ԱԺ վերջին ճեպազրույցին երեկ մասնակցում էին ընդամենը երեք խմբակցությունների ներկայացուցիչներ` ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից եւ «Ժառանգությունից»: Եվ եթե «Օրինաց երկիր» խմբակցությունն արդեն քանի ամիս բոյկոտում է ԱԺ ճեպազրույցներն ու հրաժարվում է ընդհանրապես օգտվել հասարակության հետ շփվելու նույնիսկ այս առիթից, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դեպքում նույնն ասել չենք կարող:
Թեեւ նոյեմբերի 30-ին հրավիրված ՀՅԴ Գերագույն ժողովի արտահերթ նիստի օրը լրագրողների հետ զրույցում արդեն նախագահի թեկնածու հռչակված Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ թեկնածուին, այսինքն` իրեն, քաղաքական մի շարք ուժեր են սատարելու` խոստանալով ավելի ուշ հայտարարել նրանց անունները, երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն կոնկրետ այդ ուղղությամբ «արտառոց ջանք» չի գործադրում: Նաեւ ասաց, որ ՀՅԴ-ին ոչ թե ինչ-որ ուժերի աջակցությունն է հարկավոր, այլ` ժողովրդի: Հարցին, թե ի՞նչ է անում ՀՅԴ-ն դեռեւս չկողմնորոշված «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա ընտրազանգվածին իր թեկնածուի կողմը գրավելու համար,
Հ. Կարապետյանը պատասխանեց. «Մենք բավական կայացած ուժ ենք, բայց նրանք, ովքեր կցանկանան մեր կողքին լինել` կիսելով մեր գաղափարախոսությունը, սկզբունքները, մոտեցումները, մենք միայն ու միայն կողջունենք: Այդ թվում եւ՝ «Ժառանգություն» կուսակցությանը»: ՀՅԴ-ի հույսը, ըստ Հ. Կարապետյանի` առաջին հերթին՝ ժողովուրդն է, երկրորդ հերթին` այն քաղաքական ուժերը, որոնց գործունեությունը բխում է ազգային պետական շահերից: «Վաղը, թե ովքեր կհայտարարեն մեզ միանալու մասին, ես կարծում եմ` դուք կիմանաք»,- ասաց Հրայր Կարապետյանը: Ինչ վերաբերում է կոալիցիայի հետ ՀՅԴ կնքած համագործակցության համաձայնագրին, մասնավորապես նրան, թե որ դեպքում ՀՅԴ-ն կհամաձայնի այն երկարաձգել, Հ. Կարապետյանն ասաց, որ դա կախված կլինի նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, թե անկախ ամեն ինչից՝ ՀՅԴ-ն միշտ էլ համագործակցելու է ՀՀԿ-ի հետ, կարելի է ասել, որ կոալիցիոն հուշագիրը ՀՅԴ-ն կերկարաձգի, եթե ՀՀ նախագահ դառնա ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ նախագահի ընտրությունը Հայաստանում ամենակարեւոր քաղաքական գործընթացն է լինելու, եւ այդ գործընթացը քաղաքական դաշտում շատ ու շատ ուղղումներ կմտցնի: Երբ այդ ուղղումները կլինեն, դրանից հետո մենք կմտածենք, թե ինչ անենք: Դրանից հետո կմտածենք` ինչ անենք, համաձայնագիր կնքե՞նք, չկնքե՞նք, ընդդիմությու՞ն լիենենք: Հուսով եմ` իշխանություն կլինենք»,- պարզաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ պայմաններն այդ դեպքում թելադրելու է ոչ թե ՀՅԴ-ն, այլ` նախագահական ընտրությունը: Հարցին էլ, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, երբ իշխանությունները հրաժարվեցին «Նոր Ժամանակներ» կուսակցության Արամ Կարապետյանին Հայաստանում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք տրամադրել, այն դեպքում, երբ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետիչին, ով Վոլգոգրադից Հայաստան մշտական բնակության է վերադարձել 2001 թվականից, այդպիսի տեղեկանք տրվեց, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես Տիգրան Կարապետյանի վերջին 10 տարվա գործունեությանն այդպես մանրամասն չեմ հետեւել: Դրա համար կան պատկան մարմիններ, թող հետեւեն` իմանան: Եթե տվել են, ուրեմն` մի բան գիտեն»: Հ. Կարապետյանի ասելով, եթե իրենք կարողանային նման հարցեր կարգավորել, ապա առաջին հերթին դա կանեին իրենց ընկերոջ համար, ով, ըստ Հ. Կարապետյանի` «ավելի լավ նախագահի թեկնածու կլիներ»: «Ճիշտն ասած` մենք էլ այդ խնդիրն ունենք: Մենք ունենք Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան: Երբ մի անգամ մեզ որոշ քաղաքական ուժեր դիմեցին, թե՝ ինչո՞ւ չեք միջնորդում, որ մեզ տրվի 10 տարվա կեցության իրավունք, եւ այլն, մենք ասացինք, որ եթե ունենայինք այդ լիազորությունները, կմիջնորդեինք, որ Հրանտ Մարգարյանն ունենար 10 տարվա կեցության իրավունք, որովհետեւ, ես կարծում եմ, որ ինքն ավելի լավ նախագահի թեկնածու կլիներ»,- ասաց Հրայր Կարապետյանը` փաստորեն կասկածի տակ դնելով Վահան Հովհաննիսյանի հնարավորությունները: «Իսկ ինչո՞վ կարող էր Հրանտ Մարգարյանը Վահան Հովհաննիսյանից լավը լինել» հարցին Հ. Կարապետյանը շփոթված պատասխանեց. «Չէ, ես օրինակի համար ասացի: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Դաշնակցության որոշումը թեկնածուի վերաբերյալ իսկապես արտացոլում է մեր շարքերի եւ համակիրների տրամադրությունը, որ գոյություն ունի, որ նախագահի թեկնածուն, այնուամենայնիվ, Վահան Հովհաննիսյանն է: Բայց օրինակ եմ բերում: Այսինքն` եթե այդպիսի խնդիր լիներ, մենք կարող էինք մտածել, չէ՞, որ Հրանտ Մարգարյանը մի քանի ամիս հետո կարող էր լինել 10 տարվա քաղաքացի: Իսկ եթե Արամ Կարապետյանի, Տիգրան Կարապետյանի վերաբերյալ այդպիսի խնդիրներ կան, թող պատկան մարմինները վերլուծեն եւ տեղեկացնեն»:
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ ՀՀԿ թիմը բավականին «կուռ» է, եւ նրա յուրաքանչյուր անդամ կարող է հասարակությանն ընկալելի ներկայացնել կատարած աշխատանքները: «Ամենամեծ ասելիքն ունի հենց մեր թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը»,- երեկվա ճեպազրույցում հայտարարեց Գ. Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ երեկ եկել էր ասելու, որ իրենց խմբակցությունը նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու որոշում դեռեւս չի կայացրել, եւ, որ իրենք իրենց դիրքորոշումը կարտահայտեն գրանցված բոլոր թեկնածուների ծրագրերն ու մոտեցումներն ուսումնասիրելուց հետո միայն: Այս տեմպերով առաջ գնալու դեպքում, խիստ կասկածում ենք, որ «Ժառանգությունը» դա կհասցնի անել մինչեւ փետրվարի 19-ը: Այնպես որ` բացառված չէ, որ «Ժառանգությունն» այդ մասով իր դիրքորոշումն արտահայտի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Եթե, իհարկե, այն ուշացած չլինի, եւ ամեն ինչ չավարտվի մեկ փուլով: