Պատճառները դեռ կպարզվեն

07/12/2007

«Lragir.am»-ի թղթակցի հարցին, թե` դոլարի արժեզրկման շարունակական գործընթացը եւ հատկապես մի քանի օր առաջ` հանգստյան օրերին, տարադրամի փոխանակման կետերում տեղի ունեցած կտրուկ տատանումն արդյոք չի՞ մտահոգում կառավարությանը, երբ ֆինանսական շուկան կարող է նման կտրուկ ցնցում ապրել, ինչը, թերեւս, արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ-ում պատասխանել է. «Դոլարի արժեզրկումը շատ մտահոգիչ հանգամանք է: Գիտեք, մեր տնտեսությունը բաց է ու փոքր, ուստի խոցելի է: Որպեսզի պատկերավոր լինի, բերեմ հետեւյալ օրինակը. փոթորիկն օվկիանոսում առաջին հերթին վտանգ է ներկայացնում փոքր նավակների եւ նավերի համար: Մեծ նավերի համար այդ փոթորիկն այդքան էլ վտանգավոր չէ: Նույնը մեր պարագայում է: Համաշխարհային շուկաներում տեղի ունեցող այս մրրիկը շատ վտանգավոր է մեզ համար: Սա՝ մի հանգամանք: Երկրորդ հանգամանքն այն է, որ այս բոլոր խնդիրներին գումարվում է մի առանձնահատկություն: Մեր քաղաքացիները, մեծ, ահռելի մեծ գումարներ են ստանում իրենց բարեկամներից, որ բնակվում են, առաջին հերթին, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Այսինքն` այդ օգնությունները ստանում են դոլարով: Մի կողմից՝ այս մարդկանց վիճակն է վատթարանում, որովհետեւ գները չեն իջնում, իսկ, ենթադրենք, պայմանական 100 դոլարն ավելի քիչ դրամ է դառնում, եւ երկրորդ` լրացուցիչ հանգամանք են դառնում դրամի արժեւորման, որովհետեւ մեծ դոլարային զանգված է գալիս: Պարզ է, որ կառավարությանը դա մտահոգում է, պարզ է, որ մենք լուրջ քայլեր ենք անում, մանավանդ, որ դոլարի արժեզրկումը չի նպաստում արտահանման խթանմանը: Իսկ մենք խնդիր ունենք մեծացնելու եւ անընդհատ մեծացնելու մեր համախառն ներքին արդյունքը»: Ըստ Ս. Սարգսյանի` ձեռնարկվող քայլերը մեկ շաբաթում կամ մեկ-երկու ամսում արդյունքներ չեն կարող ունենալ, դրանք շատ դրական արդյունքներ կտան երկարաժամկետ հատվածում: «Իսկ ամենամտահոգիչը հենց դա է, որ մի օրում 20 դրամի տատանում եղավ: Խնդրով զբաղվում ենք, եւ սա է, որ կախված չէ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներից, այլ պետք է տեսնենք, թե որն է եղել ամենահիմնական պատճառը: Արդյո՞ք կատարվել է ինչ-որ մի քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը: Արդյո՞ք զուտ սպեկուլյացիա է եղել փող աշխատելու համար, թե՞ ուրիշ ինչ-որ այլ պրոցեսներ են եղել: Ենթադրենք` այլ երկրների միջամտություն եւ այլն»,- ասաց Սերժ Սարգսյանը: