«Կոսովոյի անկախությունն անխուսափելի է»,- հայտարարել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարիի տեղակալ Ալբերտ Ռոհանը: Ավստրիական թերթերից մեկում հրապարակված հարցազրույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պնդում է, թե Կոսովոյի ալբանացիներին պետության կարգավիճակի տրամադրումը խնդրի կարգավորման միակ իրական տարբերակն է: «Որեւէ մեկը չի կարող կանխարգելել Կոսովոյի անկախացումը»,- ասել է նա եւ նշել, որ ամիսներ առաջ Մ.Ահտիսաարիի կողմից սերբերին ու ալբանացիներին առաջարկված լուծումը փոխզիջումային էր եւ հավասարակշռված: ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մ. Ահտիսաարին առաջարկում էր Կոսովոյին շնորհել միջազգայնորեն վերահսկվող անկախություն, ինչը, սակայն, տապալվեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Սերբիայի դաշնակից ՌԴ որդեգրած կարծր դիրքորոշման պատճառով: