«Թրանսփարենսի ինտերնեշնլ Հայաստան» հասարակական կազմակերպությունն ավարտական դասարանի աշակերտների համար երեկ անցկացրել է «Իմ հարցը ապագա նախագահին» խորագրով մրցույթը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից, իրականացվում է նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում: «Թրանսփարենսի ինտերնեշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը երեկ տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցում են 4 քաղաքների 95 դպրոցների ավարտական դասարանի աշակերտները, մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 420 երեխաներ: Ծրագրի նպատակն է՝ մրցույթի միջոցով ընտրել լավագույն հարցերի հեղինակներին, որոնք նախագահի թեկնածուների հետ միասին կմասնակցեն հատուկ հեռուստահաղորդման: Հաղորդումները կցուցադրվեն նախընտրական շրջանում: «Հուսով ենք, նախագահի թեկնածուները պատրաստ կլինեն պատասխանել երեխաների հարցերին, եւ հաղորդումները հետաքրքիր կլինեն բոլորի համար»,- ասել է Ա. Կոստանյանը: Նրա խոսքով, հարցերի ընտրության ժամանակ կարեւոր է, որ հարցն ուղղված չլինի հատուկ անձի` այլ խորհրդանշական նախագահի, այն պետք է հետաքրքիր եւ չշահարկված լինի, ինչպես նաեւ` լավ ձեւակերպված: Առաջին փուլի հաղթողները կորոշվեն 1 շաբաթվա ընթացքում հատուկ ժյուրիի կողմից, որում ընդգրկված են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, բրիտանական դեսպանատան եւ «Թրանսփարենսի ինտերնեշնլ Հայաստանի» ներկայացուցիչներ: Հաղթողների քանակը սահմանափակ չէ, կարող է լինել մոտ 30-40: «Հատուկ մրցանակ չի լինելու, կարծում եմ՝ մասնակցությունը եւ շփումը նախագահի թեկնածուների հետ բավականին մեծ խրախուսանք կլինի»,- նկատել է Ա. Կոստանյանը: Երեւանում անցկացված մրցույթի առաջին փուլին մասնակցել է մոտ 240 աշակերտ, որոնք հատուկ կոդով հարցաթերթիկի վրա գրեցին հարցը, որը կցանկանային ուղղել ապագա նախագահին, ինչպես նաեւ՝ հարցի հիմնավորումը, իսկ նրանց տվյալները, ընտրության անաչառության նպատակով՝ հարցաթերթիկի վրա գրված չեն: Մրցույթը երեկ իրականացվել է նաեւ Գյումրիում, իսկ Վանաձորում այն կանցկացվի դեկտեմբերի 6-ին, Գյումրիում` դեկտեմբերի 8-ին: 2-րդ փուլում աշակերտների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի միջոցով: