Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության շուրջ դեռ կրքերը չեն հանդարտվել, սակայն ՀՀ կառավարությունն անցել է աշխատանքների կազմակերպման երկրորդ փուլին: «Հայանտառը» եւ շահագործման թույլտվություն ստացած ACP ընկերությունը համատեղ կարգ են մշակում, որով հստակեցվելու է, թե ով է հատելու անտառը, եւ ում են պատկանելու փայտի իրացումից ստացված եկամուտները: Հիշեցնենք, որ հանքավայրի շահագործման արդյունքում ոչնչացվելու է 1200 հա անտառապատ տարածքի ճիշտ կեսը: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանից տեղեկացանք, որ առաջիկա երկու ամսում պետք է հստակեցվեն հատման ժամկետները: Իսկ եռամսյա ժամկետում Տարածքային կառավարման նախարարության հետ պետք է հաստատվի հատման ծրագիրը: Անտառի հատումը պետք է կատարվի մրցութային կարգով, որի ֆինանսավորող կողմն է լինելու ACP-ն: «Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են լինելու տարբեր շահագրգիռ կողմեր: Կառավարության որոշմամբ՝ բնափայտից ստացված միջոցներն ուղղվելու են անտառվերականգնման աշխատանքներին»,- ասում է Մարտուն Մաթեւոսյանը: Միայն 2008-ին հատվելու է 30 հա անտառածածկ տարածք կամ 5-6 հազար խմ փայտ, որի համար ACP-ն որպես բնապահպանական վճար՝ պետբյուջեին փոխհատուցելու է 5-6մլն դրամի չափով: «Հայանտառի» տնօրենն էլ համակարծիք է, որ վերոնշյալ գումարը պետբյուջեի եւ ACP-ի համար թիվ չէ, սակայն նշում է, որ վերջինս պետք է կատարի անտառտնկման աշխատանքներ: Որտե՞ղ եւ երբվանի՞ց է կատարելու նշյալ աշխատանքները, դեռեւս պարզ չէ: Եթե համայնքները հողեր հատկացնեն, կարող է լինել նրանց տարածքներում: Իսկ եթե՝ ոչ, ապա «Հայանտառի» հողատարածքներում: Դեռեւս հստակ չէ, թե հատված անտառի բնափայտից առաջացած միջոցները կոնկրետ ինչ աշխատանքների իրականացման նպատակներով են ծախսվելու: Պետական տեղեկատվության համաձայն՝ հատվելիք բնափայտի 1խոր. մետրի իրացման գինը 3500 դրամ է, եւ ստացվում է, որ այս մասով պետության եկող տարվա հասանելիքը կազմելու է մոտ 21մլն դրամ: Կրկին չնչին փոխհատուցում` ոչնչացված անտառի դիմաց: Այստեղ ոչ ոք չի կարող բացառել ապօրինի ծառահատման հնարավորության մեծացումը, եւ սա ձեռնտու է բոլոր կողմերին: «Ես անտառ հատելուն դեմ եմ, սակայն այստեղ խնդիրն անտառը չէ, այլ՝ ինչպես են շահագործելու հանքավայրը եւ արդյո՞ք կարողանալու են վերահսկել շահագործման չափանիշների պահպանումը»,-ասում է Մ. Մաթեւոսյանը: