Երկու օր շարունակ խոսակցություններ են շրջանառվում, թե երկուշաբթի գիշերը «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ փոխհրաձգություն է եղել, որին մասնակցել են նաեւ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Հյուրանոցի սեփականատեր, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում հերքեց այն՝ վստահեցնելով, որ «Մետրոպոլի» մոտ որեւէ փոխհրաձգություն չի եղել։ «Նման բան չի եղել»,- հայտարարեց նախարարը: Հյուրանոցից ասացին, որ դեպքը տեղի է ունեցել ՀԱԹ Բ-2 թաղամասի 62 շենքի մուտքի մոտ: Շենքի բնակիչ Բագրատ Գասպարյանը ստացել է հրազենային յոթ վնասվածք եւ գտնվում է Մալաթիայի հիվանդանոցում: Իսկ հիմա ավելի մանրամասն այն մասին, թե ինչու է դեպքը կապվում հատկապես «Մետրոպոլ» հյուրանոցի անվտանգության աշխատակիցների հետ: Բ. Գասպարյանի քույրը՝ Ռուզաննան, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ իր եղբայրը հյուրանոցի վարորդներից մեկի հետ իր քրոջն ու հյուրանոցում բնակվող ոմն ֆրանսիացու տարել է օդանավակայան եւ երբ վերադարձել են, ու հյուրանոցի աշխատակիցը հեռացել է, իր եղբոր վրա կրակել են: «Մենք այդքանը գիտենք, ուրիշ բան չգիտենք: Դեպքը տեղի է ունեցել այստեղ ու մինչեւ հիմա դեպքի վայրում կավիճով գծված տեղերը կան»,- ասաց Ռուզաննան:
Հյուրանոցի աշխատակիցներից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է իրենց անվտանգության աշխատակիցը հայտնվել այնտեղ, մեզ պատասխանեցին, որ այդ ֆրանսիացին 13 օր բնակվել է իրենց մոտ, ու քանի որ հյուրանոցը տաքսի ծառայություն չունի, ֆրանսիացուն միշտ ուղեկցել է իրենց վարորդը՝ վճարվելով նաեւ այդ ծառայության դիմաց: Մեզ ասացին նաեւ, որ այդ ֆրանսիացու հետ Ֆրանսիայից Հայաստան է եկել նաեւ Բ. Գասպարյանի քույրը, եւ այդ օրերին բնակվել է ՀԱԹ-ում գտնվող իրենց տանը: Եվ օդանավակայան գնալու ճանապարհին, ըստ հյուրանոցի աշխատակիցների, ֆրանսիացին հյուրանոցի վարորդին խնդրել է, որպեսզի իրենց հետ վերցնեն նաեւ Բ. Գասպարյանի քրոջը, որն իր հետ պետք է Հայաստանից մեկներ, եւ նրան ճանապարհելու համար իրենց միացել է նաեւ Բագրատ Գասպարյանը: Եվ երբ վարորդն ու Բագրատ Գասպարյանը օդանավակայանից լուսադեմին վերադարձել են, վարորդը Բ. Գասպարյանին իր մեքենայով հետ է բերել իրենց մուտքի մոտ ու հեռացել է, սակայն, ըստ հյուրանոցի աշխատակիցների, մի քանի րոպե հետո Բ. Գասպարյանը զանգել է վարորդին ու տեղեկացրել է, թե «մեռնում» է: Վարորդը շտապ հետ է գնացել ու Բ. Գասպարյանին գտել է գրեթե արնաքամ վիճակում: Հյուրանոցի աշխատակիցներից մեկի պատմելով, վարորդն անմիջապես թակել է առաջին հարկի բնակիչներից մեկի դուռն ու օգնություն է խնդրել, եւ այդ ընթացքում զանգահարել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցներից մեկին, որը բնակվում է Աջափնյակ համայնքում: Վերջինս, ըստ աշխատակիցների, արագ հասել է դեպքի վայր, ու զանգահարել են շտապ օգնություն:
Մալաթիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մոտավորապես յոթ տեղից կրակոցներով լուսադեմին հիվանդ է ընդունվել մեր հիվանդանոց, որին, որքան իմացա, հիվանդանոց էին բերել Անդրանիկ Մանուկյանի թիկնապահները կամ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Հիվանդը բավականին արյուն էր կորցրել եւ մենք նրանցից մեկին ուղարկեցինք արյուն բերելու: Մեր բախտը բերեց, որ թիկնապահը, որը մնացել էր մեզ մոտ, նույն արյունն ուներ, ինչ հիվանդը, որը, բրավո, արյուն տվեց: Այսինքն՝ եթե այդ առաջին քայլը չարվեր ու ուշացվեր, 100 տոկոսով մենք այդ հիվանդին արդեն կորցրած կլինեինք, որովհետեւ լավ արնաքամ էր եղել,- ասաց Արմեն Մելիքյանը՝ շարունակելով։ -Ճիշտն ասած, չգիտեմ քանի տարեկան է հիվանդը, բայց իմ կարծիքով՝ 32-35 տարեկան կլինի: Հիվանդին հիվանդանոց բերել են երկու հոգի, եւ տղայի հարազատներից մարդ չկար: Ինձ գիշերը զանգեցին ու ասացին, որ նման դեպք կա: Նման դեպքերն իրոք «չեպե» են ու ինձ անպայման տեղյակ են պահում, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ով պետք է վիրահատի, ինչ վիրահատություն պետք է արվի»: Ա. Մելիքյանի հավաստմամբ, հիվանդին հիվանդանոց են տարել լուսադեմին՝ ժամը 5:00-ին, որից հետո անմիջապես կատարվել է բժշկական միջամտություն: «Հիվանդի վրա յոթ գնդակ կար, որից երեքը դեռ գտնվում են հիվանդի որովայնում, երկուսը՝ ծնկոսկրում: Մենք դրանց դեռ ձեռք չենք տվել, որովհետեւ առաջին հարցը հիվանդին փրկելն էր, մենք ուղղակի իրավունք չունեինք գնդակ ման գայինք, քանի որ կարեւորը հիվանդի կյանքը փրկելն էր»,- ասաց Ա. Մելիքյանը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նաեւ վստահեցրեց. «Առաջին օրվանից նախարար Մանուկյանն է խառնված, որ՝ ինչ, ոնց պետք է ես պատրաստ եմ, մենակ թե դուք հիվանդին փրկեք: Ասում եմ՝ դա մեր պարտականությունն է, մենք ամեն ինչ մեր հնարավորությունների սահմաններում կանենք: Իսկ նախարարն ասում է՝ չէ, գուցե ինչ-որ դեղ կա, որը դուք չունեք, ես պատրաստ եմ ինքս օգնել, միայն թե հիվանդն առողջանա»:
Ի դեպ, մենք փորձեցինք հյուրանոցի աշխատակիցներից նաեւ պարզել, թե Բագրատ Գասպարյանը որտեղի՞ց էր իմացել վարորդի բջջային հեռախոսահամարը, որ դեպքից վայրից անմիջապես կապվել էր նրա հետ: Մեզ պատասխանեցին, որ այդ վարորդը գրեթե ամեն օր ֆրանսիացուն ու Բագրատ Գասպարյանի քրոջն ուղեկցում էր քաղաքում, ու շատ հաճախ նրանք հեռախոսազանգերով էին միմյանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերում: «Այդ տղան էլ էր շատ հաճախ գալիս մեզ մոտ ու ճանաչում էր մեր աշխատակցին»,- ասացին հյուրանոցի աշխատակիցները:
Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Մետրոպոլ» հյուրանոցի անվտանգության այդ երկու աշխատակիցներին ձերբակալել են, ապա հյուրանոցում դա նույնպես հերքեցին՝ հավաստելով, թե նրանց պարզապես շատ հաճախ հրավիրում են Դատախազություն հարցաքննության:
Հ.Գ. Ի դեպ, Անդրանիկ Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն ընդհանրապես անձնական թիկնապահներ չունի: