Սպառնում են խլել

08/12/2007

Լոռու մարզից մեր գործընկերները տեղեկացնում են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն իրականացնող ACP ընկերությունն արդեն սկսել է գնել գյուղացիների հողատարածքները: Առաջնորդվելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով՝ ընկերությունը գյուղացիներից գյուղատնտեսական նշանակության 1քմ հողատարածքը գնում է 40 դրամով, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գյուղացիների շրջանում: Սակայն գյուղացիներն այլընտրանք չունեն. հողատարածքները չվաճառողներին ACP-ն սպառնում է հողը խլել դատական կարգով: Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ գյուղերի մոտ 248.7 հա հողատարածք հատկացվել է ACP-ին, որից ընկերությունը գնել է 167.2 հա-ն: Իրավաբանների կարծիքով, այս դեպքը չի կարելի համարել պետության գերակա շահ, որովհետեւ այս պարագայում հողը տրվում է ոչ թե պետությանը, այլ մեկ այլ սեփականատիրոջ, ուստի գյուղացիները կարող են իրենց իրավունքները պաշտպանել Եվրոդատարանում: