Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՀ) հոկտեմբերի 19-ին մոտ 50 տնտեսվարող սուբյեկտների տուգանել էր հակամրցակցային համաձայնությունների արդյունքում կարագի եւ ձեթի գների չհիմնավորված բարձրացման համար: Այդ տնտեսվարող սուբյեկտների թվում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպը», «Երիցյան եւ որդիներ», «Վալետտա» եւ շատ այլ ընկերություններ: Հակամրցակցային համաձայնության արդյունքում այս տնտեսվարող սուբյեկտներն անհիմն կերպով կրկնակի-եռակի բարձրացրել են կարագի եւ ձեթի գները: ՏՄՊՀ-ն այս ընկերություններին տուգանել էր 2006թ. շրջանառության 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ: Երեկ ՏՄՊՀ-ն տեղեկացրեց, որ տուգանված ընկերությունների մեծ մասը վարչական բողոքներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց հանել տուգանվածների ցանկից:
Տուգանք վճարել չցանկացողների թվում են նաեւ վերոնշյալ ընկերությունները: Առաջիկա նիստում հանձնաժողովը պետք է որոշի՝ բավարարելո՞ւ է տուգանքներ չմուծելու բողոքները, թե՞ ոչ: