Այսօր տեղի կունենա ԱԺ այս գումարման հերթական՝ վերջին նիստը, եւ եթե արտահերթ նստաշրջան չգումարվի, պատգամավորները կմեկնեն «վաստակած» հանգստի: Բայց ոչ թե արտասահմաններ, ինչպես սովորաբար լինում է, այլ` հայրական տուն: Այսինքն` մարզեր, գյուղեր` ժողովրդի հետ նախընտրական հարցերը կարգավորելու: Իսկ երեկ այս գումարման ԱԺ-ի վերջին` կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն էր, եւ դատելով ընդդիմադիր պատգամավորների հարցերից` համեմված ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված դրական ու քնքուշ գնահատականներով, կարող ենք չզարմանալ, եթե նրանք էլ այս ընթացքում զբաղվեն հենց Սերժ Սարգսյանի քարոզչությամբ:
Պատգամավորների հարցերը
Օրինակ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, կառավարությանը գրավոր հարց էր ուղղել` առաջարկելով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու 1989 թվականից մինչ օրս աղետի գոտուն տրամադրված գումարների օգտակար գործողության գործակիցը, որովհետեւ, ըստ Վ. Դալլաքյանի` երկրաշարժից 20 տարի անց, այսինքն` այսօր, 30.000 մարդ դեռեւս անօթեւան է: Հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես երեկ հայտարարեց Ս. Սարգսյանը, անձամբ ինքը դեմ է. «Ես դեմ եմ այդպիսի հանձնաժողովներ ստեղծելուն, եւ վերադառնալուն՝ 1989 թվականից ստուգումներ կատարելուն: Շատ պարզ պատճառներով: Ես ավելի կողմ կլինեմ, խնդրեմ, վերջին 3-4 տարիները ստուգենք, բայց 1989-ին վերադառնալը դա նշանակում է՝ բոլորովին այլ բան եւ ապարդյուն աշխատանք: Դա նմանվելու է նախկինում ձեւավորված նման հանձնաժողովների աշխատանքին: Սրանով ես չեմ ուզում ասել, թե ԱԺ-ն ոչ արդյունավետ հանձնաժողովներ է ձեւավորել: Մոտեցումը սա է: Մենք անպայման վերջնաժամկետ կնշենք, թե մեր կարծիքով ո՞ր թվականին վերջնականապես կլուծվի աղետից տուժած մարդկանց բնակարանային եւ մնացած խնդիրները»,- պատասխանեց Ս. Սարգսյանը: Վ. Դալլաքյանն ի պատասխան հայտարարեց, թե միայն այն, որ իր հարցադրմանը պատասխանում է անձամբ վարչապետ Ս. Սարգսյանը, արդեն իսկ դրական է, որովհետեւ դա նշանակում է` «վերաբերմունք աղետի գոտու հիմնախնդիրներին»: Բացի այդ` Վ. Դալլաքյանն ասաց, որ ինքը դրական է գնահատում նաեւ այն, որ կոնկրետ Ս. Սարգսյանը մշտապես ընդունել է Վանաձորի հետ կապված իր բոլոր առաջարկությունները: Ու քանի որ Ս. Սարգսյանը միշտ ընդունել է Վանաձորի հետ կապված իր առաջարկները, երեկ Վ. Դալլաքյանը Վանաձորի հետ կապված եւս մեկ առաջարկ արեց Ս. Սարգսյանին։ Սակայն այս անգամ վերջինս մասամբ մերժեց: Վ. Դալլաքյանը Ս. Սարգսյանին առաջարկում էր Վանաձորում կառավարության արտագնա նիստ հրավիրել, աղետի գոտու բոլոր քաղաքապետերի եւ մարզպետերի մասնակցությամբ եւ վերջնականապես քննարկել այդ հիմնախնդիրը: «Հիշեցնեմ կատակով, որ Վանաձորում իմ մրցակցին դուք սատարում էիք, որ նրա ձայնը լավ կլսվի ԱԺ-ում, ինչպես տեսնում եք` իմ ձայնն է լավ լսվում ԱԺ-ում»,- առաջարկի վերջում հայտարարեց Վ. Դալլաքյանը: Ս. Սարգսյանն էլ արձագանքեց, որ ոչ միայն ինքը, այլեւ որեւէ մեկը «չի կասկածում նրա ձայնի վրա»` ավելացնելով. «Գիտեմ, որ ձեր ձայնը եւ՛ հուժկու է, եւ՛ ազդեցիկ: Բայց այդ հրավերը երեւի մենք չընդունենք, բայց առաջարկում եմ, որպեսզի Վանաձորում դեկտեմբեր ամսին ԱԺ պատգամավորների ներկայությամբ մեծ խորհրդակցություն անենք եւ քննարկենք Վանաձորի եւ ընդհանրապես Լոռու տարածաշրջանի խնդիրները, որոնք բխում են երկրաշարժից: Բայց ընդհանրապես անթույլատրելի է, որ ժամանակակից աշխարհում մարդն օթեւան չունենա` անկախ նրանից, երկրաշարժի հետեւա՞նք է, թե՞ ոչ»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին ոչ թե մտահոգում էր, ասենք, այն, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը մերժեց իր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ որոշումը վերանայել, այլ Երեւանում տեղի ունեցող շինարարությունը: Փոստանջյանը նախ շնորհակալություն հայտնեց Ս. Սարգսյանին՝ իր հնչեցրած նմանատիպ հարցերից մեկի լուծմանը դրական դերակատարում ունենալու համար: Խոսքը Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցող ապօրինի ծառահատման մասին է, որտեղ, ըստ Փոստանջյանի` պարզվում է, ծառ է տնկել ոչ միայն ինքը, այլեւս Ս. Սարգսյանը: «Իհարկե, նաեւ «Ժառանգություն» խմբակցության շնորհիվ ի սկզբանե կանխվեցին ապօրինությունները»,- ասաց Զ. Փոստանջյանն ու անցավ Եղբայրություն փողոցում տեղի ունեցող «ապօրինի ծառահատմանը»: Նա ցանկանում էր Ս. Սարգսյանից իմանալ` արդյոք նա պատրաստվո՞ւմ է տվյալ տարածքի վերաբերյալ նույնպես դրսեւորել դրական միջամտություն: Ս. Սարգսյանը` բարձր գնահատելով ընդդիմադիր պատգամավորի «բարի վերաբերմունքը», նկատեց. «Ինչ վերաբերում է ձեր խմբակցության ուժերով կանգնեցված այդ ապօրինի ծառահատմանը. ես զարմանում եմ` եթե դուք այդ հնարավորություններն ունեք` ինչո՞ւ այս երկրի բոլոր խնդիրները չեք լուծում: Մի երկու օրում լուծեք-պրծեք, էլի, հետաքրքիր բան եք ասում: Իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ, որ դա ինձ համար նորություն է, բայց, ճանաչելով որոշ մարդկանց գործունեությունը, միանգամից հակված չեմ հավատալու, որ այդ ամեն ինչն ապօրինություն է կամ, իրոք, այնտեղ տեղի է ունեցել ծառահատում: Մենք կստուգենք եւ ձեզ տեղյակ կպահենք: Ընդ որում` դա կանենք հաճույքով»:
Լրագրողների հարցերը
Չնայած «Ժառանգության» պատգամավորներին ամենեւին էլ չէր հետաքրքրում իրենց ղեկավարին նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չտալու հանգամանքը, այդուհանդերձ, երեկ լրագրողները Ս. Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նա գնահատում ընտրապայքարից Րաֆֆի Հովհաննիսյանի դուրս մնալը: Պարզվեց` վատ, բայց պարտադրված: «Նման չգրանցումը ես գնահատում եմ պարտադրված քայլ իշխանությունների կողմից: Ես, իրոք, ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Ր. Հովհաննիսյանի մասնակցելու հետ կապված ընտրություններում, որովհետեւ, կարծում եմ` ինքը կարող էր դրական դերակատարություն կատարել: Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված ժամկետները պաշտպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկ ուրիշը, ով, ենթադրենք,
4-5 տոկոս է հավաքել, բողոքարկում է Սահմանադրական դատարան, մեզ մեղադրելով անօրինական թեկնածուի գրանցելու հետ կապված եւ պահանջում է ընտրությունները ճանաչել անվավեր: Ինչպե՞ս պետք է անենք: Հո մենք չե՞նք կարող ամեն անգամ ընտրական պրոցեսների մեջ մտնել: Սա է, բայց կարծում եմ, որ նրա մասնակցությունը մի քանի տեսանկյունից լավ կլիներ, ինչ-որ տեղ վստահ եմ, որ հանդարտություն կլիներ ընտրական պրոցեսում, եւ մարդիկ, ովքեր հույս ունեն երկրորդ տեղը վերցնելու, երրորդ, չորրորդ տեղը, կարող է մի աստիճանով հետ գնային»:
«Առավոտի» թղթակցի հարցը վերաբերում էր եզդիների համայնքի հայտարարությանը՝ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ: Լրագրողը՝ հիշեցնելով, թե որոշ վերլուծաբաններ դա գնահատել են խիստ վտանգավոր եւ մտահոգիչ, Ս. Սարգսյանից հետաքրքրվեց` «Դուք ո՞ւմ թեկնածուն եք»: «Գիտեք, չարությունը գնահատելը չափազանց բարդ է: Անշուշտ, ծանոթ եմ այդ գնահատականներին եւ չեմ ուզում մեկնաբանել այդ գնահատականները: Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի նախկին վարչապետ պարոն Չեռնոմիրդինի նախկին ասածը` ուզում էին անել լավ, ստացվեց՝ ինչպես միշտ: Այս անգամ էլ ուզում էին ինձ խայթել, չստացվեց ուղղակի: Որովհետեւ իրոք ես հպարտ եմ, որ եզդիները հայտարարում են, որ ես իրենց թեկնածուն եմ: Ես շատ ուրախ կլինեի, շատ-շատ ուրախ կլինեի, որ նման հայտարարությամբ հանդես գային հրեաները, ռուսները, ասորիները, քրդերը, նրանք, որ Հայաստանում են ապրում: Անշուշտ, փոքրամասնությունների մասին է խոսքը, դրա համար ես հայերի մասին չեմ խոսում, որովհետեւ Հայաստանի նախագահը պետք է լինի բոլորի նախագահը: Որովհետեւ անհնար է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար: Ես զարմանում եմ ուղղակի մարդկանց կարճամտության վրա: Բայց այնուհանդերձ առաջարկում եմ հումորով ընդունել»,- պատասխանեց Ս. Սարգսյանը:
«Հայքի» թղթակցի հարցին էլ, թե վերջերս Արտաշես Գեղամյանի հետ հանդիպումից հետո նա արդյոք փոխե՞լ է 2003թ. իր այն գնահատականը, թե Ա.Գեղամյանն արժե «1 զրո պակաս»` համեմատելով նրան «դատարկ դհոլի» հետ, պատասխանեց. «Հանրապետությունում ի հայտ են եկել քաղաքական գործիչներ, ովքեր իրենց դատարկությամբ գերազանցում են շատ-շատերին»: