«Ինձ ողջ-ողջ սպանում են»,- ասում է «բոմժ» դարձած ծերունին

07/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում 70-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանի մասին հոդված էինք հրապարակել: Մեր թերթի միջոցով իշխանություններին ահազանգել էինք նրա ծայրահեղ վատ վիճակի մասին, որովհետեւ վերջինս մերօրյա անբարեխիղճ սեփականատերերի պատճառով հայտնվել է փողոցում. «Ինձ բոմժ դարձրին»,- ասում է ծերունին, ով երկրորդ տարին է, ինչ ապրում է «Էրեբունի» հյուրանոցի բակում: Ռուդոլֆ պապիկի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, իր այդ վիճակից նրա հոգեկան աշխարհն ամբողջովին խախտվել է: «Ամեն օրս սթրեսով եմ լուսացնում: Ամեն քայլափոխս սթրես է, մարդն ինչքա՞ն կարող է էս ցրտին փողոցներում ապրել ու գիշերել»,- նեղսրտած պատմում է նա՝ վստահեցնելով, որ իրեն ողջ-ողջ թաղում են: Բաքվի փախստական, հաշմանդամ այս ծերունին շուրջ 20 տարի ապրել է «Էրեբունի» հյուրանոցում, որտեղ նրան տեղավորել էին Բաքվից Հայաստան տեղափոխվելուց հետո: 2 տարի առաջ հյուրանոցը վաճառել են, որի սեփականատերը բնակիչներին, բառիս բուն իմաստով, դուրս է շպրտել: Բնակիչներից ոմանց որպես փոխհատուցում տվել են 8000 դոլար, որը ստանալուց հետո շատերը չկարողանալով անշարժ գույքի այս շուկայական պայմաններում տուն գնել՝ մնացել են փողոցներում: «Հյուրանոցը վաճառելուց հետո բնակիչներից շատերը կործանվեցին: Մի կին իրեն 5-րդ հարկից ցած գցեց, ինքնասպան եղավ, մյուսը խելագարվեց, մեկ ուրիշն էլ մնաց փողոցներում: Ես հրաժարվեցի այդ 8000 դոլարից՝ հասկանալով, որ չեմ կարող անգամ մի բուն գնել ու մինչեւ հիմա՝ 2-րդ տարին է, ինչ փողոցներում եմ ապրում»,- ասում է Ռուդոլֆ պապիկը, ում տուն տրամադրելու պահանջին ի պատասխան՝ հյուրանոցի տնօրինությունը նրան քարշ է տալիս Ոստիկանություն: «Հասկանո՞ւմ եք, ես ընդամենն ուզում եմ ծերությունս 4 պատի մեջ անցկացնեմ, ոչ թե փողոցներում: Նրանք ուզում են, որ ես մեռնեմ, կամ ուզում են՝ գնամ ծերանոց, բայց ես Բաքվում տուն էլ, հարգանք էլ եմ ունեցել: 20 տարի է, էլ չեմ ասում Բաքվի դեպքերը, ինչ ես սթրեսի մեջ եմ: Ինձ դանդաղ սպանում են, էլ չեմ դիմանում այս բոմժի կյանքով ապրելուն, էլ ուժ չունեմ»,- ասում է ծերունին՝ վստահեցնելով, որ պարբերաբար բուժվում է, սակայն ֆիզիկապես այլեւս չի կարողանում դիմակայել այս ցուրտ պայմաններին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ խմբագրություն էր եկել հյուրանոցի նախկին բնակիչ մի տատիկ եւ ասում էր, որ փողոցներում է մնացել: Նա նույնպես պնդում էր, որ «Էրեբունի» հյուրանոցի տնօրեն Էդիկ Սարգսյանն իրեն վռնդել է եւ շատ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով՝ արգելել է հյուրանոց ոտք դնել: Տարեց կինը պատմում էր, որ հյուրանոցը սեփականաշնորհելուց հետո բնակիչների հանդեպ անասնական ձեւով են վարվել, առանց բնակարանով ապահովելու՝ շատերին փողոց են շպրտել: Այդ նյութից հետո մեզ զանգահարեցին հյուրանոցի ներկայիս ղեկավարությունից եւ խոստացան որոշ փաստաթղթեր ներկայացնել, սակայն այդ խոստումը մնաց անկատար: Ռուդոլֆ Ստեփանյանը պատմում է, որ անգամ թույլ չեն տալիս հյուրանոց մուտք գործել եւ իր սենյակում մնացած հագուստը վերցնել. «Ես, որ ժամանակին անգամ իմ եղբոր շորը չեմ հագել, հիմա ստիպված եմ ուրիշների, փողոցներից գտած շորերը հագնել, որ ցրտից չմեռնեմ: Սա մարդկայի՞ն է ասե՛ք, խնդրեմ, մարդու հետ այսպես դաժան կարելի՞ է վարվել: Անգամ փաստաթղթերս էլ չեն թողնում իմ իրերի միջից վերցնեմ»,- ասում է ծերունին, ում դժգոհությունները, որպես կանոն, ավարտվում են նրանով, որ նրան Ոստիկանություն են քարշ տալիս:

Ինչեւէ, թե ինչ խղճով է «Էրեբունի» հյուրանոցի սեփականատերը մարդկանց հետ այսպես վարվել՝ թող դատեն հյուրանոցը վաճառողները: