ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի Արտգործնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումների ու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մարկ Շոյերի հետ Վ. Օսկանյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ Շոյերի այցին եւ ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման թեման եղել է Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով փաստահավաք առաքելության այցը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Ի դեպ, Օսկանյանը Դեւիսին ոչինչ չի ասել մոտ մեկ ամիս առաջ Երեւանում ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ԼՂ-ում անցկացվող ընտրությունները «գեյ պարադի» հետ համեմատելու փաստի առթիվ: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին խոսք չկա: