«Հասարակությունն այսօր հանձնված է»

08/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ի՞նչ դեր է վերապահված հասարակությանը, ի՞նչ ազդեցություն ունի հասարակությունն առաջիկա ընտրարշավում եւ ընտրական գործընթացներում: Ի՞նչ ազդեցություն կթողնի հասարակության ընդունած որոշումը Հայաստանի հասարակական, քաղաքական հետագա գործընթացների վրա: Նախագահի թեկնածուները որքանո՞վ են կարեւորում հասարակության դերը եւ քվեն:

Այս հարցերի շուրջ երեկ Մամուլի ազգային ակումբում իրենց կարծիքներն էին արտահայտում իշխանամետ եւ ընդդիմադիր մի խումբ քաղաքական գործիչներ: Քննարկման մասնակիցներից ոմանք կարծում էին, որ Հայաստանում հասարակությունը ակտիվ մասնակցություն ունի քաղաքական գործընթացներում, մյուս մասն էլ պնդում էր, որ հասարակությունը գործոն լինելու փոխարեն՝ դարձել է գործիք: Սակայն բոլորը միակարծիք էին, որ մեր երկրի քաղաքական գործընթացներում հասարակության ակտիվացումը կուսակցությունների եւ մամուլի խնդիրն է:

«Այսօր քաղաքական կուսակցությունների մեծ մասը մարզերում հասարակության հետ շփում չունի,- ասում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: -Այսօր մարզերում հասարակության հետ աշխատում են Հանրապետական, Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները, վերջին շրջանում՝ նաեւ ՀՀՇ-ական ուժերը: Քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվ դրսեւորում ունենան հասարակության մեջ»:

«Մեզ չհաջողվեց ձեւավորել քաղաքացիական հասարակություն, որովհետեւ դա ձեւավորվում է, երբ մարդը կարեւորում է իր ձայնը: Իսկ մեզ մոտ իր ձայնի կարեւորության նկատմամբ հավատը սասանված է,- ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: -Ցավոք սրտի, մեր հասարակությունը գործոն դառնալու փոխարեն՝ դարձել է գործիք: Քաղաքացին այս կամ այն կուսակցության կամ գործչի օգտին կողմնորոշվելիս՝ ելնում է ոչ թե իր գաղափարներից եւ քաղաքական դիրքորոշումներից, այլ ենթարկվում է իր նկատմամբ կիրառվող ճնշումներին ու առաջարկվող կաշառքներին: Ես դպրոցներում տեսել եմ, թե տնօրեններն ու ուսուցիչներն ինչպես են իշխանությունների գործիք դառնում, եւ դա չէր բխում իրենց քաղաքական դիրքորոշումներից: Դրա պատճառը վախն էր, որ հակառակ դեպքում կպատժեն: Կրթությունը չի ծառայում ազատ քաղաքացի ունենալու գործին, եւ քաղաքացիական հասարակություն ունենալու համար աշակերտը դա պետք է դպրոցում տեսնի: Այնինչ նա դպրոցում տեսնում է ամեն ինչ, բացի դրանից: Հատկապես գյուղերում գյուղապետերի կողմից կա մահակի քաղաքականություն: Լավատեսություն չունեմ, ընդամենը լսում ենք խոստումներ, որ այս ընտրություններն ավելի լավ պետք է լինեն»:

Հարցին միանգամայն փիլիսոփայական մոտեցում ցուցաբերեց դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ թե՛ պասիվությունը, թե՛ ակտիվությունը հասարակական գործոն են, նայած, թե որ տեսանկյունից ես դիտարկում՝ հաղթողների՞, թե՞ պարտվողների: ՀՅԴ-ական գործիչի կարծիքով՝ այդ գործոնն ամենից ակտիվ եղել է 1996թ. ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը պարտվեց: «Հասարակական գործոնը գնահատելու համար այն պետք է բաժանել թվաբանական ու քաղաքական մասերի,- ասաց Ա. Պետրոսյանը: -Թվաբանական գործոնը դա ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակն է: Սակայն հատկապես ընտրությունների վիճարկելի լինելու պարագայում պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքական գործոնը, որն անկանխատեսելիության տարրեր է մտցնում, եւ թեկնածուները պետք է կարողանան հաշվարկել նաեւ դրա ազդեցությունը»:

Իսկ ահա ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը կարծում է, որ ընտրություններում հասարակական գործոնի կարեւորությունը կարող է քննարկվել միայն Հայաստանում. այլ երկրներում դա նույնիսկ կոռեկտ չէր լինի: Բայց քանի որ մեզ համար շատ արդիական է այդ հարցը, պարոն Խաչատրյանը վերջին 3 ամիսներին մի յուրօրինակ սոցհարցում է անցկացրել: «Փողոցում ով ինձ բարեւում էր, հարցնում էի, թե նախագահական ընտրությունների ժամանակ ո՞ւմ ես ընտրելու,- պատմում է Հ. Խաչատրյանը: -Պատասխանում էին, թե «ում ասեք, նրան էլ կընտրենք»: Հետո թվարկում էի թեկնածուների անունները եւ ասում էի՝ ընտրեք դրանցից: Վերջում տալիս էի մի թեկնածուի անունը եւ հարցնում՝ սրան կընտրե՞ք: Եվ հավատացեք, որ մարդիկ թմբկահարվող երկու բեւեռներից եւ ոչ մեկին չէին ընտրում»:

Իսկ ՀԱԱԿ նախագահ Էդուարդ Անտինյանն էլ թեկնածուներին ու իշխանություններին առաջարկեց հասարակությանը իրազեկել, որ նոր նախագահի լիազորությունները նվազել են, որ հասարակությունը մեծ հույսեր չկապի այս կամ այն թեկնածուի հաղթանակի հետ:

«Ցավոք սրտի, մեզ մոտ ազատ ընտրողների խավը դեռ ձեւավորված չէ: Մեկ մաթեմատիկոս պատրաստելը շատ ավելի հեշտ է, քան մեկ ազատ ընտրող»,- ասում էր քննարկմանը ներկա նախագահի թեկնածու, «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Հասարակական գործոնը դեռեւս չի ձեւավորվել այն պատճառով, որ ավելի շուտ ձեւավորվեց ոչ թե քաղաքացիական հասարակությունը, որը պետք է ծնունդ տար քաղաքական կառույցներին, այլ՝ կուսակցությունները»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Բայց քանի որ այսօր մեր երկրում հնարավոր չէ որեւէ թեմայի շուրջ քննարկում կազմակերպել եւ չանդրադառնալ ընդդիմությանը, հատկապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այս տեսակետից երեկվա քննարկումն էլ բացառություն չէր: Առաջինը խոսքը բացեց Գ. Սահակյանը: «Երբ մամուլով ասվում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի մուտքով իշխանությունները վախեցած են, ընկճելի վիճակում են, կարծում եմ, որ չի կարելի տարածել բոլոր թեկնածուների վրա»,- ասաց պարոն Սահակյանը: «Ուզենք թե չուզենք, Լ. Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածուների մեջ առաջին եռյակում է»,- հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը: Նա թերագնահատեց տարբեր մակարդակի սոցհարցումների եւ նաեւ հեղինակավոր «Գելլապի» հետազոտությունների արդյունքները: Նրա ասելով՝ կամ հարցումների նրանց մեթոդներն են սխալ, կամ էլ ներկայացնում են սխալ տվյալներ: Ինչ վերաբերում է քննարկվող բուն թեմային, ապա նախկին պատգամավորի կարծիքով՝ այսօր հասարակությունը հանձնված է: «Այսօր միակ տրամադրությունը, որ կա հասարակության մեջ, դա հասարակության հանձնված լինելն է,- ասում է Ա. Մայիլյանը: -Հասարակությունը հանձնված է ինչ-որ մի ալիքի, որը ստեղծվել է հեռուստատեսությամբ, ինչ-որ մի մթնոլորտում, թե ընտրության արդյունքները որոշվելու է մի տեղ: Անտարբերությունը, պասիվությունը եւ հանձնված լինելը այսօր գլխավոր գործոնն են դարձել»: