետների կողմից մշակվել է Շուշիի նոր գլխավոր հատակագիծը, որը լավագույնս համադրում է պատմական նկարագրի պահպանումը եւ նոր կառուցապատումը։ Քաղաքում գործում է ԼՂՀ միակ կինոթատրոնը՝ զինված ժամանակակից տեխնիկայով, կառուցված եւ ակտիվ գործունեություն է սկսում Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը, մասնակի ամրացված է հանրահայտ բերդապարիսպը, մասնավորապես՝ Ջրեբերդի դարպասը, սկսվում է պատմական «Կանաչ» դեղատան վերականգնումը։ Քաղաքը նկատելիորեն մաքուր է դարձել, անցկացվել է պատմական մի շարք կառույցների ճարտարապետական չափագրություն, պատրաստվել են սպասարկման ոլորտի կադրեր՝ Հիմնադրամի հաշվարկներով արդեն հաջորդ տարի Շուշիում կսկսվի զբոսաշրջության եռուզեռ։ Քաղաքը ձեռք է բերել խորհրդանիշեր. զինանշան, որի վրա պատկերված է բերդապարիսպը եւ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցու զանգակատան ճակատին տեղադրված Արցախի Պահապան Հրեշտակը, ինչպես նաեւ՝ դրոշ եւ օրհներգ։

Սակայն Շուշիի լիարժեք վերածննդի համար պահանջվում է ոչ միայն ժամանակ, այլեւ համայն հայության համատեղ ջանքերը։ Հաջորդ տարի Հիմնադրամը կսկսի ծավալուն նախագծի իրագործում, որը թույլ կտա լուծել Շուշիի բնակչության ջրամատակարարման եւ կոյուղու մշտական խնդիրը։ Նախապատրաստվում է Շուշիում ժամանակակից տպագրատան հիմնադրման նախագիծ, մեծածավալ շինարարության համար կհիմնադրվի շինարարական ընկերություն, որը կապահովի քաղաքի պատմական նկարագրին հատուկ շինանյութի արտադրություն, ինչպես նաեւ կվերածնի ավանդական տեխնոլոգիաները, ինչը թույլ կտա շինարարությունն ու վերակառուցումն իրականացնել՝ հաշվի առնելով Շուշիի ճարտարապետական առանձնահատկությունները։

Այնուամենայնիվ, Հիմնադրամի ղեկավարությունը գիտակցում է, որ անհնարին է Շուշին վերածնել միայն բարեգործական նախագծերով. անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ։ Քաղաքում ստեղծվում է առանձնահատուկ ներդրումային մթնոլորտ, որը ենթադրում է արտոնյալ հարկային դաշտ եւ ներդրումային միջոցների պաշտպանության օրենսդրական երաշխիքներ։ «Շուշի վերածնունդ» հիմնադրամը մշակել է Շուշիի պատմական շենքերի վերակառուցման եւ դրանցում ժամանակակից հանրային, զբոսաշրջության եւ առողջարանային օբյեկտներ տեղավորելու մի շարք ներդրումային նախագծեր։ Դրանց մի մասն արդեն արժանացել են մեր հայրենակիցների ուշադրությանը, մյուսները դեռ սպասում են ներդրողի։ Այդ նախագծերի իրականացումը թույլ կտա Շուշին դարձնել տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն, որն առաջարկում է ինչպես առողջարանային, այնպես էլ ժամանցային բնույթի յուրահատուկ համալիր։ Հին տոմարով Սուրբ Ծննդյանը՝ 2008թ. հունվարի 18-ին, Շուշին կկապվի Երեւանի, Մոսկվայի, Բեթղեհեմի եւ ողջ աշխարհի հայրենակիցների հետ՝ հեռուստակամրջի միջոցով, որը բոլորիս կհիշեցնի Սուրբ Ծննդյան տոնի վեհ իմաստի մասին, կպարգեւի ազգի միասնության եւ հայ ժողովրդի անգին պատմամշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության զգացողություն, որի փոքրիկ, բայց չքնաղ մասնիկն է միակ պահպանված հայկական բերդաքաղաքը՝ մեր Շուշին

«Շուշի վերածնունդ» հիմնադրամի հանրային կապերի բաժին