«Փախստականներ եւ բռնի տեղահանվածներ. 19 տարի անց»

07/12/2007

Փախստականները՝ որպես գործոն, բողոքավոր խավ ներքաղաքական եւ ղարաբաղյան կարգավորման բնագավառներում. հիմնականում այս տեսանկյունից են հայ եւ ադրբեջանցի քաղաքագետները մեկնաբանում անցած 19 տարիների ընթացքում փախստականների հետ տեղի ունեցած փոխակերպումները ներկայացնելիս: Քաղաքագետներ Մանվել Սարգսյանը եւ Էլդար Նամազովն այս շարքի մեր վերջին զրուցակիցներն են: Հարցումների բոլոր արդյունքները հաջորդ հինգշաբթի կներկայացվեն վերլուծաբանների համեմատական մեկնաբանություններում:

«Ռեգիոն» կենտրոն

«Պետք է գտնել թշնամանքի հիմնաքարերը»

Հարցազրույց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

– Ի՞նչ տեղ են զբաղեցնում փախստականները երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

– Խնդրի նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները նույնը չէին: Հետեւաբար, տարբեր էր նաեւ փախստականների գործոնի ազդեցությունը տվյալ պետությունների հասարակական-քաղաքական կյանքում: Մեզ մոտ փախստականների հարցը՝ որպես քաղաքական խնդիր չձեւավորվեց, նույնիսկ այն քաղաքականացնելու փորձեր էլ չեղան, ձգտում կար, որպեսզի մարդիկ բնակարանները փոխանակեն երկրից հեռացող ադրբեջանցիների հետ: Այս առումով որոշակի հատվածի խնդիրները մասնակի լուծվեցին: Մի մասի համար էլ ստեղծվեցին նվազագույն պայմաններ, ոմանք իրենք իրենց հարցերն ինչ-որ ձեւով լուծեցին` կարծես տարրալուծվելով հասարակության մեջ: Շատ փախստականներ տեղավորվեցին գյուղական բնակավայրերում` քաղաքական թոհուբոհից, զարգացած սոցիալական համակարգից հեռու: Եվ սա է պատճառը նաեւ, որ համաժողովրդական մակարդակով չընկալվեցին ռեալության մեջ գոյություն ունեցող խնդիրները: Բայց ամենացավալին այն է, որ փախստականների կեսից ավելին, զրկված լինելով ամեն ինչից, երկրից ուղղակի հեռացավ: Այդ մարդիկ, բնական է, որպես գործոն՝ վերացան: Այսինքն` փախստականների հետ ծագած խնդիրները ժամանակի ընթացքում թուլացան:

Ադրբեջանում այլ էր: Այստեղ փախստականների խնդիրն իշխանությունների կողմից ի սկզբանե քաղաքականացվեց: Շրջաններում ստեղծվեցին հատուկ ճամբարներ, որտեղ տարիներ շարունակ շատ վատ պայմաններում ապրում էին հարյուր-հազարավոր փախստականներ: Նպատակը մեկն էր` խնդիրը շահարկել ղարաբաղյան կարգավորման դիվանագիտության մեջ:

Մյուս կողմից՝ ներքաղաքական կյանքում հարցն անընդհատ թեժ պահելու միտումով` երկրի բնակչությունն ինֆորմացիոն հզոր ճնշման տակ էր: Սակայն անցյալ տարվանից Ադրբեջանը, կա՛մ հուսահատվելով տվյալ քաղաքականությունից, կա՛մ էլ ընդամենը եվրոպական կառույցների ճնշումներին ենթարկվելով, սկսեց ցրել այդ ճամբարները եւ խնդիրը կարգավորել:

– Դասո՞ւմ եք, արդյոք, փախստականներին՝ հասարակության բողոքավոր խավին, ընտրազանգվածին, ինչի՞ հետ է դա կապված, ներքաղաքակա՞ն իրավիճակի, թե՞ ղարաբաղյան հակամարտության:

– Փախստականներն աշխարհին նայում են իրենց սոցիալական վիճակից ելնելով: Նրանք, կարող է, երկրից շատ դժգոհ են, իշխանությանը չեն ուզում, բայց ռիսկի չեն գնում, հեռու են մնում քաղաքականությունից, որպեսզի չկորցնեն այն նվազագույնը, որ ստացել են, թեկուզեւ` ունեցած տանիքից: Ուրիշ բան է, որ նրանք, այդ պասիվության շնորհիվ, իրենց կամքից անկախ, դառնում են իշխանական ռեսուրս` մեծ ազդեցություն ունենալով քաղաքական գործընթացների վրա: Իսկ այն փախստականներին, որոնք ձուլվել են նոր իրավիճակի մեջ եւ նոր հնարավորություններ են ստացել, «փախստական» կոչել պետք չէ: Այդ մարդիկ երբեք ստեղծված քաղաքական իրավիճակին դեմ չեն գնա: Ուստի, փախստականներին՝ որպես բողոքական մասսա, առավել եւս` ընտրազանգված դիտարկելը ճիշտ չէ:

– Բնակչության այս շերտին կարելի՞ է համարել գործոն բանակցային գործընթացում, ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենում գործընթացի վրա:

– Արցախը փորձելով բնութագրել՝ որպես երկու համայնքների տարածք, ադրբեջանցիները կարողացան միջազգային փաստաթղթերում ձեւակերպել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի իրավունքները: Եթե Մինսկի խմբի համանախագահներն այցելում են Ղարաբաղ, ապա գնալով Բաքու` նրանք անպայման հանդիպում են նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչներին: Սա զուտ քաղաքական ֆորմուլա է, եւ Ադրբեջանը կարողացավ ձեւավորել այն, թեեւ դրա տակ ո՛չ բնակչություն կա, ո՛չ կազմակերպվածություն:

1994թ., երբ Մոսկվայում Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրություններով կնքվեց զինադադարի պայմանագիրը, փորձ արվեց առանձին տողով անդրադառնալ բոլոր կողմերի փախստականներին, որպեսզի նրանք մասնակցեին բանակցություններին: Չստացվեց, Ադրբեջանը հայտարարեց, որ կդադարեցնի բանակցությունները, եթե ներկայացուցչական ֆորմատի մեջ փոփոխություն մտցվի: Հետագայում եւս տարբեր երկրների կողմից մասնակցության ֆորմատի մեջ փոփոխություններ մտցնելու փորձեր եղել են, բայց ամեն ինչ մնացել է նույնը: Ուստի, մեզ մոտ բնակչության այս շերտը բացարձակ ազդեցություն չունի բանակցային գործընթացի վրա:

– Հակամարտ կողմերի միջեւ վստահության ձեւավորման գործում փախստականների վերադարձի հարցը հիմնական համարո՞ւմ եք:

– Հայերն ու ադրբեջանցիներն իրենց տարածքներից դուրս միմյանց հետ շատ նորմալ հարաբերվում են, համատեղ բիզնես են անում, նրանք որեւէ պրոբլեմ չունեն: Մանավանդ, եթե երկու կողմից էլ փախստականներ են, նրանք իրենց զգում են նույն կարգավիճակում եւ շատ հարազատ: Չի կարելի ասել, որ հայի եւ ադրբեջանցու միջեւ անձնավորված թշնամություն կա: Խնդիրը քաղաքական անհամաձայնությունն է: Իսկ առանց այդ համաձայնության` փախստականների վերադարձը հնարավոր չէ: Համաշխարհային պրակտիկան դա է փաստում: Եթե վաղը Ղարաբաղը կամ Ադրբեջանը սահմանը բացեն, չեմ կարծում, որ որեւէ փախստական կվերադառնա: Նա երբեք չի գնա մի տարածք, որտեղ երաշխիքներ չկան իր ապագայի եւ անվտանգության համար: Որեւէ մեկն իր ձգտումների կամ իղձերի պատճառով իր երեխայի կյանքը ռիսկի չի ենթարկի:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել փախստականների իրական վերադարձի համար, բացի այդ մասին կնքված փաստաթղթերից:

– Անհրաժեշտ է փոխել հակամարտության շուրջ ձեւավորված մթնոլորտը: Կողմերը պետք է գնան երկխոսության եւ գտնեն թշնամանքի հիմնաքարերը. որտեղի՞ց են գալիս պատկերացումների, ընկալումների տարբերությունները: Այս դեպքում մարդիկ քայլ առ քայլ կընդունեն իրենց կատարած հանցագործությունները եւ կգան խորքային համաձայնության: Նման ձեւով են կոնֆլիկտը հարթել Չեխիան եւ Սլովակիան: Սա աշխարհում ամենահզոր լուծման ձեւն է: Բայց Ադրբեջանն այսօր Ղարաբաղի հետ երկխոսության չի գնում:

Շատերը հայերին եւ ադրբեջանցիներին առաջարկում են հարցը լուծել մի այլ, սովորականից տարբերվող, երրորդ գաղափարի միջոցով: Դա պետք է լինի մի հզորագույն գաղափար, որի շուրջ կողմերն իսկապես կհամախմբվեն: Սա խորքային համաձայնության գալու ամենակարճ ճանապարհն է: Բայց չի կարելի ասել, որ այն միակ տարբերակն է: Կա նաեւ երկրորդը, ինչն էլ ընտրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Հարցը գցել են միջազգային հանրության ձեռքը: Աշխարհի կոնֆլիկտների 99 տոկոսն այս կերպ է լուծվել: Այսինքն` ուրիշների գործոնն է սկսում ձեւավորել սեփական դիրքորոշում: Կողմերը ստիպողաբար ստորագրում են միջազգային հանրության ներկայացրած փաստաթուղթը: Դրանից հետո մարդիկ կամաց-կամաց սկսում են հարաբերվել:

Հարցազրույցը` Արարատ ԴԱՎԹՅԱՆԻ

«Բռնի տեղահանվածների վերադարձն առաջին քայլերից մեկն է»

Հարցազրույց քաղաքագետ ԷԼԴԱՐ ՆԱՄԱԶՈՎԻ հետ

– Ի՞նչ տեղ են զբաղեցնում փախստականները երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

– Այդ գործոնը, մի քանի պատճառներով, երկրի հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում ամենակարեւորներից մեկն է։ Առաջին պատճառը փախստականների քանակն է։ Փախստականների եւ տեղահանվածների ընդհանուր թիվը գրեթե հասնում է մեկ միլիոնի։ Այսինքն` գործնականում երկրի յուրաքանչյուր ութերորդ քաղաքացին փախստական է։ Երկրորդը` նրանց ճկունությունն է։ Այս խավը հատկապես զգայուն է հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ ոչ միայն՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների։ Հայտնվելով սոցիալական աղետի եզրին` առանց ունեցվածքի եւ ֆինանսական փոխհատուցման, զրկված աշխատանքից եւ նորմալ կենսաձեւից, նրանք ստիպված էին ինքնակազմակերպվել եւ փոխադարձ օժանդակության եւ սոցիալական ակտիվության միջոցով գտնել գոյատեւման ճանապարհ։ Երրորդ` քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ փախստականները եւ տեղահանվածները չեն կարող վերադառնալ հարազատ օջախներ, բնակչության այս խումբը միշտ ավելի սուր կարձագանքի երկրում կատարվող իրադարձություններին։

– Դասո՞ւմ եք, արդյոք, փախստականներին հասարակության բողոքավոր խավին, ընտրազանգվածին, ինչի՞ հետ է դա կապված, ներքաղաքակա՞ն իրավիճակի, թե՞ ղարաբաղյան հակամարտության:

– Կասկածից վեր է, որ փախստականների եւ տեղահանվածների հիմնական մասը մտնում է բողոքավոր ընտրազանգվածի մեջ, եւ դա կապված է ինչպես երկրի ընդհանուր իրավիճակի` մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների խախտումների, այնպես էլ՝ նրանց ծանր տնտեսական վիճակի, ինչպես նաեւ՝ հակամարտության կարգավորման հարցով բազմամյա բանակցությունների անարդյունավետության հետ։ Փախստականները եւ բռնի տեղահանվածները բաղկացած են երկու խմբից` Ղարաբաղի բնակիչներից եւ Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներից։ Պատահական չէ, որ հենց այս երկու տարածաշրջանային խմբերի հիմքի վրա էլ ի հայտ եկան մեծ քանակությամբ ընդդիմադիր կուսակցություններ, իսկ վերջին երկու նախագահական ընտրություններում ընդդիմության` հենց այդ երկու տարածաշրջանների ներկայացուցիչները (Էթիբար Մամեդովը՝1998-ին եւ Իսա Գամբարը՝ 2003-ին) դարձան իշխանության ամենաիրական այլընտրանքները։

– Բնակչության այս շերտին կարելի՞ է համարել գործոն բանակցային գործընթացում, ինչպիսի՞ ազգեցություն է այն ունենում գործընթացի վրա։

– Անշուշտ, այդպիսի ազդեցություն կա։ Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում է արձանագրված, որ հիմնական կողմերի` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին, բանակցությունների գործընթացում կան եւս երկու շահագրգիռ կողմեր` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքները։ Ցավոք, այժմ բանակցային գործընթացը գործնականում առաջ չի գնում, ավելի շատ կրում է իմիտացիոն բնույթ, հիշեցնում «քայլ տեղում», ուստի մենք չենք տեսնում երկու համայնքների իրական ներգրավվածությունը խաղաղ գործընթացի մեջ (քանի որ խաղաղ գործընթաց էլ չկա)։

– Հակամարտ կողմերի միջեւ վստահության ձեւավորման գործում փախստականների վերադարձի հարցը հիմնական համարո՞ւմ եք։

– Անկասկած, դա առանցքային հարցերից մեկն է։ Հատկապես դա վերաբերում է հակամարտության գոտուն` Ղարաբաղին։ Հասկանալի է, որ կան փախստականներ Հայաստանի եւ Ադրբեջանի ողջ տարածքներից։ Հիմա դեռ դժվար է քննարկել բոլոր փախստականների վերադարձի ձեւերն ու պայմանները։ Բայց Ղարաբաղից տեղահանված մարդկանց վերադարձի հարցը քննարկվող շրջանակային համաձայնագրի սկզբունքներից մեկն է, եւ առանց այդ հանգամանքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ ո՛չ դրա վերջնական մշակումը, ո՛չ էլ քաղաքական մեծ համաձայնագրի պատրաստման փուլին անցնելը։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել փախստականների իրական վերադարձի համար, բացի այդ մասին կնքված փաստաթղթերից։

– Գոյություն ունի քայլերի մի ամբողջ համալիր` անվտանգության երաշխավորման հարցերը, հակամարտության գոտու սոցիալ-տնտեսական վերականգնման հարցերը, ինչպես նաեւ՝ տեղեկատվական-հոգեբանական քաղաքականության հետ կապված հարցերը եւ այլն։ Բայց աշխատանքի մեծ ծավալը չպետք է վախեցնի մեզ։ Չէ՞ որ խոսքը տեղահանված մարդկանց վերադարձի, ինչպես նաեւ՝ երկու ժողովուրդների միջեւ առկա ամբողջ հակամարտության կարգավորման մասին է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմին հանգեցրած գործընթացները սկսվել են Ղարաբաղում։ Ղարաբաղում պետք է սկսվեն նաեւ այն գործընթացները, որոնք պիտի հանգեցնեն խաղաղության, եւ ամենագլխավոր քայլերից մեկն այդ ուղղությամբ պետք է լինի տեղահանվածների վերադարձը, տարածաշրջանի վերականգնումը, Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը։

Հարցազրույցը` Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ