Գյուղատնտեսության դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը, պարզվում է,
նախարար դառնալուն պես անմիջապես որոշում է կայացրել, որ
Գյուղատնտեսության նախարարությունը պետք է առանձին ԾԻԳ ունենա, որը
կհամակարգի ոլորտին առնչվող բոլոր ծրագրերն, ու միջազգային
կազմակերպություններից ստացվող գրանտներն իր «հսկողության» տակ կանցնեն:
Բնականաբար, այդ ԾԻԳ-ի ղեկավարը պետք է շատ վստահելի մեկը նշանակվեր, որի
հետ Դավիթ Լոքյանը պետք է բախշի ստացված գրանտները: Ըստ այդմ՝ ԾԻԳ-ի
ղեկավար է նշանակվում Դ. Լոքյանի որդին, եւ դաշնակցական Լոքյանն իր
ծառայողական «010ԼԼ55» «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը նրան տրամադրվել
էր շրջաններ այցելելու համար, տվել է որդուն՝ իր համար ձեռք բերելով
«Պեժո» մակնիշի ավտոմեքենա:
Պետավտոտեսչության աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե մի
անգամ բախտ է ունեցել առնչվել Լոքյանի որդու հետ, որից հետո «ամեն ինչ»
անում է, որպեսզի նման բախտի երբեւէ չարժանանա: «Այդ մեքենան անընդհատ
երթեւեկության կանոնների խախտում էր արձանագրում: Որոշեցի մի անգամ
կանգնեցնել ու զգուշացնել, որ այդպես կարող է մի օր դժբախտություն բերել:
Բայց մեքենայից անմիջապես մի երիտասարդ իջավ ու սկսեց գոռալ. «Չգիտե՞ս ես
ով եմ, չե՞ս իմանում՝ ո՞ւմ ես կանգնացնում: Ես Լոքյան Դավիթի տղեն եմ»:
Ասաց ու մատ թափ տալով զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում «վատ կլինի»,-
ասաց Պետավտոտեսչության աշխատակիցը: Բայց վերջինս նկատել է, որ այդ
մեքենան այլեւս Լոքյանի որդին չի վարում. «Հիմա այդ մեքենան էլ Լոքյանի
տղայի մոտ չի: Մի երկու անգամ նկատեցի, որ խախտում չի արձանագրում այդ
մեքենան, զարմացա, ու պարզեցի, որ ուրիշ մարդ է արդեն այդ մեքենայի ղեկին:
Իսկ Լոքյանի տղան ուրիշ նոր «Նիվա» է վարում, բնականաբար, նորից
խախտումներով»:
Մեզ հաջողվեց պարզել, որ «010ԼԼ55» «Նիվա» մակնիշի մեքենան, ինչպես
վարորդներն են ասում, «շարքից դուրս եկած» վիճակում փոխանցել են
Գյուղհիմնադրամին, ու Դ. Լոքյանի որդուն նոր մեքենա են տվել:
Այս պատմության մանրամասները պարզելու «ճանապարհին» մեզ հաջողվեց այլ
ուշագրավ տեղեկություններ ստանալ Դավիթ Լոքյանի ծավալած այլ
գործողությունների մասին: Օրինակ, Գյուղնախարարությունը գրեթե ամեն տարի
ճապոնական կազմակերպություններից մեծ քանակով տրակտորներ է ստանում, որոնք
հետագայում աճուրդով պետք է վաճառվեն գյուղացիներին: Սակայն աճուրդից առաջ
նախարարն արդեն պայմանավորվում է, թե ում պետք է տրվեն տրակտորները եւ իր
գնով՝ 3,500 ԱՄՆ դոլարով, տրամադրում է այս կամ այն չինովնիկին, ու
արդյունքում գյուղացուն որեւէ տրակտոր չի հասնում: Իսկ չինովնիկներն էլ
հետագայում սկսում են այդ տրակտորներն արդեն թանկ գներով (մոտավորապես
8.000 դոլարով) վաճառել գյուղացիներին: Ասում են, որ այդ ճանապարհով
տարածքային ենթակառուցվածների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ
Աբրահամյանն արդեն մի քանի տրակտոր է ձեռք բերել: Տուն է, թող լինի,
անշարժ գույք է, ոչ հաց է ուզում, ոչ ջուր…
Այս տարի Ճապոնիայից ստացվել է 39 տրակտոր, որոնք, ըստ սահմանված կարգի,
նորից պետք է դրվեն աճուրդի, սակայն Դավիթ Լոքյանը որոշել է «բեռն» իր
վրայից գցելու համար ոչ թե աճուրդ հայտարարել, այլ տրամադրել
համայնքներին, որպեսզի նրանց միջոցով իրականացվի առուվաճառքը:
Մեկ այլ ուշագրավ փաստ եւս. «Հյուսիսային ճառագայթ» թաղամասում հողատարածք
ձեռք բերելու համար քաղաքապետարանը պետք է հրապարակային աճուրդ
հայտարարեր, սակայն այդ տարածքներն աճուրդի անվան տակ վաճառվել են, եւ ոչ
մի աճուրդ էլ իրականում տեղի չի ունեցել: Դաշնակցական Դավիթ Լոքյանը
որոշել է այդ տարածքում հող ձեռք բերել, եւ որպեսզի իր անունը չշրջանառվի,
2000քմ հողատարածքը գրանցել է «Շաքար» մականունով ոմն Սիլվիի անունով,
որից հետո Դ. Լոքյանն այն պետք է անվանափոխեր: Սակայն այժմ «Սիլվին»
հրաժարվում է այն տալ նախարար Լոքյանին: Բանն այն է, որ Լոքյանը
հրաժարվում է վճարել այն գումարը, որը Սիլվին տվել է տարածքի դիմաց: «Փողը
կբերես՝ կստանաս, չէ՝ չես ստանա, ուզում ես ձրի հող ստանա՞ս»,- Լոքյանին
ասել է Սիլվին:
Հ. Գ. Վերոնշյալ խնդիրներին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա համարներում: