Նոր զարգացումներ «Նաիրիտի» գործում

07/12/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՊՀ Միջպետական բանկի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին կայացած Միջպետական բանկի խորհրդի նիստին մասնակցել են ԱՊՀ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները: Այս նիստին Հայաստանից մասնակցել է Վահան Մելքոնյանը, ով ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչն է Հայաստանում, միեւնույն ժամանակ՝ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն է:

Նշյալ նիստում քննարկվել են նաեւ «Նաիրիտի» «խնդրին» առնչվող հարցեր` հատկապես այն, թե ինչպես կարելի է դուրս գալ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակից: Այս նիստի ընթացքում ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Ս. Կուլիկովը խոստովանել է, որ «Նաիրիտին» տրամադրած 70մլն դոլարի վարկի մի մասը փոխանցվել է իր ձեռնարկություններին, եւ խոստացել է վերադարձնել նշյալ միջոցները: Ռուսական աղբյուրները պնդում են, որ «Նաիրիտ» գործարանի իսկական սեփականատերը ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահն է եւ ոչ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդը», ինչպես ներկայացնում են տեղական իշխանությունները: Չնայած գործարանի հաջող վաճառքին ու նույնքան էլ արտոնյալ վարկային միջոցների ձեռքբերմանը, գործարանը դրանից ոչինչ էլ չի շահել: Այսօր արդեն կարելի է ասել, որ գործարքի պահին` մեկ տարի առաջ, 2007-ի հունվարի 1-ին բութադիենային կաուչուկի արտադրամասի մասին խոսակցությունները խոսքից գործ չեն դառնալու: Վերջերս գործարանի սեփականատերերը մեծ հույսեր ունեին, որ «Նաիրիտում» կարող է ներդրումներ կատարել լեհական SAWEX կազմակերպությունը: Այս մասնավոր ընկերության հիմնադիրը Սավիցկի ընտանիքն է, որը որպես միջնորդ՝ զբաղվում է քիմիական արտադրանքի վաճառքով: SAWEX-ի տնօրեն ու սեփականատեր Պյոտր Սավիցկին համարվում է գրագետ եւ զգուշավոր գործարար, որը երբեք չի համագործակցում ռիսկային բիզնեսների հետ: Միեւնույն ժամանակ, SAWEX-ն է քլորոպրենային կաուչուկը մտցրել Արեւմտյան Եվրոպայի երկրների շուկա: Այսօր էլ նա տիրապետում է այդ շուկային եւ նրա համար՝ որպես միջնորդ, իմաստ չունի միջոցներ ներդնել հայկական կաուչուկի արտադրության մեջ: Այս մասին դեռ ժամանակին SAWEX-ին առաջարկներ են եղել, սակայն այս ընկերությունը միշտ էլ հրաժարվել է համագործակցելու հեռանկարից: Սակայն «Նաիրիտի» սեփականատերերը ներդրողներ գտնելու փնտրտուքով հասցրել են լինել եվրոպական գրեթե բոլոր երկրներում եւ այստեղ հաշվի չեն առել մի կարեւոր հանգամանք: «Նաիրիտը» բաց բաժնետիրական ընկերություն է, նրա տարեկան հաշվեկշիռը բաց փաստաթուղթ է եւ պետք է հասանելի լինի գործարանով հետաքրքրված ցանկացած անձի: Դժվար թե ներկայումս «Նաիրիտով» հետաքրքրված մեկին սիրով տրամադրեն գործարանի տարեկան հաշվեկշիռը, եթե հաշվի առնենք, որ գործարանին վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետական մակարդակի գաղտնիք է համարվում:

«Նաիրիտի» բաժնետոմսերի վերագնահատման հետ կապված գործարանից տեղեկացրել են, որ դեռեւս վերջնականապես որոշված չէ բաժնետոմսերի արժեքը եւ ճշտվում են բաժնետոմսերի առքուվաճառքի հետ կապված վերջնական ժամկետները: Կրկին հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը վաճառվել է 40մլն դոլարով, իսկ գործարանի բաժնետոմսերը գրավ դնելու ճանապարհով սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կոչվող ընկերությունը ԱՊՀ Միջպետական բանկից ստացել է 70մլն դոլար: Այս գումարից ՀՀ կառավարությունը ստացել է 39 մլն դոլար: Ստացվում է` կառավարությունը դեռ 1մլն դոլար ստանալիք գումար ունի, եւ շատ հավանական է, որ «Նաիրիտի» բաժնետոմսերի վերագնահատման վերջնական արդյունքում Կառավարության իմացությամբ «զրոյացվի» այս 1մլն դոլարի պարտքը: Հետաքրքիր է նաեւ այն, որ 40մլն դոլարով վաճառված գործարանը իր բաժնետոմսերը գրավադրելով ԱՊՀ Միջպետական բանկում՝ ստացել է 70մլն դոլարի վարկային միջոցներ: Սովորաբար բանկերը վարկավորում են գրավի արժեքի 30 տոկոսի չափով: Իսկ «Նաիրիտի» դեպքում վարկի գումարը գրեթե կրկնակի գերազանցել է գործարանի փաստացի գինը: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, թե «Նաիրիտի» բաժնետոմսերի գրավադրումը չի առաջացրել գույքային պարտավորություններ: «Նաիրիտի» բաժնետոմսերն են գրավադրված եւ ոչ թե գույքը: Մենք թույլ չենք տա գույքի գրավադրում կատարել»,- սա Ա. Մովսիսյանի ձեւակերպումն է: Սակայն բանկային գործի մասնագետները մեզ հետ զրույցում տարակուսանք են հայտնում նախարարի ասածների վերաբերյալ եւ պարզ օրինակով բացատրում: «Եթե տունդ գրավ ես դնում, ապա բանկում է մնում տան կադաստրի վկայականը, առանց որի տան սեփականատերը չի կարող գործարքներ կատարել: «Նաիրիտի» բաժնետոմսեր ասելով՝ հասկանում ենք՝ գործարանի բոլոր ակտիվները, այդ թվում՝ նաեւ գույքը»,- ասում են փորձագետները: Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարանում կատարված «ներդրումներից» Հայաստանում գոհ են երկու մարդ` գործարանի սեփականատերը, որը, պարզ չէ, թե ով է իրականում, եւ ՀՀ էներգետիկայի նախարարը: