2007թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները «Կանալ 2007» գործողության ընթացքում մոտ 28 տոննա թմրանյութ են առգրավել: Այդ մասին երեկ հայտնել է Ռուսաստանի Թմրանյութերի նկատմամբ հսկողության դաշնային ծառայության փոխտնօրեն Օլեգ Խարիչկինը: Նա ասել է, որ առգրավված թմրանյութերից ավելի քան 8 տոննան ափիոն է, 1,1 տոննան՝ հերոին, 6 տոննան՝ հաշիշ եւ մոտ 35կգ՝ սինթետիկ թմրանյութ: Բացի այդ, գործողության շրջանակներում հատուկ ծառայություններն առգրավել են ավելի քան 1,3 հազար միավոր հրազեն եւ ավելի քան 25 հազար միավոր զինամթերք: «Կանալ 2007» գործողությունն անցկացվել է երկու փուլով՝ օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը եւ նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Բացի այս երկրներից, գործողությանը որպես դիտորդներ՝ մասնակցել են Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Լատվիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, ինչպես նաեւ՝ առաջին անգամ՝ Թուրքմենստանի թմրանյութերի տարածման դեմ պայքարող գերատեսչությունների ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցել են հատուկ ծառայությունների ավելի քան 96 հազար աշխատակիցներ: