Անհետ կորածների եւ գերյալների որոնմամբ ու ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ազատ արձակմամբ զբաղվող միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) գրասենյակից երեկ հայտնել են, որ Նոյեմբերյանի շրջանում ծառայությունն անցկացնող մի հայ զինծառայող ապրիլի 1-ին գերի է ընկել ադրբեջանցիների մոտ: ՄԱԽ-ը հույս է հայտնում, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում հանդես կբերի գերի ընկածների ազատ արձակման խնդրի նկատմամբ եւ, համաձայն մարտի 18-ին Թբիլիսիում ձեռք բերված համաձայնության, գերյալին հետ կվերադարձնի: ՄԱԽ-ը դիմել է նաեւ ԼՂ ղեկավարությանը՝ զգուշացնելով, որ ադրբեջանցի գերիների ազատ արձակման չհիմնավորված ձգձգումները հակառակ կողմի պատասխան քայլերի պատճառ են դառնում: «Ցավում ենք, որ մենք ճիշտ դուրս եկանք, դրա վառ ապացույցը հայ զինծառայողին գերի վերցնելն է»,- ասվում է ՄԱԽ-ի մամուլի հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը ԼՂ ղեկավարությանը կոչ է անում Խայալ Աբդուլաեւին, Խիմկետ Թագիեւին ու Ռուսլան Բակիրովին հանձնել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՄԱԽ-ը համարում է, որ նշված զինծառայողներին ԼՂ-ում այդքան երկար ժամանակ պահելը ոչ մի բացատրություն չունի»:
ԱՌԿԱ