Ազգային վիճակագրական ծառայությունը սովորություն է դարձրել «Սպառողական գների ինդեքսը» հրապարակելը: Ինձ մոտ սովորություն է դարձել դրանք ընթերցելը: Դեդեկտիվի իրական սիրահարները կհասկանան: Չկա ավելի հաճելի զբաղմունք, քան համոզվելը, որ դու դեդեկտիվի հեղինակից խելոք ես, ու հետեւելը, թե ինչպես է նա փորձում մինչեւ վերջ քեզնից թաքցնել իրական հանցագործին: Ճիշտ այդպես, երբ դու արդեն ինքդ գիտես առաջին անհրաժեշտության ապրանքների գները, հաճելի է կարդալ Վիճվարչության հրապարակումները: Ամեն տարի խորհրդարանն օրենքի կարգավիճակով հրապարակում է գալիք տարվա գնաճի առավելագույն ցուցանիշը: Եվ այս փաստը մասնագիտական ծանր խնդրի առաջ է կանգնեցնում մեր վիճակագիրներին: Նրանք մի կողմից՝ պետությունից աշխատավարձ են ստանում գների իրական մակարդակն ուսումնասիրելու համար, մյուս կողմից` փորձում են ավելի «մեղմ» գնաճ նկարագրել: Այլապես մակրոտնտեսական ցուցանիշները կխառնվեն, եւ կվտանգվի մեր իշխանությունների հպարտության թեման` երկնիշ տնտեսական աճի ցուցանիշը: Հիմա էլ, տոնական մեծ առեւտրի շեմին՝ հրապարակվել է հերթական տեղեկատվությունը գների մասին (2007թ. հունվար-հոկտեմբեր): Առաջին թվերը նորմալ են: Այսինքն՝ լիովին տեղավորվում են տնտեսության պաշտոնական պատկերացումների շրջանակում: Պարզվում է, որ սպառողական գներն աճել են 4,2 տոկոսով: Որ հասարակությունն այն տեսնելուց շոկի մեջ չընկնի, հաջորդ տողում նշվում է` պարենային ապրանքները թանկացել են 6,3 տոկոսով: Իսկ երրորդ տողը կարդալ ներվայիններին ու անչափահասներին խորհուրդ չի տրվում: Այնտեղ նշված է`ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,8 տոկոսով: Մյուս ցուցանիշներին ծանոթանալուց հետո հասկանում ես, որ մեր վիճակագիրներն առանձնահատուկ ատելություն են տածում մաթեմատիկայի եւ, մասնավորապես, թվաբանության հանդեպ: Այլապես նման միջին ցուցանիշ չէին ստանա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ մեր շուկայում միրգը թանկացել է 22 տոկոսով: Հացամթերքը` 8,3 տոկոսով, բենզինը` 7,3: Ա՛յ, բուսական յուղի (ձեթի) գինը նախորդ տարվա հետ չի համեմատվում: Փոխարենը՝ նշվում է, որ հուլիս ամսվա համեմատությամբ այն թանկացել է 209 տոկոսով: Նույն՝ հուլիսի գների հետ համեմատած՝ կարագի գնաճը կազմել է 173 տոկոս: Թե ինչ մեթոդով կարելի է միջին թվաբանական 6,3 տոկոսը ստանալ, հնարավոր չէ պատկերացնել: Եթե անգամ հավատաս բանջարեղենի գնանկման մասին տվյալներին: Այս տարի, պարզվում է, բանջարեղենն ու կարտոֆիլը (վիճակագրությունը դրանք առանձին է հաշվառում, հավանաբար՝ բուսաբանության սեփական տեսությունից ելնելով) 5 ու կես տոկոս էժանացել է: Էժանացել է նախորդ տարվա համեմատ, իսկ հասարակությունն այդ մասին նույնիսկ տեղյակ էլ չէ: Ոչ պարենային ապրանքների գները դիտարկելուց էլ դժվար է գլխի ընկնել, թե ինչպես է ստացվել միջին թվաբանական 0,8 տոկոսանոց գնանկումը: Այստեղ թվարկված համարյա բոլոր ապրանքատեսակների գծով գնաճ է արձանագրված: Բենզինը՝ 7,3 տոկոս, իսկ հեղուկ գազը` 12,6: Որոշ ապրանքներ պահպանել են նախորդ տարվա գները: Գնանկում արձանագրված է ընդամենը այգեգործական եւ մշակութային ապրանքների գծով` 0,1-2 տոկոսով: Այդ ապրանքատեսականին նույն տողում համադրելը հավանաբար փառավորել է վիճակագիրների հոգին: Իսկապես այգեգործական եւ մշակութային ապրանքներն ահագին համատեղելի են: Եվ այն արտահայտվում է «երբ, որ մենք` հայերս, այգեգործությունն արվեստի էինք վերածել, մյուս ազգերը ծառերից…» հանրահայտ բանաձեւով: Իսկ հիմա արվեստի ենք վերածում թվաբանությունը` 5-209 թվերի միջին թվաբանականը հայտարարելով 6,3-ը: Օրերս Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարն ասուլիսի ժամանակ ասույթին ասույթով պատասխանեց: Պատասխանեց ու ասաց. «Ասում են, թե պատմաբանները կեղծում են անցյալը, իսկ վերլուծաբանները` ապագան»: Իսկապես, եթե անցյալով ու ապագայով արդեն զբաղվողներ կան, ապա վիճակագիրներին մնում է ներկան կեղծելու շնորհակալ գործը: Հետեւաբար, պիտի ընդունենք, որ վիճակագիրները պատմաբաններից ու վերլուծաբաններից հզոր են: Որովհետեւ Օգոստոս Երանելին ասում է` անցյալն ու ապագան արժեւորվում են ներկայով:
Հ.Գ. Իտալացիները պնդում են, որ տանը կատարած հաշվարկները շուկայում չեն անցնում: Հետեւաբար՝ տոնական առեւտրի գնալուց վերցրեք այնքան գումար, որքան ունեք: Ու մի հետեւեք «Սպառողական գների ինդեքս» կարդալու իմ արատավոր սովորությանը: