Ազգային ջազի վերածնունդը

07/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցության (ԱՎԿ) բազեյանական թեւը վերջապես դարձավ ռամկավար: Այս որոշումը կայացվեց ԱՎԿ երեկվա համագումարի ժամանակ, որն աչքի էր ընկնում երիտասարդների առատությամբ:

Մի քանի տասնյակ երիտասարդներ անլուրջ տրամադրությամբ, ԱՎ կուսակցության մանդատները ձեռքներին, շրջում էին միջանցքներով: Այս հանգամանքը կասկածի տեղիք տվեց, եւ փորձեցինք ճշտել, թե ովքե՞ր են նրանք, կուսակցության ո՞ր կառույցի անդամներն են եւ, ընդհանրապես, ինչո՞ւ են եկել այս համագումարին: Երիտասարդները պատասխանեցին, որ ջազ քոլեջի ուսանողներ են եւ ընդհանրապես չգիտեն, թե ուր են եկել, եւ տեղյակ չեն, թե իրենից ի՞նչ է ներկայացնում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Նրանք այդտեղ էին եկել իրենց դասախոս Գեւորգ Անդրիկյանի պահանջով: Իսկ վերջինս ԱՎԿ քաղխորհրդի անդամ է: Ուսանողները նաեւ տեղեկացրին, որ Գ. Անդրիկյանը համագումարի է բերել քոլեջի 3-րդ կուրսի ուսանողների, որոնք թվով 100-ից ավելի են: Դասախոսը ուսանողներին նաեւ կարգադրել է, որ երբ Ա. Բազեյանը հարցնի, թե ովքեր են կողմ, որ ԱՎԿ-ն միանա Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (ՀՌԱԿ), բոլորը կողմ քվեարկեն՝ մանդատները վեր բարձրացնելով: Քվեարկության ժամանակ այդպես էլ եղավ: Միայն երկու ուսանողներ սկզբում փորձեցին դեմ քվեարկել, սակայն ԱՎԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը նրանց անմիջապես հարցրեց` «իսկապե՞ս դեմ եք», որից հետո այդ երկու երիտասարդները կողմ քվեարկեցին, «թյուրիմացությունը» հարթվեց, եւ ԱՎԿ-ն լուծարելու ու ՀՌԱԿ-ին միանալու հարցը միաձայն որոշվեց: Ուսանողներից բացի, համագումարին ներկա էին նաեւ «Դաշինք» կուսակցության որոշ անդամներ: Ըստ ԱՎԿ նախագահ Ալբերտ Բազեյանի` այդ ուսանողներն իրենց երիտասարդական թեւի անդամ են, իսկ մյուսները պարզապես հյուրեր են: Ուսանողները, սակայն, մեզ հետ զրույցի ժամանակ հերքեցին, որ ԱՎԿ անդամ են: Իսկ համագումարից հետո նրանք ասացին, որ մանդատները ստանալուց հետո պարզել են, որ իրենք իրենց կամքից անկախ դարձել են ԱՎԿ անդամ:

ԱՎԿ համագումարը, առանց որեւէ ձեւականությունների, կարճ եւ կոնկրետ միջոցառում էր, որը տեւեց ընդամենը 33 րոպե: Ճիշտ այդքան էլ տեւեց լրագրողների հետ հարցուպատասխանը: ԱՎ կուսակցության լուծարման համագումարին ներկա էին միայն ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ «Դաշինք» կուսակցությունից Գնել Ղլեչյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանը չի եկել, որովհետեւ վատառողջ է: Համագումարում առաջինը ելույթ ունեցավ Ա. Բազեյանը եւ բացատրեց, թե ինչու է միանում ՀՌԱԿ-ին: «Հիմնադրելով ԱՎԿ-ն, ըստ իս, մենք գերագնահատել էինք մեր հնարավորությունները,- ասաց պարոն Բազեյանը: -Հանրությունն առանձնապես չոգեւորվեց մեզանով, եւ մարդկանց հոսքը դեպի կուսակցություն ինտենսիվ բնույթ չկրեց: Իսկ առարկայական պատճառն այն էր, որ մեզ չհաջողվեց գտնել միջոցներ կուսակցության պահպանման ծախսերը հոգալու համար… Կուսակցությունը միջոց է պետության զարգացումն ապահովող այլընտրանքային ծրագրեր մշակելու, քաղաքային գործընթացներին մասնակցելու, որդեգրած գաղափարները քարոզելու եւ հանրության վստահության քվեն ստանալու պարագայում սեփական ծրագրերն իրագործելու համար: Ես կարծում եմ, որ առաջնորդվելով նեղ կուսակցության շահերով եւ շարունակելով գործել որպես առանձին կուսակցություն, տեսանելի ապագայում մենք չենք կարող նման հնարավորություն ունենալ: Ահա թե ինչու ՀՌԱԿ եւ «Դաշինք» կուսակցությունների ղեկավար մարմինների հետ մենք ծավալեցինք քննարկումներ եւ եկանք համաձայնության կուսակցությունների միաձուլման գործընթաց սկսելու համար: Հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ այս նախաձեռնությունը պայմանավորված չէ առաջիկա նախագահական ընտրություններով, այն հեռանկարային ծրագիր է եւ միտված է ապագային»:

Բավականին կարճ էին Գ. Ղլեչյանի եւ Հ. Առաքելյանի ելույթները: Վերջինս իր խոսքը հիմնականում նվիրեց լրագրողներին, թե նրանք ճիշտ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Հետո մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց դեպի իր կուսակցության դարավոր անցյալը: Համագումարի վերջում Ա. Բազեյանը պատասխանեց լրագրողների հարցերին: ԱՎԿ նախկին համագումարով հաստատված կանոնադրության համաձայն՝ քաղխորհրդի նիստում քվորումն ապահովված է լինում, եթե մասնակցում են 6 անդամներ, այնինչ իրենք նիստ են արել եւ համագումար հրավիրել 5 հոգով: Կուսակցության մյուս հիմնադիրը` Վաղարշակ Հարությունյանը եւ եւս երեք անդամները, ովքեր համաձայն չէին ՀՌԱԿ-ին միավորվելու գաղափարին, չեն մասնակցել: Նրանք նաեւ հայտարարել էին, թե համագումար հրավիրելու որոշումն անօրինական է, քանի որ դրան չեն մասնակցել քաղխորհրդի անդամների 2/3-ը՝ 9-ից 6-ը: Օրինակա՞ն է արդյոք այս համագումարը: Ա. Բազեյանը կասկած չունի: «Եղել է օրենքով սահմանված կարգով, եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով քաղաքական խորհրդի նիստ, կայացվել է որոշում համագումար հրավիրելու, հաստատվել է օրակարգը, եւ այն ուղարկվել է մեր կուսակցական կազմակերպություններին: Այն կազմակերպությունները, որոնք այսօր ներկա չեն, կարող էին բողոքարկել իրենց հեռացման խնդիրը»,- պատասխանեց պարոն Բազեյանը:

Իսկ Վ.Հարությունյանի մասին հարցերը հունից հանեցին պարոն Բազեյանին, եւ նա հայտարարեց, թե «Վաղարշակ Հարությունյանի թեման ինձ համար փակված է»:

«Այս հարցը փակելու համար մի երկու խոսք էլ ասեմ, ու վերջացնենք: Երբեւէ Վաղարշակ Հարությունյանին դուք տեսե՞լ եք որեւէ հեռուստաընկերությունում հեռուստաեթերով հանդես գալիս, որեւէ հանրահավաքում ելույթ ունենալիս,- հարցրեց արդեն ՀՌԱԿ շարքային անդամ Ա. Բազեյանը: – Քաղաքականությունը դա հրապարակային գործունեություն է, ոչ թե տանը նստած, հեռախոսներով, կամ այս կամ այն խմբագրություն այցելելով: Վեց ամիս շարունակ ես փնտրել եմ այդ մարդկանց: Լրագրողները գուցե շոու էին սպասում: Դրանք ո՞վ էին, որ գային փորձեին, ինչ-որ բան: Դրանք կարո՞ղ են իմ դեմքին նայել եւ այն, ինչ ասում են, դեմս ասել: Հիմա սա թողնենք, ես խնդրում եմ անլուրջ մարդկանց մասին այլեւս չխոսենք, մնացած իրավունքը ձերն է»:

Իսկ միավորվելուն պատրաստ Ա. Բազեյանն ինչո՞ւ չմիացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ինքը (Լ. Տեր-Պետրոսյանը.- Ա.Ա.) եւ իր կողմնակիցներն այդ միասնական թեկնածուին տեսնում էին միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանին,- ասում է Ա. Բազեյանը: -Դրա համար էլ այդպես ստացվեց՝ տարբեր թեկնածուներ գնացին-առաջադրեցին իրենց թեկնածությունները: Եվ քաղաքական գործիչը, եթե անում է հայտարարություն, եթե պրագմատիկ գործիչ է, ուրեմն պետք է կարողանա հասնել այն բանին, որ իր արտահայտած տեսակետները կյանքում կենսագործվեն: Այսինքն, իրենք չգնացին միավորման ճանապարհով, իրենք առաջադրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ մնացած բոլորի առաջ պայման դրեցին` կամ միանում ես Լեւոն Տեր-Պետրոսյանին, կամ քեզ համարում ենք ազգի դավաճան, ծախված»:

Հ.Գ.
Լրագրողների հետ հարցուպատասխանից հետո բանավեճ առաջացավ մի քանի լրագրողների եւ ԱՎԿ ակտիվիստների միջեւ: Նրանց զայրացրել էին Ա. Բազեյանին ուղղված՝ համագումար բերված երիտասարդների, Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ նախագահական ընտրությունների, թեկնածուների մասին հարցերը: Ա. Բազեյանը մի քանի հարցերի պատասխանելուց հետո հանկարծ բորբոքվեց ու զայրացած բացականչելով` «Կեսը Լեւոնի վրա են խփնված, կեսը՝ Սերժի», հեռացավ: