«Զուռնա-դհոլ-2008»-ն՝ ընդդեմ «Լեգիտիմ նախագահ 2008»-ի

07/12/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանն ընդառաջ քաղաքական որոշ ուժեր փորձում են համատեղել ջանքերը՝ 2008թ. փետրվարի 19-ին երկրում հերթական ոչ լեգիտիմ նախագահի ընտրությունը բացառելու նպատակով:

Նախօրեին իրենց այս մտադրության մասին հայտարարեցին «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Իրենց այս նախաձեռնությունը նրանք անվանում են՝ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժում: Շարժման բոլոր նախաձեռնողներն էլ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում սատարում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լ. Սարգսյանը վստահեցրել է, որ իրենց շարժմանն աջակցում են առաջին նախագահին սատարող բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, մտավորականների ֆորումը: Ի դեպ, Գ. Եղիազարյանն ԱԺ վերջին ընտրություններին մասնակցում էր «Նոր Ժամանակների» համամասնական ցուցակով, իսկ այսօր սատարում է ՀՀ առաջին նախագահին: Իսկ Գ. Մարգարյանն էլ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ միասին ոչ անհայտ «հակակրիմինալ շարժման» առաջամարտիկներից էր: Ի դեպ, ըստ նրա, «Լեգիտիմ նախագահ 2008»-ը «հակակրիմինալ շարժման» շարունակությունն է: Գ. Մարգարյանը եւս այսօր սատարում է Լ. Տեր-Պետրոսյանին: Ուշագրավ է, որ լեգիտիմ նախագահ ունենալու միտքն առայժմ միավորել է միայն ՀՀ առաջին նախագահի կողմնակիցներին: Մի՞թե քաղաքական այլ ուժեր չեն կարեւորում ՀՀ ապագա նախագահի լեգիտիմությունը: Շարժման նախաձեռնողները նկատել են, որ ճիշտ կլիներ, որպեսզի «Լեգիտիմ նախագահ-2008» շարժմանը միանային նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք թեեւ չեն սատարում առաջին նախագահին, բայց ցանկանում են՝ ազատ եւ արդար ընտրություններ լինեն, որոնց կարեւորության մասին, ի դեպ, հրապարակայնորեն շատերն են սիրում խոսել: Երեկ փորձեցինք պարզել, թե բացի Լ. Տեր-Պետրոսյանին սատարող ուժերից, ո՞ր քաղաքական ուժերն են պատրաստ համատեղել ջանքերը՝ 2008 թվականին ՀՀ լեգիտիմ նախագահ ունենալու համար: Թվում էր, թե լեգիտիմ նախագահ ունենալու հեռանկարն ամենեւին էլ վատ բան չէ, ու ցանկացած քաղաքական ուժ պետք է շահագրգռված լիներ նման հեռանկար ապահովելու գործում ունենալ իր ներդրումը: Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ: Քաղաքական ուժերը դեռեւս չեն շտապում տեսակետ արտահայտել «Լեգիտիմ նախագահ-2008»-ի կապակցությամբ: Օրինակ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ փոխանցեց, որ ինքն այս եւ այլ հարցերի կանդրադառնա այսօր կայանալիք մամուլի ասուլիսում, իսկ մինչ այդ ոչ մի բան չի ուզում ասել: «Օրինաց երկրում» էլ ընդհանրապես չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է պատրաստվում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերում հստակություն մտցնել այսօր՝ իր գլխավորած կուսակցության ղեկավար մարմնի հավաքի ժամանակ:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանին, ապա Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է. «Եթե մարդը 5-6 տարի իրեն համարում էր ընդդիմադիր եւ քարկոծելով իշխանությանը՝ փորձում էր դիվիդենտներ հավաքել, իսկ այսօր գովերգում է նույն իշխանություններին, գնահատականը միանշանակ է՝ անբարոյական կեցվածք»: Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանություններին, մասնավորապես «գործիք» բառի՝ քոչարյանական ընկալմանը, «Լեգիտիմ նախագահ-2008»-ի նախաձեռնողներից Գ. Եղիազարյանը փորձել է խոսել համարժեք լեզվով, որպեսզի իրենց խոսքը «հայերեն մի քիչ լավ չիմացող» հայրենի իշխանությունները հասկանան: Առաջին նախագահի դեմ ուղղված Գեղամյանի մեկնաբանությունները պարոն Եղիազարյանը, որն, ի դեպ, ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանի, ապա` Արամ Կարապետյանի կողքին, հիշեցրել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի՝ Գեղամյանին տված բնորոշումը՝ «դհոլի պես դատարկ մարդ»: Եղիազարյանը կիսում է վարչապետի այս տեսակետն ու նկատում. «Դհոլը նույնպես գործիք է: Այն երաժշտական գործիք է, հարվածային գործիք է: Դհոլին ուժեղ հարվածելու դեպքում այն կարող է պատռվել: Այսինքն՝ հարվածային գործիքները կարող ես օգտագործել անժամկետ եւ մի անգամ: Սերժ Սարգսյանի նշած դհոլը մեկանգամյա օգտագործման համար է, եւ լավ կլիներ, որ այն օգտագործելուց հետո դեն շպրտվեր»: Դհոլի թեմայից անցում կատարենք ավելի լուրջ հարցերի: Օրինակ՝ ինչպե՞ս են «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնության անդամները մտադիր հասնել իրենց հռչակած նպատակին՝ 2008-ին ունենալ ՀՀ լեգիտիմ նախագահ: Նախաձեռնողները նախագահի՝ պաշտոն ունեցող թեկնածուներին կոչ են արել հրաժարական տալ, ինչն, ըստ նրանց, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւոր նախապայման է: Հրաժարականի կոչն ուղղվել է նախեւառաջ վարչապետ ու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նրանք պատրաստվում են նաեւ ներկայացնել ԱԺ վերջին ընտրության ժամանակ եղած ընտրակեղծիքների փաստեր, ընտրողներին բացատրել իրենց ձայնը վաճառելու հետեւանքները եւ այլն: Թե այս ամենն ինչպես է նպաստելու ապագա նախագահի լեգիտիմ լինելուն՝ դատեք ինքներդ: