Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայրենի իշխանությունները դիտորդներ չեն հրավիրել եւ չեն հրավիրելու:
Այս մասին երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրահամ Բախչագուլյանը: Նա երեկ տեղեկացրեց նաեւ, որ ԿԸՀ-ն դեռեւս նույնիսկ կարճաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ չի հրավիրել, սակայն վստահեցրեց, որ կարճաժամկետ առաքելության համար դիտորդներ, այնուամենայնիվ, կհրավիրվեն: Իսկ ինչո՞ւ չեն հրավիրվել երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ դիտորդներ: Պարզվում է՝ այս դեպքում, ոչ թե նրանք պետք է հրավերի սպասեին, այլ հենց դիտորդական կազմակերպությունները պետք է դիմեին ԿԸՀ-ին ու տեղեկացնեին, որ իրենք ցանկություն ունեն նման առաքելություն իրականացնել, ԿԸՀ-ն էլ մտածեր՝ թույլ տալ, թե ոչ: Համենայն դեպս, այս էր Ա. Բախչագուլյանի ասածը: «Նման հայտ ԿԸՀ-ն համագործակցող կազմակերպություններից չի ստացել, որոնք ցանկություն են հայտնել երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել: Այսինքն՝ մնում է կարճաժամկետը, որը, ըստ ԿԸՀ-ի կազմած ժամանակացույցի, նիստում ընդունած որոշմամբ, կընդունենք այն կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում ենք: Այսինքն՝ մենք որպես հրավիրող կողմ, հրավիրում ենք այն մարդկանց, ում ճանաչում ենք»,- նշեց ԿԸՀ քարտուղարը: Վերջինս երեկ բավականին մանրամասն պատմեց, թե Ընտրական օրենսգիրքն ինչ հնարավորություններ է տալիս հաշմանդամներին քվեարկությանը մասնակցելու համար: Ասաց նաեւ, որ այդ փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքում նշվել է, որ նախագահի թեկնածուները երկու անգամ են իրենց հիմնադրամի մուտքերի ու ելքերի մասին հաշվետվություն ներկայացնելու ԿԸՀ-ին, առաջինը՝ քարոզարշավի մեկնարկի 10-րդ օրը, երկրորդը՝ ընտրությունից հետո՝ 6-րդ օրը: Սա, ըստ Ա. Բախչագուլյանի, արվել է թեկնածուների ծախսերի գործընթացը թափանցիկ դարձնելու նպատակով, սակայն թերեւս գաղտնիք չէ, որ որոշ թեկնածուներ միշտ էլ մի քանի անգամ ավելի գումար են ծախսում նախընտրական քարոզչության ժամանակ, քան օրենքով սահմանված առավելագույնը, որը տվյալ դեպքում 70 միլիոն դրամ է:
Թերեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ որոշ թեկնածուներ արդեն վաղուց սկսել են իրենց քարոզարշավն ու մրցակիցների նկատմամբ հակաքարոզչությունը: Հեռուստատեսություններն արդեն մի քանի ամիս զբաղված են նախագահի՝ իշխանական թեկնածուին գովերգելով ու նրա հիմնական մրցակցին սեւացնելով: Ի՞նչ է արել կամ գուցե հետագայում անելու ԿԸՀ-ն այս անհավասար պայմանները վերացնելու համար: Իսկ եթե ԸՕ-ն այդ հարցերը չի կարգավորում, ԿԸՀ-ն հետագայում դրանք կարգավորելու համար ի՞նչ առաջարկներ է անելու օրենսդիրներին: Մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով հնչած այս հարցերին Ա. Բախչագուլյանը պատասխանում էր նույն կերպ. «Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների գրանցման համար նախատեսված ժամկետի գրանցման հաջորդ օրը եւ ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Նախընտրական քարոզչությունը ենթադրում է թեկնածուների առկայություն: Այսօր մենք չունենք գրանցված թեկնածուներ, ունենք առաջադրված ինը ՀՀ քաղաքացիներ»: Լրագրողների հարցին, թե վարչապետն ակտիվ հանդիպումներ է ունենում, ամբողջ օրը հեռուստաընկերությունները զբաղված են դրանք լուսաբանելով…, սա քարոզչություն չէ՞, բանախոսը պատասխանեց. «Այդ քարոզչությունը կատարվում է ոչ թեկնածուների կողմից, որովհետեւ թեկնածուներ ի հայտ են գալիս միայն նախընտրական քարոզչության ժամանակ, բայց այսօր չունենք գրանցված թեկնածուներ»: Այնուհետեւ ԿԸՀ քարտուղարն ամենայն լրջությամբ վստահեցրեց, որ «բոլոր թեկնածուներն ունեն հավասար հնարավորություն: Բոլոր ԶԼՄ-ները պարտավոր են թեկնածուներին տրամադրել հավասար եթերաժամ»: Բավականին ուշագրավ էր նաեւ այն, թե ինչպես է պատրաստվում ԿԸՀ-ն առաջիկա ընտրություններին: Ինչպես մամուլում նշվել է, նախորդ ընտրության ժամանակ ԿԸՀ շենքում բավականին պարեն էր պահեստավորվել, որ եթե հանկարծ ընտրակեղծիքների դեմ բողոքող քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտեին ԿԸՀ շենքը շրջափակելով, ինչպես դա եղավ 2003 թվականի նախագահական ընտրության առաջին փուլից հետո, ԿԸՀ անդամները սոված չմնան: Ներքաղաքական զարգացումները հուշում են, որ այս անգամ եւս ԿԸՀ-ի շրջափակման հեռանկարը բավականին իրատեսական է: ԿԸՀ-ն արդեն սկսե՞լ է սննդի պահեստավորումը: Այս հարցին պատասխանելիս՝ Ա. Բախչագուլյանը նախ նշեց, թե նախորդ անգամ պարենի որեւէ պահեստավորում ԿԸՀ շենքում չի եղել, ու բոլորի համար ԿԸՀ մուտքն ազատ է եղել, ապա, թե` այս անգամ եւս «բոլորին հյութ կհյուրասիրենք, թեյ կհյուրասիրենք»: