Բախումն անխուսափելի՞ է

08/12/2007

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում ողջունել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու: Միաժամանակ նա չի կարծում, որ այսօր կա նախագահի այնպիսի թեկնածու, ով ԼՂ հարցում եւ կոռուպցիայի դեմ պայքարում պատրաստ է իրականացնել իր առաջարկած ծրագիրը: Մելիքյանը կարծիք է հայտնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված երկու հզոր բեւեռների բախումն անխուսափելի է լինելու: Նա դեռ չի որոշել, թե ում կսատարի ընտրությունների երկրորդ փուլում, սակայն կարծիք է հայտնել, որ «ընտրությունների ելքը կորոշվի մինչեւ ընտրությունները»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում այսօր քարոզարշավում միմյանց ուղղված մեղադրանքներին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ «գործիք» բառի ընկալումներին, Արամ Կարապետյանի որպես թեկնածու չառաջադրվելը՝ զվարճանքից զրկվել գնահատելուն, եւ այլն: Ի պատասխան այս հարցի, Ա. Մելիքյանը նշել է. «Քոչարյանի հայտարարություններն արդեն «զվարճալի» են, դրանք «հումորի» յուրօրինակ դրսեւորումներ են՝ սպեցիֆիկ: Դա իրողություն է, որը պետք է հաշվի առնել: Ցավում եմ, բայց դրանք հաստատում են իմ մտավախությունները: 90-ականների սկզբին ԱՊՀ խաղաղարար առաքելության կազմում ես եղել եմ Տաջիկստանում եւ տեսել եմ, թե ինչպես էր զարգանում քաղաքացիական պատերազմն իր բոլոր փուլերով: Ի դեպ, Տաջիկստանում էլ կա լեռնային մի մաս՝ Բադախշանի մարզ, որտեղի բնակիչները մի փոքր տարբերվում էին Դուշանբեի տաջիկներից, սակայն քաղաքացիական պատերազմը խլեց 100 հազար մարդ, եւ դա արդեն ամենեւին զվարճալի չէր»: