Ես ատում նրանց, ովքեր ինձ հակաճառում են:
Եվ արհամարհում եմ նրանց, ովքեր ինձ ծառայում են:
Ռուսաստանի կայսր Նիկոլայ I։
Թերարժեքության բարդույթն առաջ է գալիս բազմաթիվ սխալների եւ անհաջողությունների արդյունքում եւ հետագայում մեծ ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա: Գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը, ով առաջինը ուսումնասիրեց եւ նկարագրեց անլիարժեքության բարդույթը, գրում էր, որ այդ բարդույթով տառապող մարդիկ իրենք իրենց դիտարկում են որպես չնչին եւ խոցված էակներ: Այդ բարդույթի ազդակներից են մարդկանց հետ շփվելու վախը, սխալվելու վախը, պերմանենտ լարվածությունը: Սովորաբար նման մարդիկ անպայման ուզում են լինել շրջապատի ուշադրության կենտրոնում: Հաճախ անլիարժեքության բարդույթով տառապող մարդիկ փորձում են փոխհատուցել իրենց թերարժեքությունը ագրեսիվությամբ, ինչպես նաեւ հատուկ խորհրդանիշներով` թանկարժեք ավտոմեքենաներով, հագուստով, ինչպես նաեւ՝ չափից դուրս մեծամտությամբ:
Եթե մի պահ շեղվենք թեմայից եւ փորձենք մտաբերել վերոնշյալ վարքով մարդկանց, ապա, համաձայնեք, որ Ձեր աչքի առջեւ բազմաթիվ ծանոթ դեմքեր կհայտնվեն: Հատկապես հայաստանյան քաղաքական եւ շոու-բիզնեսի բնագավառից: Եվ դա պատահական չէ: Հենց այս բնագավառում են հաճախ հանդիպում այն մարդիկ, ովքեր ոչ մի այլ ոլորտում չէին կարող հասնել հաջողության: Իսկ նման մարդիկ անպայման ուզում են շրջապատին, այնուամենայնիվ, ինչ-որ բան ապացուցել: Ի դեպ, նույն Ա. Ադլերն իր մեկ այլ հոդվածում նշում է, որ որքան էլ առաջին հայացքից հակասական թվա, բայց տարիների ընթացքում եւ բավարար օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պայմանների առկայության դեպքում թերարժեքության բարդույթը վեր է ածվում գերազանցության բարդույթի:
Օրինակ, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ՀՀ նախագահի թեկնածու չգրանցելու կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու օր առաջ հայտարարեց, որ «… Քաղաքական առումով մեզ իսկապես ձեռնտու կլիներ, որ նա մասնակցեր: Նաեւ ընդդիմադիր ձայները ինչ-որ չափով կփոշիանային: Միգուցե այդքան էլ ճիշտ տերմին չեմ օգտագործում, բայց իսկապես ձեռնտու կլիներ: Ի դեպ, 2003թ. կար օրինական ուժ ստացած դատավճիռ, որը վերաբերում էր հենց այդ գործչի Հայաստանում ապրելու 10 տարվա ցենզին, ու դրանից հետո այդ վճիռը չբողոքարկվեց ու, որից հետո անցավ 4 տարի: Ինքը գիտեր եւ կարող էր բողոքարկել, կարող էր դիմել ավելի բարձր ատյաններ, կարող էր ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ վիճակը շտկելու համար: Ես չգիտեմ՝ ինչ վերջնական լուծում կտա դատարանը, բայց դատարանի վճիռը մենք հարգելու ենք բոլոր առումներով: Անկեղծ ասած` կցանկանայի, որ նա մասնակցեր` մի քիչ կուրախանայինք»: Ինչ խոսք, ոչ միայն Արամ Կարապետյանը, այլեւ` Տիգրան Կարապետյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արտաշես Գեղամյանը եւ էլի շատ-շատերը (իհարկե, թվարկածս անձանցից ոչ բոլորն են առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու) եթե չլինեին ՀՀ ներքաղաքական ներկապնակում, ապա մեր կյանքը շատ տխուր կլիներ, բայց ինչո՞ւ է այդ մասին խոսում երկրի առաջին դեմքը: Այս առիթով լրատվական-վերլուծական կայքերից մեկը` www.armtoday.info-ն երեկ ՀՀ նախագահին հիշեցրել է, որ «1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ ԿԸՀ-ը առանց որեւէ պրոբլեմի գրանցեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որը մինչեւ 1997թ. մարտի 20-ը հանդիսանում էր ԼՂՀ քաղաքացի, որտեղ ապրում եւ աշխատում էր, որպես ԼՂՀ նախագահ: Բայց, եթե ղեկավարվենք նախագահի վերոնշյալ լոգիկայով, ապա նա իրավունք չուներ գրանցվեր ոչ միայն 1998-ին, այլ 2003-ին էլ»: Չգիտեմ` ի՞նչ իրավունք ուներ ՀՀ նախագահը այդ թվականներին, բայց հաստատ գիտեմ, որ պարոն Քոչարյանի այն դիտարկումը, թե այդ գործիչը 4 տարի ուներ եւ կարող էր բողոքարկել ավելի բարձր ատյաններում, առնվազն ճիշտ չէ, քանզի ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ առաջին ատյանի դատարանի նման որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն: Մի հիշեցում եւս` «Ռոյալ Արմենիային» վերաբերող Պարգեւ Օհանյանի ընդունած որոշումն էլ էր դատարանի վճիռ: Ցավոք, այն չհարգվեց: Վերադառնալով անլիարժեքության բարդույթին, նշենք, որ, ի տարբերություն այդ բարդույթով տառապող այլ ազգերի ներկայացուցիչների, մեր քաղաքական գործիչներն ու երգիչ-երգչուհիները վախենում են մարդկանց հետ շփվելուց (օրինակ՝ լրագրողների) ոչ միայն վերոնշյալ պատճառով: Կա մի պատճառ եւս, որ բազմիցս նշել ենք` պարզապես նրանք խոսել չգիտեն եւ չեն տիրապետում էթիկայի տարրական նորմերին եւ վախենում են խայտառակ լինել: Թեմային ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ Ալֆրեդ Ադլերի «Ապրելու գիտություն» («Նաուկա ժիտ») գիրքը: