Լիանան կծկվել է Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակի անկյունում եւ ուշադիր հետեւում է մոր խոսքին: Մայրը՝ տիկին Սոֆիկը, շատ լարված է, խոսում է նյարդային շարժումներով, ու մտքերն այնքան խճճված են, որ մի բանի մասին խոսելիս` ասելիքն անավարտ թողնելով՝ անցնում է մյուս խնդրի մասին պատմելուն: «Օ՜ֆ, մարդ գժվում ա արդեն, չեմ հիշում ինչից էի խոսում»,- ինքն իրենից նեղացած դժգոհում է տիկին Սոֆիկը: Լիանան թեեւ 9 տարեկան է, ամեն ինչ հասկանում է. խոր ներաշխարհ ունի ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ կարողանում է մոր անարդար կշտամբանքներին պատասխանել լռությամբ: Տիկին Սոֆիկն աղջկան անընդհատ անտեղի նկատողություն է անում՝ սրտի խորքում հասկանալով, որ դա անում է ոչ թե աղջկան դաստիարակելու, այլ իր ներսի բարկությունը մի քիչ թոթափելու համար: Լիանան խորիմաստ նայում է մորը ու թախծոտ աչքերը խոնարհելով՝ ասում է. «Գիտե՞ս, ես ինչ երազանք ունեմ. ես երազում եմ, որ պապաս վերադառնա մեր մոտ: Մեր համար դժվար ա սենց մենակ: Ինքը մեկ-մեկ, այսինքն՝ ուշ-ուշ գալիս ա ինձ տեսնելու, բայց ես երազում եմ, որ պապաս մեր հետ ապրի, որովհետեւ մամայիս համար դժվար ա»: Լիանայի անկեղծությունից տիկին Սոֆիկը մեկ հուզվում է, մեկ էլ սաստում, որ երեխան հոր մասին շատ չխոսի. «Հերիք ա, հա, կարգին հեր լիներ, որ սիրեիր, ամիսը մեկ ա գալիս երեխուն տեսնելու: Սրա ուշքն ու միտքն էլ հերն ա, մի կարգին հերություն արած լիներ, կասեի՝ հա»: Տիկին Սոֆիկն այնքան վիրավորված է ամուսնուց, որ նույնիսկ չի ցանկանում լսել հոր հանդեպ Լիանայի վերաբերմունքի, կարոտի մասին: Սակայն փոքրիկ աղջիկը նրբանկատ է եւ կարողանում է իրավիճակից դուրս գալ. «Հա՛, մամա ջան, ես պապային սիրում եմ, բայց աշխարհում ամենից շատը քեզ եմ սիրում: Մամա ջան, դու մի՛ նեղացի, ես քեզնից շատ ոչ ոքի չեմ սիրում»: Հետո 4-րդ դասարանցի Լիանան բացում է դասագիրքն ու սկսում է մի բանաստեղծություն կարդալ, որպեսզի իր նախաձեռնած խոսակցության թեման փոխվի:
Տիկին Սոֆիկն ու Լիանան ապրում են «Փարոսի» 12.000 դրամ նպաստով: Ասում է, որ նախկինում ուրիշի տները մաքրելով՝ կարողանում էր մի քանի հազար դրամ վաստակել, սակայն այժմ չի կարողանում նման աշխատանք գտնել. «Երեխայի դպրոցի ժամերին չեմ կարա աշխատեմ, ես եմ տանում-բերում, մի քիչ վտանգավոր ճանապարհ ա: Մնացած ժամերին հարմար աշխատանք էլ չեմ կարողանում ճարեմ: Ոչ էն ա՝ երեխուն մենակ թողես, աչքաթող անես, ոչ էլ՝ սենց անփող նստես: Եթե հիմա երեխու դաստիարակությանը չհետեւեմ՝ հետո շատ կզղջամ, ուշ կլինի»,- ասում է նա, ում օգնության ձեռք են մեկնում հարազատները, այլապես օրերով քաղցած են մնում: Տիկին Սոֆիկը զայրացած ասում է՝ «Ախր ես իսկական միայնակ մայր եմ, է՛»: Հարցնում եմ՝ «Ինչի, ստից միայնակ մայր է՞լ է լինում»: «Բա իհարկե, էնքանները կան, որ մարդ ունեն, բայց միայնակ են գրվում, իսկ իմը… Ճիշտ ա, իմ երեխեն հեր ա ունեցել, բայց էն սրան ի՞նչ հեր»: Լիանան, մոր խոսքերից վիրավորված, աչքերը լցնում է ու կոկորդը սեղմած բղավում. «Յա՛, ինքը իմ պապան ա, մի ասա տենց»: Տիկին Սոֆիկն անմիջապես սաստում է՝ «Քեզ սովորացրել եմ, չէ՞, որ, երբ ես խոսում եմ՝ դու մի խոսա»: Ասում է, որ երբեք երեխայի հորից ոչինչ չի խնդրի, որովհետեւ չի կարող ինքնասիրությունը մի կողմ դնել. «Անող լիներ՝ կաներ: Էլ չեմ ասում, որ հագուստի երես, քանի տարի ա, չենք տեսել: Պատկերացրո՛ւ, որ ծանոթ-բարեկամներից կարողանում եմ մի բան խնդրել, բայց իրանից` երբեք: Էն օրը հարեւանիս ասում եմ՝ կարող ա՞ սապոգ ունենաս, որ չես հագնում, տուր հագնեմ, էս ձմեռը հանեմ»: Տան անկյունում տոպրակով դրած երկարաճիտ կոշիկները ցույց տալով՝ ասում է, որ հանրակացարանի մուտքի մոտ դրված է եղել, ստիպված ուրիշի դեն գցածը բերել է, որ հագնի, երեխային դպրոց տանի: «Նայի՛, տակն ամբողջովին պոկված, բաց ա, բայց բերել եմ, էնքան որ Լիանչիկիս կարողանամ դպրոց տանեմ-բերեմ»: Տիկին Սոֆիկը նախկինում հայրական տանն է ապրել, եղբայրների, հարսների հետ: 3 սենյականոց բնակարանը վաճառել են, որպեսզի նա առանձնանա, սակայն՝ «Փողերը փոխվեց, դրամ դարձավ, ու չկարողացանք առնել: Մենք տուժեցինք, իսկ առնողը շահեց»,- պատմում է նա: Տիկին Սոֆիկը նյարդայնանում է, երբ Լիանայի հոր մասին հարցեր եմ տալիս՝ «Նա ինձ ամուսին չի եղել»: Միայնակ տիկին Սոֆիկը ջանում է երեխայի համար թե՛ մայր, թե՛ հայր լինել: Ասում է՝ «Չէ՛, ինձ սենց մի նայի, ես թասիբով մարդ եմ, երեխայիս մի կերպ պահում եմ, ուղղակի սիրտս նեղված ա: Էս չքավոր պայմաններից մարդու բնավորությունն էլ ա փոխվում, ես առաջ սենց ներվային չեմ եղել»: Տիկին Սոֆիկի խոսքերից ազդված՝ փոքրիկ աղջիկը մոտենում է մորն ու քնքշորեն գրկում նրան՝ «Մամ ջան, ես չեմ նեղանում քեզանից»: