2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ էր անցկացրել ամերիկյան հեղինակավոր «Գելլապ» ընկերությունը («Baltic Surveys / The Gallup Organization»): Հարցումների արդյունքները կազմակերպությունը ներկայացրել է կուսակցություններին: Հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի` տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ քաղաքական գործչին:
Սա «Գելլապի» սկզբունքն է: Իսկ այդ տվյալները հրապարակելու իրավունքը տվյալ քաղաքական ուժերինը եւ քաղաքական գործիչներինն է: Ինչպես հայտնի է՝ վարկանիշային ցուցակում «Գելլապը» ներառել է թվով 13 քաղաքական գործիչների, կուսակցությունների ղեկավարների: Հիշեցնենք, որ հետազոտությունը պատվիրել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, որը ֆինանսավորել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը: Լրատվամիջոցները դիմեցին կուսակցություններին` ճշտելու, թե ըստ «Գելլապի»՝ հասարակության կարծիքը, ձայներն ինչպես են բաշխվել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հրապարակեց իր արդյունքները: Ի պատասխան հարցին, թե «Նախագահի թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի», հարցվածների մեծ մասը նշել է ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անունը: Նա ցուցակի 1-ին տեղում է` 29% վարկանիշով: «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս հրապարակեց իր ցուցանիշը. ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը ցուցակի 2-րդ տեղում էր` 11% վարկանիշով:
«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես չխուսափեց ասել «Գելլապի» հարցումներով իրենց առաջնորդի` Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը. նա զբաղեցրել է ցուցակի 3-րդ տեղը` 9% վարկանիշով: «Ժառանգությունից» նաեւ ասել են, որ հարցվածների եւս 12%-ը պատրաստակամություն է հայտնել քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին, եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանա առաջադրվել իրենց նախընտրած թեկնածուն: «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ռեյտինգն ըստ հարցումների` 7% է: Այսինքն` նա զբաղեցնում է սանդղակի 4-րդ տեղը: Տիգրան Կարապետյանի օգտին պատասխանել է հարցվածների 5%-ը, իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի օգտին` հարցվածների 4%-ը: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են ցուցակի 5-րդ եւ 6-րդ տեղերը: Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները խուսափել էին ներկայացնել «Գելլապի»՝ իրենց մասով տվյալները: Քաղաքական շրջանակներում, սակայն, խոսում են, որ ըստ ամերիկյան կազմակերպության հետազոտության՝ Լ. Տեր-Պետրոսյանի օգտին պատրաստակամություն են հայտնել քվեարկել հարցվածների 3%-ը: Նույնիսկ ասում են` ոչ թե 3, այլ 2% -ը: «Առավոտի» հետ զրույցում տվյալները հրապարակել չցանկացողները դա պատճառաբանել են, թե «Գելլապն» այդ տվյալներն իրենց փոխանցելիս շեշտել է դրանց խորհրդապահական եւ հրապարակման ենթակա չլինելու հանգամանքը: «Սակայն ակնհայտ է, որ տվյալները հրապարակել չեն ցանկանում միայն այն ուժերը, որոնք վարկանիշի առումով առաջատար չեն»,- գրում է թերթը:
Ամերիկյան հեղինակավոր «Գելլապ» ընկերությունն Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը չէ: Սա՝ հաստատ: Ավելին, այս ընկերությունը 1936թ. սկսած հետազոտություններ է կատարում ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, եւ իր գործունեության ողջ ընթացքում ճիշտ է կանխատեսել նախագահական 16 ընտրություններից 15-ի արդյունքները, սկսած` ԱՄՆ նախագահներ Ֆ. Ռուզվելտի, Դ. Էյզենհաուերի, Ջ. Քենեդիի, Լ. Ջոնսոնի, Ռ. Նիքսոնի, Ջ. Քարտերի, Ռ. Ռեյգանի, Ջ. Բուշի, Բ. Քլինթոնի ժամանակներից: Այսօր մեր քաղաքական գործիչները` թե ընդդիմադիր, թե կիսաընդդիմադիր, կասկածի տակ են առնում ցանկացած միտք, հնչեցված կարծիք կամ հետազոտության արդյունք, ինչ իրենց ձեռնտու չէ: Եթե, օրինակ, «Գելլապն» ընդդիմադիր կուսակցություններին ասեր, թե իրենց թեկնածուն հայ ժողովրդի մոտ 100 տոկոսանոց լավ վարկանիշ ունի` երջանկահիշատակ Ջորջ Գելլապի գերեզմանին ծաղիկներ շաղ կտային ու նրա անունով կերդվեին: Այնպես որ, մեր քաղաքական գործիչներն իրենց գնահատականների մեջ վաղուց օբյեկտիվ չեն: Օրերս զրուցակիցներիցս մեկը ներքաղաքական, նախընտրական այս իրադարձությունների մասին խոսելիս ասաց, թե երկար ժամանակ է` որոշել է այլեւս ակտիվ քաղաքականությանը միայն հեռվից հետեւել. «Մամուլը կարդում եմ` տեսնեմ, թե մարդիկ, այսինքն՝ քաղաքական էդ գործիչներն ինչքան կարող են սուտ խոսել: Ընդդիմությունն իր քարոզչական շահերից ելնելով` Հայաստանը որպես դժոխք է ներկայացնում, իշխանությունը` որպես դրախտ: Ընդ որում, բոլորն էլ ասում են, թե գալիս են Հայաստանը փրկելու: Մութ հեղափոխական գործերը, պարզ է, վեհ գաղափարների անվան տակ են ներկայացնում` հանուն ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն երեխաների, հանուն ապագա սերնդի…: Բայց էդքա՞ն սուտ: Հիմա Լեւոնենք ուզում են ասել, որ 1996թ. ընտրություններն իրենք չէի՞ն կեղծել, որ Վազգեն Մանուկյանը չէ՞ր ընտրվել, որ Վազգեն Սարգսյանը չէ՞ր ասել, թե միեւնույն է, Վազգենը չի լինելու նախագա՞հ: Միգուցե իրենք մոռացել են, բայց հիմա իրենց ասածները կարդում եմ ու ծիծաղում»: Հավատացեք, այսպես մտածում են շատերը: Բանը հասել է այնտեղ, որ այլեւս հետեւություններ անելիս մեկը մյուսի ասածը չի էլ լսում: Քաղաքական կենցաղային մի օրինակ. օրերս Հայաստանը նոր ինքնաթիռ ձեռք բերեց, որը պետք է սպասարկի ՀՀ նախագահին: Ով՝ ով, գոնե ՀՀՇ-ն պետք է իմանա, թե ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռն ինչ վիճակում էր, ինչպիսի հնության էր. այն 1977թ. արտադրության Ձձ134 էր, որը ժամանակին սպասարկել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանին: Ավելին, այն ոչ միայն անվտանգ չէ, այլեւ 2-3000կմ-ից ավելի թռիչք ի վիճակի չէ իրականացնել, եւ եվրոպական շատ երկրների օդանավակայաններ միայն հատուկ զգուշացումից հետո կարող են թույլատրել նրա թռիչքը կամ վայրէջքը: Ահա, Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցներն այս օդանավի փաստն այսպես են մեկնաբանում. «Շրջանառվող լուրերի համաձայն, այն պետական որեւէ հիմնարկի հաշվեկշռում չի ընդգրկվել: Պատճառն այն է, որ հարկ եղած դեպքում Քոչարյանը եւ նրա մերձավորները պատրաստվում են Հայաստանից հեռանալ հենց այդ օդանավով, եւ որ հետագայում որեւէ մեկը չպահանջի վերադարձնել Հայաստանին պատկանող օդանավը` նոր գնված օդանավը չի մտցվել որեւէ հիմնարկի հաշվեկշիռ»: Քարոզչական պրիմիտիվ պոպուլիզմ, որ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը, ով պոպուլիզմի մեծ վարպետ է, մտքով չէր անցկացնի օգտագործել: Եվ սա՝ այն դեպքում, երբ հենց նույն օրը ՀՀ կառավարության նիստում որոշվել է` Airbus A-319-132 մակնիշի ինքնաթիռը` սկզբնական հաշվեկշռային արժեքով եւ նույն հաշվեկշռային արժեքով ամրացնել «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` ՀՀ նախագահին սպասարկման նպատակով: Անկախ այն բանից, թե ով է երկրի ղեկավարը կամ ով կլինի հետագայում, պետք է ղեկավարին արժանավայել ներկայացնի երկիրը, պետք է նախագահին վայել ինքնաթիռ լինի: Սա էժան քարոզչություն է, որին հաճախ դիմում է նաեւ իշխանությունը` մթի-ցրտի տարիները հիշեցնելով` նսեմացնելով Ղարաբաղյան պատերազմում մեր տարած հաղթանակը:
ՀՀ ապագա նախագահի սպասարկման համար ինքնաթիռ է գնվում: Վերադառնալով «Գելլապին»: Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ հենվում է հասարակական կարծիքի վրա: Իսկ Հայաստանում, ինչպես ասում են` կամ վախտը գիտի, կամ` նայած հարմարության: Ինչ խոսք, ընդդիմությանը դժվար է հաշտվել նման արդյունքների հետ: Իրենք, իհարկե, շատ լավ գիտեն, որ առանձնապես մեծ ռեյտինգ, ժողովրդի կողմից վստահություն եւ հավատ չեն վայելում, այլ բան է, որ չեն կարող այդ մասին բարձրաձայն ասել: Ինչ խոսք, ունեն նաեւ իրենց համախոհների մեծ բազմություն: Բայց բազմությունը դեռ ամբողջ հասարակություն կամ ժողովուրդ չի նշանակում: Սա նույնն է, երբ հայաստանյան փոքր տպաքանակ ունեցող տպագիր լրատվամիջոցները, կամ փոքր, սահմանափակ լսարան ունեցող հեռուստաընկերությունները խոսում են ողջ հասարակության անունից: «Գելլապի» հետազոտությունները մեր ներքաղաքական կյանքում կարեւոր` յուրօրինակ ֆիլտրի դեր են կատարում: Իհարկե, սա չի նշանակում, թե իշխանություններն ունեն շատ մեծ վարկանիշ: Հետաքրքիրն այն է, որ, ինչպեսեւ նշել էինք մեր նախկին հրապարակման մեջ, «Գելլապի» հետազոտության ամենակարեւոր տվյալը հասարակության այն 23%-ն է, որը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է իր ձայնը տալու: «Գելլապի» հարցաթերթիկում հարցվողներին, ինչպես միշտ, այլընտրանքային պատասխանի հնարավորություն էր տրվել` «Այլ թեկնածու» եւ «Չգիտեմ/ Պատասխան չկա», եւ «Ոչ մեկին»: 1%-ը պատասխանել էր «Այլ թեկնածուի» օգտին, 14%-ը`«Ոչ մեկի», 8%-ը պատասխանել էր՝ «Չգիտեմ/ Պատասխան չկա»: 23%-ը իսկապես լուրջ ռեսուրս է, որին պետք է գրավել: Սակայն ոչ թե հիշողության կորստի դրսեւորումներով` մոռանալով` ով, երբ եւ ում մասին ժամանակին ինչ է ասել ու հիմա ինչ է ասում: Եվ ոչ էլ փոխադարձ հայհոյանքներով, սեւ քարոզչությամբ ու սուտ խոստումներով, այլ ծրագրային լուրջ առաջարկներով, նախընտրական ծրագրերով: Պետք է այլեւս հաշտվել այս տվյալների հետ եւ մտածել, թե ինչպես այդ 23%-ի վստահությունը շահել: Այս տվյալը, կարծես, թեկնածուների աչքը տեսած չլինի: Թե՞ դարձյալ չեն հավատում, որ իսկապես հասարակության մի մեծ հատված թեկնածուներից ոչ մեկին չի հավատում կամ դեռ չի կողմնորոշվել` ո՞ւմ տա իր ձայնը: Ասել է թե` ում վստահի: