Մի քանի լեզուների տիրապետող պատմաբան Հայկ Դեմոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր պաշտոնին։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմությունը, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերը: Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում։ 2006թ. նոյեմբերից Հայկ Դեմոյանը զբաղեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի չափազանց բարդ եւ պատասխանատու պաշտոնը։ «Բավականին երկար մտորումներից հետո եմ համաձայնել տնօրենի պաշտոնը զբաղեցնել։ Ցանկացած մարդ, որ տնօրեն կդառնար, պետք է իր վրա պատասխանատվության մեծ բաժին վերցներ եւ անընդհատության սկզբունքով հասու լինի այս հիմնախնդրի շուրջ զարգացող իրադարձություններից։ Յուրաքանչյուր ոք, ով էլ որ դառնա այս հաստատության տնօրենը, պետք է հանդես գա նոր գաղափարներով, որոնց կիրառման անհրաժեշտությունը հրատապ էր դարձել»,- ասում է նա։
– Ի՞նչ նոր գաղափարների կարիք եք զգում։
– Հիմնական լուրջ խնդիրը Հայոց ցեղասպանության գրագետ մատուցման եւ տեղի ունեցածի շուրջ մեր ընկալումների, ապրումների ու գիտելիքների ճիշտ գնահատականն է։ Պատմությունը գրում են պատմաբանները, եւ ցանկացած պատմություն սուբյեկտիվ է։ Սակայն պատմությունը գրվում է պատմական փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա, որոնց վավերականությունը կասկած չի հարուցում։ Այստեղ արդեն ինտերպրետացիայի խնդիր է առաջ գալիս։ Յուրաքանչյուր գիտական աշխատության մեջ ամենակարեւորը գիտական լեզուն է, մենք պետք է պարզենք, թե ինչ գիտական լեզվով պետք է ինքներս մեզ, իսկ այնուհետեւ նաեւ՝ միջազգային լսարանին մատուցենք հայերի դեմ իրագործված ծայրագույն հանցագործության հիմնախնդիրները։ Այսօր գիտության լեզուն փոխվել է, նախկինում մեզանում ընդունված լեզուն այլեւս ներգործություն չունի։ Ցեղասպանությանը նվիրված հիանալի աշխատություններ են գրվել նախկինում, սակայն այդ աշխատությունների մեծ մասը, ցավոք սրտի, ֆունկցիոնալ չեն՝ որեւէ խնդիր միջազգային լսարանին ներկայացնելու համար։ Ժամանակը նոր մոտեցումներ է թելադրում։ Եվ այս առումով թանգարան-ինստիտուտը լուրջ անելիքներ ունի։ Երկու միավորից՝ թանգարանից եւ ինստիտուտից բաղկացած հաստատությունը պետք է եւ՛ ցուցադրումներ կազմակերպի, աշխատի այցելուների հետ, եւ՛ ակադեմիական աշխատանքով զբաղվի. նոր նյութեր հայտնաբերի, հրատարակված, բայց հայերին ոչ հասանելի նյութերի թարգմանությամբ զբաղվի։ Մեզ այժմ հարկավոր է տարբեր լեզուներով ներկայացնել մեր հավաքած նյութերը, եւ դա անել միջազգայնորեն ընդունված գիտական լեզվով։
– Եղե՞լ են դեպքեր, երբ նյութերը սխալ են մեկնաբանվել կամ ոչ ամբողջական են ներկայացվել։
– Ես չեմ ուզում մեկնաբանել նախկինում եղածը։ Ես եկել եմ եւ որոշակի սահման եմ գծել նախկինում եղածի եւ այսօրվա մոտեցման միջեւ։ Սա շատ բարդ եւ պատասխանատու աշխատատեղ է։ Թանգարան հարյուրավոր օտարերկրացիներ են գալիս, տեղի են ունենում պաշտոնական արարողակարգային այցեր։ Այս աշխատանքում արդյունավետության խնդիրն է կարեւորվում, պետք է կարողանալ համատեղել գիտնականի եւ կառավարչի գործառույթները, որը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով պատասխանատվությունը եւ ահռելի տնտեսությունը, որ մենք ունենք։
– Հակասական ինտերպրետացիաները հաճա՞խ են հանդիպում։
– Ցեղասպանության թանգարանի տնօրենը պետք է փորձի թանգարանը զերծ պահել քաղաքական իրադարձություններից, այլապես թանգարանը կվերածվի քաղաքական հարթակի։ Իսկ դա թանգարանի խնդիրը լինել չի կարող եւ կարող է լուրջ վնաս հասցնել դրա հեղինակությանը եւ վարկանիշին։ Թանգարանի խնդիրը զուտ վավերական նյութերի հավաքումը, մշակումն ու ցուցադրությունն է։
Պետք է նաեւ ինքներս մեզ հարց տանք՝ որքա՞նով ենք մենք ճիշտ՝ հանդուրժողականության առումով։ Խոսքը չի գնում թուրքերի հետ ամեն գնով հաշտվելու մասին։ Բայց պետք է նայել՝ թե ինչպես են այդ հարցին մոտենում մեր երեխաները, որոնց մոտ որոշակի իներցիոն տրամադրություններ են ձեւավորվել։ Դա հասկանալի է եւ բնական, քանի որ ցեղասպանություն վերապրած ցանկացած ժողովրդի մոտ անհանդուրժողականության չափաբաժինը կրիտիկականի է հասնում։ Մանավանդ, մեր պարագայում դա ավելի բարդ է, քանի որ խնդիրը դեռ միջազգային ճանաչման փուլում է։ Դրան նպաստում է նաեւ թուրքական ժխտողականությունը։ Հրեաների մոտ բոլորովին այլ մոտեցում կա, քանի որ նրանք որոշակի կոմպենսացիա են ստացել, թեեւ իրենց մոտ էլ լիովին չի վերացել զոհի կերպարը։ Իսկ մեր պարագայում պետք է սկսել խնդրի ճիշտ մատուցումից ու կրթելուց։ Դպրոցի տարրական դասարանից պետք է մանկավարժ-հոգեբանների միջոցով դասընթացներ մատուցել Հայոց ցեղասպանության թեման ճիշտ ներկայացնելու համար։ Թանգարանային ցուցադրությունը կարող է միայն պարզագույն ինֆորմացիա տալ, բայց դա չի կարող դաստիարակություն կոչվել։ Հրեաները Հոլոքոստին վերաբերող նյութերը տարբեր տարիքի երեխաներին ներկայացնելու համար հատուկ մեթոդիկա են մշակել։ Հոլոքոստի թանգարանները միաժամանակ նաեւ կրթական օջախներ են։ Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանում տարեկան 100 հազար աշակերտներ, ուսանողներ եւ ուսուցիչներ են դասեր անցկացնում։ Հատուկ մեթոդիկաների կիրառմամբ նրանք փորձում են երեխաներին զերծ պահել զոհի կերպարից, մեղմացնել հոգեբանական բարդույթները, որոնք, այսպես թե այնպես, սերնդեսերունդ փոխանցվում են, քանի որ ցեղասպանությունը տրանսգեներացիոն երեւույթ է եւ փոխանցվելով սերնդեսերունդ` այն անպայման իր հետքը թողնում է հաջորդ սերունդների վրա։
– Մանկապարտեզներից սկսած արդեն իսկ երեխաները ինֆորմացիա են ստանում Եղեռնի մասին, որը բավականին դժվար են «մարսում»։
– Կարեւորն այդ աշխատանքը սկսելն է։ Եթե հիմա մենք դասընթացների պատրաստի բանաձեւեր չունենք եւ չենք կարող բացատրել, թե որոնք են Ցեղասպանության դասերը, եւ ինչպես պետք է վերացնել դրա հետեւանքները, ինչպես է պետք պայքարել ցեղասպանությունների դեմ, ապա պետք է գոնե ուղենիշներ մշակել։ Եղեռնի հարցը միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունում դիտարկելը բավականին նեղացնում է մեր ընկալումները։ Մենք պետք է հարենք այն գլոբալ շարժմանը, որը կոչված է պայքարել՝ կանխարգելելու համար ցանկացած պատերազմական հանցագործություն եւ ցեղասպանություն։ Ընկալումների գլոբալացումը հիմա շատ ակնհայտորեն է ակադեմիական ոլորտում, եւ հարկավոր չէ Ցեղասպանության հարցը միայն հայ-թուրքական հարաբերություններով բացատրել։
– Զոհի կերպարով են մեզ աշխարհում ճանաչում։ Ինչպե՞ս կարելի է փոխել այդ կերպարի կոդը։
– Ցեղասպանությունը մեզ համար «բրենդ» չի, որ մենք փորձենք միջազգային հանրությանն այդպես ներկայանալ։ Մենք հարուստ մշակույթ ունենք, որը ներկայացնելով՝ կարող ենք ավելի լուրջ ընկալումներ եւ պատկերացումներ ապահովել Հայաստանի եւ հայերի համար, քան միայն 1915 թվականը հիշատակելով։ Այս պատմամշակութային հարստությունը ճիշտ, գրագետ, հանրամատչելի ներկայացնելը մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է հանդիսանա։ Եվ զբոսաշրջության հոսքը կարող է հանգեցնել նրան, որ զգալիորեն կբարձրանա իրազեկության մակարդակը Հայաստանի ու հայերի մասին, ինչը եւ կօգնի Ցեղասպանության մասին իրազեկությանը եւ դրա ճանաչմանը։ Սովորական զբոսաշրջիկը հակված չէ խորը գիտելիքներ ձեռք բերել այն երկրի մասին, ուր այցելում է։ Նա նույնիսկ իր հարազատ քաղաքի պատմությամբ շատ չի հետաքրքրվում։ Գլոբալացման շարժերը՝ մարդկային հոսքերի միջոցով, կարող են մեր երկրի գովազդի համար մեծ դեր խաղալ։ Հայաստանի դրական իմիջի ստեղծմանը կարող են նպաստել նաեւ սփյուռքահայերը, որոնք տարբեր երկրներում կատարում են Հայաստանի «արտահաստիքային դեսպանների» պաշտոնը։
– Դուք ասում եք, որ ոչ թե մենք ենք զոհ, այլ՝ թուրքերը։ Ի՞նչը նկատի ունեք։
– Եթե մենք՝ հայերս, անցյալ դարասկզբին դարձանք Օսմանյան Կայսրության կառավարության իրագործած ցեղասպանության զոհը, ապա այսօր հանրապետական Թուրքիայի իշխանություններն անցյալում գործած մեղքերը քավելու փոխարեն՝ թուրքերի հաջորդ սերունդներին պարտադրում են վտանգավոր բարդույթներ, որոնք որոշակի առումով նրանց դարձնում են պաշտոնական ժխտողական քաղաքականության զոհը։ Այս հանգամանքը թուրքական պետականության համար հղի է անկանխատեսելի զարգացումներով ու հետեւանքներով:
– Իսկ ցեղասպանության ընդունումը Թուրքիայի շահերի՞ց է բխում։
– Թերեւս՝ այո, քանզի դրանով թուրքերը որոշակիորեն կձերբազատվեն ազգային ինքնությանը եւ ինքնասիրությանը սպառնացող ճգնաժամային երեւույթներից։ Սակայն ցեղասպանության պատմական փաստը կընդունի այն Թուրքիան, որը ժողովրդավարական է եւ հարգում է մարդու եւ փոքրամասնությունների տարրական իրավունքները։ Ցավոք, այսօրվա Թուրքիան դեռ շատ հեռու է դրանից։
Այսօրվա թուրքական քարոզչությունը հանդես է գալիս պատմությունը պատմաբաններին թողնելու հայտնի թեզով: Հասկանալի են նրանց նպատակները, սակայն մենք եւս խնդիր ունենք հստակ եւ համապարփակ կերպով սահմանելու մեր նպատակներն ու խնդիրները եւ դրանց մատուցման եղանակները:
Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ քարոզչական աշխատանք տանելը պահանջում է եղած մարդկային այլ ռեսուրսների լարում, կոնկրետ մեխանիզմների եւ համահայկական աշխատոճի մշակում, հռետորաբանության եւ շեշտադրումների հստակեցում։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան միացյալ ճակատ են կազմել Հայաստանի դեմ, եւ մեզանում խնդիր կա մշակելու երկակի զսպման հայկական քաղաքականության հայեցակարգը քարոզչության եւ հակաքարոզչության ոլորտներում: Այսօր մեր երկիրն արդյունավետ գործող պաշտոնական քարոզչության մշակման կարիք ունի։ Թուրքիայում եւ Ադրբեջանում այս աշխատանքը վաղուց տարվում է համակարգված եւ ուղղորդված ձեւով եւ տարբեր մակարդակներով։ Ադրբեջանում արհեստածին պատմությունների հիման վրա է ստեղծվում հայերի՝ որպես իրենց թշնամիների կերպարը։ Դասագրքերում չեղած պատմական փաստեր են մեջբերվում, որոնք միայն «հարստացնում» են թշնամու կերպարը։
– Հայերը դուշմա՞ն են։
– Իրողությունն ավելի խայտառակ է. հայը մարդկային կերպարից զուրկ էակ է ներկայացվում ադրբեջանական քարոզչությունում։ Այսօրվա ադրբեջանական հասարակությունը վարակված է հակահայկականության բացիլով, իսկ կարանտին անցնելու համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Այս հանգամանքը պետք է հաշվի առնեն նաեւ խաղաղություն պարտադրող մեր բարեկամները եւս։
– Թանգարանը պատրաստվո՞ւմ է սկզբունքային նոր ցուցադրումներ ստեղծել։
– Հայոց ցեղասպանության թեմայով նոր հայեցակարգային ցուցադրություն կազմակերպելու խնդիր է հասունացել։ Դրան են նպաստում նաեւ կուտակված նորահայտ նյութերը: Դա տաժանագին եւ երկարատեւ աշխատանք է, ուստի չի կարելի նոր ցուցադրություն կազմակերպելիս կիսատ-պռատ քայլեր անել։ Հիմա մենք հավաքում ենք այն նյութերը, որոնք շրջանառության մեջ չեն եղել, հայ ընթերցողն ընդհանրապես տեղյակ չի եղել դրանց գոյության մասին։ Այս նյութերը, հայերենից բացի, անպայման պետք է թարգմանել օտարալեզու ընթերցողների համար։ Թանգարանի յուրաքանչյուր բաժին պետք է իր խորագիրն ունենա, որը տրամաբանական հաջորդականություն կապահովի մյուս բաժինների համար։ Մակերեսային ներկայացված վիզուալ եւ տեքստային նյութերը մենք փորձելու ենք ավելի խորացված ներկայացնել՝ կիրառելով ժամանակակից մեթոդներն ու հնարքները։
– Վերջերս Ծիծեռնակաբերդում պեղումներ են կատարվել։ Հնարավո՞ր է արդյոք պեղումների վայրում զբոսայգի կառուցել եւ այն գրավիչ վայր դարձնել հայերի համար։
– Թանգարանի շենքից բացի, մենք ունենք նաեւ կանաչ գոտի, որը Երեւանի ամենախոշոր զբոսայգին է: Հետեւաբար՝ այդ գոտու պահպանումը, բարեկարգումն ուղղակիորեն կապված է մայրաքաղաքի առողջապահական, կենսոլորտային անվտանգության հետ։ Բարեբախտաբար, վարչապետի այցից հետո կոնկրետ հանձնարարականներ տրվեցին զբոսայգու բարելավման, բարեկարգման եւ անտառագոտու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք պետք է 1990-ականների կրած վնասը՝ ծառահատումները վերականգնենք։ Այգու հետ կատարվող փոփոխություններն արդեն նկատելի են: Այս տարի մենք շուրջ հինգ հազար ծառ եւ թուփ ենք տնկել։ Միաժամանակ, մենք այգում ունենք շատ հետաքրքիր հնավայր, որը գրեթե ուսումնասիրված չի։ Նախնական դիտարկումները մեզ հուշեցին, որ մենք գործ ունենք վաղ բրոնզե դարից մինչեւ միջնադար ընկած ժամանակահատվածի հարուստ մշակութային շերտի հետ։ Եվ այստեղ կարելի է վերականգնել հնադարյան Երեւանի մի մասնիկը։ Դա հնագույն Երեւանի բնակավայրերից մեկը հանդիսացող Ծիծեռնակաբերդն է, որի մասին տեղեկություններ կան նաեւ բյուզանդական աղբյուրներում։ Այդ հատվածն ավելի հին է, քան Էրեբունի բերդաքաղաքը։ Պեղումները սկսելուց հետո, հույս ունենք, որ այդ հատվածը կընդգրկենք Երեւանի տուրիստական երթուղիների մեջ։ Պատմության էջերը կապելով իրար, Ծիծեռնակաբերդի զբոսայգում հնարավոր է ստեղծել մի գեղեցիկ ու տպավորիչ տեղամաս։