ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` միմյանց հասցեին տասը տարի պահպանած լռությունը մի պատմություն է հիշեցնում: Ինչ-որ համերգի ժամանակ կոմպոզիտոր Մորիս Ռավելը հայտնվում է մեկ այլ կոմպոզիտորի կողքին, որը տանել չէր կարողանում Ռավելի երաժշտությունը: Տասը րոպե կողք կողքի լուռ նստելուց հետո Ռավելն առաջարկում է իր «զրուցակցին». «Բարեկամս, եկեք թեման փոխենք»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «միմյանց մասին» տասնամյա լռությունը, ինչպես ժամանակն է ցույց տալիս, պայմանավորված չէր ասելիքի կամ ինֆորմացիայի պակասով: Ճիշտ հակառակը: Նրանք իրար այնպիսի մեղադրանքներ են ուղղում (ընդ որում, հավատացնում են, թե ասվածը մեղադրանքների փոքր տոկոսն է միայն), որոնց մասշտաբը պատկերացնելու համար անհրաժեշտ է ընթերցել Քրեական օրենսգիրքն` ամբողջությամբ: Տասնամյա հոբելյանական լռությունն առաջինը խախտեց թերեւս Լեւոն Տեր-Պետրոսյանը` այդպիսով բացելով Պանդորայի արկղը:
Կարելի է եւ չզարմանալ առաջին եւ երկրորդ նախագահների` միմյանց հանդեպ ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային հակակրանքից, եթե նրանց փոխհարաբերությունները դիտարկենք հենց սկզբից: Քաղաքում շրջող տեսաերիզ կա. թերեւս շատերն են այն դիտել, որը տարածում են ընդդիմության ներկայացուցիչները. Լեւոն Տեր-Պետրոսյանը` ծխախոտը ձեռքին, ճեմում է սենյակում, ուր նստած է Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հետաքրքրվում է Ռոբերտ Քոչարյանից. «Հայր մերը» գիտե՞ս» (հարցի տոնը, ենթադրում ենք, հասկանալի է): Պատասխանը «ոչ»-ն էր, որին Տեր-Պետրոսյանն արձագանքում է այսպես. «Որ ասում եմ` հայ չե՞ս»: Հնչում է ծիծաղ: «Ալբանացի եմ»,- ամոթխած ու անհարմարության զգացումից ժպտալով` պատասխանում է Քոչարյանը: Թե «Հայր մերի» իմացությունը հայ լինել-չլինելու հետ ի՞նչ կապ ունի, եւ բազում այլ աղոթքներ բերանացի իմացող քանի հայ ստահակ կա, տեսաերիզում չի հիշատակվում: Տեսաերիզը տարածողների նպատակն այլ է: Փաստն այն է, որ կոնկրետ այս դեպքում ցուցադրվում է մարդու նվաստացումը, որը հետո իշխանություն ունենալուն պես` արդեն ինքն է նվաստացնելու առավել թույլ կամ խոցելի դիրք ունեցող չինովնիկների:
Սա մի փոքր դրվագ է` պատկերացնելու Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերությունների աստիճանը: Հասկանալի է, որ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ներկայությունը միշտ էլ ճնշող է եղել Ռոբերտ Քոչարյանի համար` թե՛ ԼՂՀ նախագահի կարգավիճակում, թե՛ ՀՀ վարչապետի: Բավական է դիտել Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ ինագուրացիայի կադրերն ու տեսնել, թե որպիսի ակնածանքով է Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում երկրորդ անգամ ՀՀ նախագահ դարձած Տեր-Պետրոսյանին: Կարծել, թե Քոչարյանն այդ պահին չուներ համապատասխան ինֆորմացիա նախագահական այդ ընտրությունների կեղծիքների մասին եւ վստահ էր, որ ինքը սեղմում է լեգիտիմ նախագահի ձեռքը` միամտություն է: Հետեւաբար, ակնհայտ է, որ որոշակի սուբյեկտիվիզմ կա թե՛ մեկի, թե՛ մյուսի գնահատականներում, ուր, ի դեպ, ժողովրդի գործոնն ամենեւին դեր չի խաղում: Այսինքն, այն ճշմարտությունները կամ անճշտությունները, որոնք հրապարակավ հնչեցնում են երկու նախագահները, եթե ինչ-որ մեկին էլ ուղղված են, ապա ամենեւին՝ ոչ ժողովրդին: Հայաստանում ժողովրդի ընտրությունից վաղուց արդեն ոչինչ կախված չէ, եւ անհետաքրքիր է խաղադրույքն անել ժողովրդին ճշգրիտ ինֆորմացիա տալու վրա: Պարզապես, ընտրություններից առաջ մեծանում է ժողովրդի դերը` որպես էպիզոդներում անհրաժեշտ բուտաֆոր, մասսովկա, որին լսելի դարձնելով միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները, լուծվում են հին հաշիվներ:
Եվ «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին Ռոբերտ Քոչարյանի պատասխանները` անկախ ճշմարտության տոկոսից, շարքային քաղաքացու համար համոզիչ չեն սոսկ այն պատճառով, որ նախ` կանխակալ են, եւ հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, չգիտես որ հիմնավորմամբ, պատասխանում է սոսկ «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին այն դեպքում, երբ հանրապետությունում լույս տեսնող մյուս թերթերն էլ, պատկերացրեք, ընթերցողներ ունեն, որոնք եւս շատ կցանկանային հարցեր ուղղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ, արդեն օրինաչափություն է, որ ՀՀ նախագահին հարցեր ուղղելիս ընթերցողներն առաջնորդվում են նրբանկատությամբ եւ հարցերն այնպես են ձեւակերպում, որ Քոչարյանը կարողանա ասել այն, ինչ ցանկանում է ասել: Ինչպես ժամանակին պատասխանում էր պատասխանատու լրատվամիջոցների ղեկավարների անատամ հարցերին: (Ի դեպ, այս երեւույթը հարգի էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք): Նույնքան ամբողջական չեն այսօր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանները, քանի որ նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեն սահմանափակ թվով մարդիկ, որոնք չեն հանդգնում կամ չեն ցանկանում հրապարակայնորեն նրան տալ կամ հիշեցնել այն հարցերն ու փաստերը, որոնց պատասխաններից շատ բան է կախված:
Հետեւաբար, միմյանց հասցեին բարձրաձայն մեղադրանքներ հնչեցնելու կարիք չկա, եթե դրանք չունեն իրավական հիմք կամ հետեւանք: Ավելի ազնիվ է նստել կողք կողքի եւ պատասխանել բոլոր ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողների հարցերին: Հակառակ դեպքում, «պրետենզիաներն» ու մեղադրանքները կարելի է միմյանց փոխանցել նաեւ հեռախոսով: