Հայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով այս տարի մինչ դեկտեմբերի 1-ը դիմել է Իրաքի շուրջ 238 քաղաքացի: Բոլորին 3 ամիս ժամկետով տրվել է Հայաստանում ապաստանելու թույլտվություն: Եթե երեք ամիսը լրանալուց հետո անձը չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ իր երկրի անկայուն դրության կամ կյանքին վտանգ սպառնալու պատճառով, ապա ապաստան հայցողի կարգավիճակի վկայականի ժամկետը երկարաձգվում է մինչեւ մեկ տարի: Նշված ժամանակահատվածում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել է արտերկրի 16 քաղաքացի, որոնցից նման կարգավիճակ առայժմ տրվել է մեկին, երկուսի գործի քննությունն առայժմ ընթացքի մեջ է, իսկ մնացած 13 դիմողները մերժվել են: