Ի՞նչ է ասել «ԳԵԼԼԱՊԸ» մերոնց ականջին

07/12/2007 Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն անցկացրած սոցհարցումները, որոնք նախապատրաստել եւ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup Organization (Dr. R.Alisauskiene)»-ը, օրերս ներկայացրել է Հայաստանի քաղաքական 13 գործիչների վարկանիշերը: Հետազոտությունը պատվիրել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, որը ֆինանսավորել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին:

Սոցհարցումներին մասնակցել են ՀՀ 1200` 18 տարեկան եւ բարձր տարիքի բնակիչներ: Հարցման մասնակիցների 41 %-ը երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից է համարում գործազրկությունը, 31%-ը` սոցիալ-տնտեսական իրավիճակը, 19%-ը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ իշխանափոխությունը եւ նախագահական ընտրությունները որպես երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիր՝ նշել է հարցվածների ընդամենը 3%-ը: Հարցվածների 65%-ի համար իբրեւ սոցիալական բողոքի ձեւ անընդունելի են չարտոնված ցույցերը, 67%-ի համար՝ չարտոնված գործադուլները եւ 81%-ի համար՝ շենքեր ու հաստատություններ գրավելը: Այսինքն` բնակչությունը միայն «սահմանադրական ճանապարհով գնալու» կողմնակից է: «Գելլապը», որ ժամանակ առ ժամանակ սոցհարցումներ է կազմակերպում ՀՀ-ում, իր 2006թ. հարցումներում անդրադարձել էր իշխանափոխության հարցին, եւ ՀՀ բնակչության 67-70 տոկոսն անընդունելի էր համարել Հայաստանում հեղափոխության ճանապարհով իշխանափոխությունը: ՀՀ բնակիչներն այս հարցումներում կարեւորել են սոցիալական խնդիրները: Այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանություններն առաջին հերթին, որպեսզի ՀՀ բնակչության մեծամասնության աջակցությունը ստանան, հարցվածների 32%-ը պատասխանել է, թե պետք է աշխատատեղեր ստեղծեն, 22%-ի կարծիքով՝ իշխանությունները պետք է բարձրացնեն աշխատավարձերը եւ թոշակները, իսկ 20%-ի կարծիքով՝ նրանք պետք է բարելավեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: 2006թ. ընթացքում ՀՀ իշխանությունների թույլ տված ամենամեծ սխալներն, ըստ հարցմանը մասնակցած քաղաքացիների, գների աճը չկանխելն է` 33%, կոռուպցիայի դեմ անբավարար պայքարը` 11%, եւ տնտեսական խնդիրները` 8%: Ընդ որում, օրենքներն անտեսելը կարեւորել է հարցվածների միայն 4%-ը, իսկ օրենքների խախտումը սխալ է համարել ընդամենը 2%-ը:

Հետաքրքիրն այն է, որ հարցմանը մասնակից քաղաքացիներին երկրի վիճակի, զարգացման եւ իշխանությունների անելիքների մասին հարցերի բոլոր պատասխանների առաջին տեղերում աշխատատեղերի ստեղծումն է, աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումը, երկրի տնտեսության զարգացումը, ժողովրդին տրված խոստումների կատարումը, կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարի, գնաճի, երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտների վաճառքի, մարդկանց նկատմամբ իշխանությունների կողմից ուշադրության պակասի խնդիրները: Որքան էլ տարօրինակ է` երկրում դեմոկրատիայի հաստատման անհրաժեշտության, կրթական, առողջապահական համակարգերի զարգացման մասին հարցվող քաղաքացիների հիշատակումները չափազանց քիչ տոկոս են կազմում: Ժողովրդավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կարեւորել է հարցվածների միայն 3%-ը:

Մյուս կողմից, այն հարցին, թե՝ «Վախենո՞ւմ են Հայաստանի բնակիչները բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները», հարցվողների 31%-ը պատասխանել է. «Մեծամասնությունը վախենում է», իսկ 28%-ը պատասխանել է, որ շատերն են վախենում:

«Գելլապ» ընկերությունն իր այս հետազոտության մեջ անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի 13 հավանական թեկնածուների ռեյտինգներին` ներկայացնելով հասարակության վստահությունը նրանց հանդեպ: «Գելլապը» հետազոտությունն ավարտելուց հետո կուսակցություններին առանձին-առանձին ներկայացրել է տվյալ քաղաքական ուժի լիդերի ռեյտինգի ցուցանիշը: Կուսակցությանը ներկայացնելիս սանդղակում միայն նշել են տվյալ կուսակցության անունը (յուրաքանչյուրին` իր ցուցանիշը եւ իրենց թեկնածուի անունը): Ցանկացած կուսակցություն, քաղաքական գործիչ կարող է հրապարակել իր ցուցանիշները: Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) տրամադրած «Գելլապի»` 2007թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը կատարած հարցումների արդյունքը, ըստ որի՝ ՀՀԿ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ցուցակի առաջին տեղում է: Այն հարցին, թե «Նախագահի թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի (%)», հարցվածների մեծ մասը` 29%-ը նշել էր Սերժ Սարգսյանի անունը: Երեկ փորձեցինք կապվել քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու, թե հարցումներն ինչպիսի՞ ցուցանիշներ են արձանագրել քաղաքական մյուս գործիչների մասին հարցումներում: Ի դեպ, հետազոտող ընկերությունը քաղաքական 13 գործիչների անուններ է նշել հարցաթերթիկում, սակայն մենք չկարողացանք պարզել նրանց բոլորի անունները: Ամերիկյան հայտնի «Գելլապ» կազմակերպության հարցումների մասին երեկ ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը, «Առավոտ» թերթին ի պատասխան, ասել է, որ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը կազմում է 11%, եւ նա, փաստորեն, ցանկում 2-րդ տեղն է զբաղեցնում Սերժ Սարգսյանից հետո: Այսինքն` «Օրինաց երկիրը» գոհ է «Գելլապի» հարցումներից, միայն դժգոհ են հեռուստաեթերային անհավասարությունից, այն դեպքում, երբ իշխանական թեկնածուին տրվում է անսահմանափակ եթերաժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից ասացին, որ ըստ «Գելլապի»` Ր. Հովհաննիսյանը զբաղեցրել է 3-րդ տեղը` 9% վարկանիշով: «Ազգային Միաբանություն» կուսակցությունից մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Արտաշես Գեղամյանի ռեյտինգը «Գելլապի» հարցումներով կազմում է 7%: Այսինքն` զբաղեցնում է սանդղակի 4-րդ տեղը: Երեկ թեեւ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել Տիգրան Կարապետյանի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, սակայն մեզ հասած տվյալներով` այն հարցին, թե «Նախագահի թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի» Տ. Կարապետյանի օգտին պատասխանել են հարցվածների 5%-ը, իսկ Վ. Մանուկյանի օգտին, որքան էլ տարօրինակ է` 4%-ը: Այսինքն` նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են ցուցակի 5-րդ եւ 6-րդ տեղերը: Հայ Հեղափոխական դաշնակցությունից մեզ որեւէ տեղեկատվություն չտրամադրեցին, միայն ասացին, որ ՀՅԴ-ից երկու թեկնածուների անուններ են նշված եղել ցանկում` Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի անունները: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակից «Գելլապի» հետազոտության` Լ. Տեր-Պետրոսյանին տրված վարկանիշի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ «Գելլապն» իրենց չի տվել արդյունքները: Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, ըստ այդ հետազոտության՝ Լ. Տեր-Պետրոսյանի օգտին պատասխանել է հարցվածների 3%-ը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է «Գելլապը» ոչ բոլորին ներկայացրել իրենց հետազոտության արդյունքները, կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, որից փորձեցինք ճշտել մյուս թեկնածուների վարկանիշները, ասաց. «Իհարկե, սոցիոլոգիական նման ընկերությունները միշտ ունենում են արդյունքների որոշակի շեղումներ` 2-3 տոկոսի չափով սխալմունքներ, սակայն «Գելլապն» ամերիկյան շատ հայտնի ընկերություն է, որը գրեթե չի սխալվել իր գործունեության ողջ ընթացքում: Դիմեք «Գելլապին» եւ հարցրեք` արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակին չե՞ն տվել: Միգուցե արդյունքները շատ ցածր են, այդ պատճառով նրանք չե՞ն ցանկանում ներկայացնել թվերը: Էս հարցումներն էլ հո ամերիկյան ֆինանսավորմամբ է արվել, Ահարոն Ադիբեկյանի հարցումները չեն, որ ասեն, թե իշխանություններն են պատվիրել, ինչ ուզում՝ նկարում է: Սա ամերիկյան լուրջ, հեղինակավոր ընկերություն է արել»: Հիշեցնենք, որ «Գելլապը» միայն մեկ հարցումով չի սահմանափակվում եւ նախագահական, խորհրդարանական որեւէ ընտրության արդյունքներ հետազոտելիս՝ մինչեւ վերջնական եզրակացություններ ներկայացնելը, մշտապես մի քանի հարցումներ է անցկացնում:

«Գելլապի» այս հարցաթերթիկում հարցվողներին այլընտրանքային պատասխանի հնարավորություն է տրվել` «Այլ թեկնածու», «Չգիտեմ/ Պատասխան չկա», եւ «Ոչ մեկին»: Հարցվողների 1%-ը պատասխանել է «Այլ թեկնածուի» օգտին, 14%-ը` «Ոչ մեկի», 8%-ը պատասխանել է՝ «Չգիտեմ/ Պատասխան չկա»: Այսինքն` հարցված բնակիչների 23%-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե 2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ո՞ր թեկնածուի օգտին է քվեարկելու: Ասել է թե` 23%-ը, որ լուրջ տոկոս է, դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, եւ նախագահի ցանկացած թեկնածուի համար լուրջ ռեսուրս է, որին պետք է գրավել: Այստեղ կարեւոր է, թե հեռուստաեթերը որքանով բաց կլինի մյուս թեկնածուների համար, որքանով կհաղթահարվի եթերային անհավասարությունը, ինչպես նաեւ, թե թեկնածուները հասարակությանը հուզող վերոնշյալ խնդիրների լուծման հետ կապված նախընտրական ի՞նչ ծրագրեր կներկայացնեն: