Բջջային հեռախոս՝ հանձնուքի ճաշի մեջ
Մարտի 15-ից Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է նոր, կապիտալ վերանորոգված շենք: Նախկինում այս հիմնարկը տեղակայված էր Վանաձորի երկաթգծի կայարանամերձ հատվածում, իսկ շենքի պայմանները ծայրահեղ վատ վիճակում էին:
«Խիստ անհրաժեշտություն էր առաջացել քրեակատարողական հիմնարկը (ք.հ.) շտապ տեղափոխել: ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց` նախկին ավտոբուսի պարկը, որն այլեւս որպես պարկ չէր շահագործվում, հատկացնել քրեակատարողական հիմնարկին»,- տեղեկացնում է ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանն՝ ասելով, որ մեկ ու կես տարվա ընթացքում շենքն ամբողջովին վերակառուցվել, կապիտալ վերանորոգվել եւ հանձնվել է շահագործման որպես ք.հ.: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ մենք շրջեցինք շենքում եւ համոզվեցինք, որ «Վանաձոր» ք.հ.-ի պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: «Վանաձոր» ք.հ. պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանի հետ մենք եղանք հիմնարկի խցերում, պատժախցերում, ճաշարանում, գրադարանում, մարզադահլիճում, արհեստանոցում եւ վարչական տարածքում: Նախ, ամենակարեւոր բանը, որ նկատեցինք՝ քրեակատարողական այս հիմնարկում պահպանվում են հիգիենիկ բոլոր նորմերը, սկսած ճաշարանից, վերջացրած՝ սանհանգույցներով: Նշենք նաեւ, որ նախկին շենքում խցերի սանհանգույցները բաց էին: Շենքն այնպես է կառուցվել, որպեսզի խցերում բնական լույս լինի, ինչը կանխում է խոնավությունը: Կալանավորները բավականին կոկիկ տեսք ունեին, եւ նրանցից որեւէ մեկը դժգոհություն չհայտնեց պայմաններից: Ի դեպ, մեկ դատապարտյալի համար նախատեսված տարածքը 4քմ է: ԱԴ «Վանաձոր» ք.հ. պետ Շահվերդի Ալչանգյանի հավաստմամբ՝ ներկայումս հիմնարկում պահվում են 167 դատապարտյալներ եւ կալանավորներ: Տեխնիկատնտեսական մասը սպասարկում են 7 դատապարտյալներ, բաց ուղղիչ հիմնարկում երեքն են, իսկ փակ ուղղիչ հիմնարկում՝ 110 հոգի: Ըստ պրն Ալչանգյանի՝ այս հիմնարկում գերակշռում են գողության եւ թմրամոլության հոդվածներով դատապարտվածները: Ի դեպ, ԱԴ քրեակատարողական վարչության պետի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ դատապարտյալների ընդհանուր թիվն ավելացել է մոտ 700-ով: Այս երեւույթը նա բացատրում է մի քանի հանգամանքներով: «Նախ ազատումների թիվն է կտրուկ իջել, որովհետեւ ազատման հանձնաժողովներն ավելի օբյեկտիվ, լրջորեն են հարցը քննարկում։ Բացի այդ, դժբախտաբար ավելանում է առանձնապես ծանր հանցագործություններ կատարածների թիվը՝ ավազակային հարձակում, սպանություն եւ այլն»,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Տեսակցությունն այստեղ թույլատրվում է ամիսը 2 անգամ, իսկ հեռախոսազանգեր կատարելն անսահմանափակ է: Հիմնարկի շենքի յուրաքանչյուր հարկում տեղադրված է երկուական քարտոֆոնով հեռախոս, որոնցից կարող են օգտվել դատապարտյալները: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկներում արգելվում է բջջային հեռախոսներից օգտվել, ավելին՝ հանձնուքների բաժնից դատապարտյալին բջջային հեռախոս փոխանցել չի թույլատրվում, որպես կանոն՝ այն ետ է տրվում։ Սակայն դատապարտյալին բջջային հեռախոս փոխանցելու համար հարազատները գործի են դնում աներեւակայելի հնարքներ: Քրեակատարողական վարչության պետն ասում է. «Ընդհանրապես չի թույլատրվում, բայց այլ հարց է՝ քրեակատարողական հիմնարկներում կա՞ն արդյոք բջջային հեռախոսներ, իհարկե կան: Բոլոր ք.հ.-ներում կան անպատասխանատու աշխատակիցներ, որոնք անօրինական կապի մեջ են մտնում դատապարտյալների, կալանավորների հետ, եւ ոչ միայն բջջային հեռախոսներ, այլեւ այլ արգելված իրեր են ներթափանցում նրանց օգնությամբ»:
Շ. Ալչանգյանը պատմում է, որ վերջերս հանձնուքների բաժնում դատապարտյալին փոխանցվող եփված ճաշի կանաչ պղպեղի միջից ցելոֆանով փաթաթված բջջային հեռախոս են հայտնաբերել: Ի դեպ, կոնկրետ ոչ այս հիմնարկում, բայց մենք դեպքեր գիտենք, որ դատապարտյալի հարազատը բալի մուրաբայի մեջ թմրադեղի պարկուճ գցելով՝ այն փորձել է փոխանցել դատապարտյալին: Անհավանական միջոցներով քրեակատարողական հիմնարկ են փորձում ներմուծել նաեւ ալկոհոլային խմիչքներ։
Ինչ վերաբերում է ֆիզիկական ուժին, ապա հիմնարկի աշխատակիցն իրավունք ունի մահակ կամ սամբոյի ձեւեր գործադրել այն դեպքում, երբ կալանավորը նախահարձակ է լինում, աշխատակցի հանդեպ ոտնձգություն է կատարում, կամ, երբ բոլոր միջոցները կիրառվում են նրան ինչ-որ բան արգելելու համար, սակայն անօգուտ: «Կան սեփական քրոջը բռնաբարած, մորը սպանած կամ անչափահասի հանդեպ սեքսուալ բնույթի գործողություն կատարած մարդիկ, այսինքն՝ հասարակության «ատբրոսըկը», որը հասարակության մեջ իրեն չի կարողացել պահել եւ ուզում է նույն տականքությունն այստեղ կիրառել: Ո՞նց չսաստես: Եթե մարդն ունի սրբություն՝ քույրը, բայց այդ սրբությունը պղծելով՝ նրան բռնաբարում է, ուրեմն՝ քո սրբության հետ էլ կխաղա, չէ՞»,- ասում է հիմնարկի պետը:
Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող դատապարտյալը կամ կալանավորը 6 օր պահվում է կարանտինային խցում, որտեղ նա պարտավոր է ծանոթանալ եւ ենթարկվել քրեակատարողական հիմնարկի կանոնակարգին, իսկ 7-րդ օրը միայն տեղափոխվում է խուց: Այդ ընթացքում նոր կալանավորված անձի հետ սթրեսից դուրս բերելու նպատակով ակտիվ աշխատանք են տանում հոգեբանները՝ նրան ադապտացնելով կալանավայրի ռեժիմին: Ի դեպ, յուրաքանչյուր կալանավորված անձ ք.հ. մտնելուն պես ենթարկվում է մանրակրկիտ բուժզննման, այդ թվում՝ նաեւ լաբորատոր հետազոտության:
Քրեակատարողական հիմնարկներում էլ կան արվամոլներ, որոնք պահվում են առանձին խցում, նույնանման սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց միջավայրում: Շ. Ալչանգյանի հավաստմամբ՝ դատապարտյալներն արվամոլներին չեն հանդուրժում եւ շատ ագրեսիվ են տրամադրված նման մարդկանց հանդեպ: «Կալանավորն այդ կատեգորիան չի ընդունում, ասում է՝ էդ վիժվածքին իմ խուց չբերեք: Կանգնում ես պրոբլեմի առաջ, ի՞նչ անես, որ նրա գլուխը չուտեն: Մենք առաջին հերթին պատասխան ենք տալիս նրանց կյանքի անվտանգության համար: Եթե մենք միեւնույն խցում պահենք արվամոլին եւ նորմալ դատապարտյալին՝ նրանք կսպանեն, հում-հում կուտեն, առավոտյան դիակը կգտնենք»,- ասում է նա՝ ավելացնելով, որ, ինչպես «Վանաձորում», այնպես էլ մյուս բոլոր ք.հ.-ներում կան միասեռականներ: Շատ դեպքերում հենց իրենք՝ արվամոլներն են խնդրում, որպեսզի իրենց մեկուսացնեն՝ գիտակցելով հավանական վտանգը: Ք.հ.-ներում հայտնաբերվում են նաեւ սպիդով հիվանդ դատապարտյալներ, ովքեր տեղափոխվում են դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: Ներկայումս այդ հիվանդանոցում պահվում են սպիդով հիվանդ 5 դատապարտյալներ, ովքեր մեկուսացած պայմաններում են ապրում եւ Սպիդի կենտրոնի հսկողության տակ են: Վերջիններս ստանում են «Արմենիկում» դեղամիջոցը: Քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ «Դրա աճի տենդենցն էլ կա։ Սպիդով հիվանդների հետ, իրոք, այսօր խնդիր ունենք: Օրենքն արգելում է նման հիվանդին մեկուսացնել, հասարակությունից իրենց անջատել, բայց դատապարտյալների կողմից դժգոհություն է առաջանում, որ իրենց մեջ սպիդով հիվանդ է լինում: «Սեւանում» մենք հիմա սպիդով մի հիվանդ ունենք, բայց, կարծես թե, ստիպված պիտի լինենք տեղափոխել Կենտրոնական հիվանդանոց: Պատկերացրե՛ք, սպիդով հիվանդն օգտվում է նույն ճաշարանից, բաղնիքից, իսկ դատապարտյալների մոտ դժգոհության ալիք է բարձրանում: Մի կողմից՝ իրավունք չունենք հասարակությունից մեկուսացնել, բայց մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ դա դժգոհություն է առաջացնում: Մենք նաեւ ունենք տուբերկուլյոզի մասնաշենք, որտեղ հիվանդները մասնագիտացված բուժում են ստանում»:
«Քրիստոսն էլ ա նստել»
Արթուր Խանզադյանը 26 տարեկան է: Դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, շուտով կլրանա 2 տարին: Հարցնում եմ՝ «Ի՞նչ հոդվածով»: Պատասխանում է՝ «104 հոդվածի առաջին մաս»: «Էդ ո՞րն է»,- հարցնում եմ: Կարկամելով ասում է՝ «Դժվարանում եմ բառերով ասել, բայց անցած-գնացած ա»: Հարցնում եմ՝ «Բռնաբարությո՞ւն»: Շատ վատ է զգում հարցիցս ու սկսում է ծիծաղել. «Չէ՛, չէ՛, ա՛յ քույրիկ ջան: Սպանությունգ»: ԱՄՆ-ում ապրած տարիներին սպանել է ընկերուհուն, իսկ թե ինչ հանգամանքներում՝ չի ցանկանում այդ մասին խոսել: Ասում եմ՝ «Երեւի դժվար է չէ՞ էստեղ»: Պատասխանում է՝ «Ես ունեցել եմ շրջապատ, իրանց հետ առնչվել եմ ու տեղեկություններ ունեի, որ շատ վատ ա ստեղ: Բայց հիմա դեպի լավը շատ փոփոխություններ կան: Աշխատակազմը առաջվա համեմատ բարձր մակարդակով ա, մենք էլ՝ կալանավորներս, հնարավորություն ունենք ինքնազարգացմամբ զբաղվել: Բարեփոխումների արդյունքում դեպի լավը շատ բան ա փոխվել»: Արթուրը մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ կալանավայրում սկսել է նկարել: «Ես ձյուդոյի մարզիչ եմ եղել, աշակերտներիս հետ տարբեր երկրներ ենք մեկնել»,- ասում է նա: Հարցնում եմ՝ «Արժե՞ հանցագործություն կատարել՝ գիտակցելով, թե հետագայում ուր ես հայտնվելու»: «Դե, մարդն ունի ազատ կամք, ու ամեն մարդ իր գիտակցությամբ ա որոշում, բայց առաջվա համեմատ շատ մարդիկ կան, որ ձգտում են ոչ թե հանցագործ կյանքին, այլ՝ գեղեցիկ ապագային: Գողական աշխարհի մասին չեմ կարա խոսամ, որովհետեւ ինքս լրիվ կտրված եմ դրանից: Ստեղ ես զբաղվում եմ մշակույթով: Ստեղ էդ գողական մթնոլորտն էլ չկա, որովհետեւ Եվրամիության հետ միջազգային կապերը կալանավորի իրավունքները մեծացրել են՝ մշակույթ, սպորտ: Ամեն մարդ դրսում կամ կալանավայրում ինքն ա կերտում իրա ապագան»: Ասում է՝ «Դե, ստեղ զոն նայող, գող չկա»: «Լավ է՞»,- ասում եմ: Ծիծաղում է՝ «Դե ինչքանով որ կհավատաք: Ամեն մարդ իրա ձեւով դրսեւորվում, գնահատվում, նայվում ու հարգվում ա: Լավ մարդն ամեն տեղ էլ հարգվում ա: Ես մինչեւ օրս խնդիրներ չեմ ունեցել: Կալանավորին հնարավորություն են տալիս գնալ ոչ թե դեպի կործանում, այլ ինքնամաքրում, որ մոլորված աշխարհից հետ գա»: Արթուրն իր հետ կատարվածի համար շատ է զղջում եւ համարում է, որ այդ փորձությունն իրեն իմաստավորելու համար էր: Կալանավայրում կյանքի հանդեպ գնահատականը փոխվում է, արժեքային համակարգն ավելի խորն է դառնում: «Մարդը ծնված օրվանից սխալվում ա, բայց կարեւորն էն ա, որ սխալը մարդուն բան սովորացնի»: Արթուրը կալանավայրում անցկացրած տարիները չի ափսոսում միայն նրա համար, որ տվյալ իրավիճակը կարողանում է իմաստավորել, ինքնակրթությամբ զբաղվել: «Տարիները կափսոսա էն մարդը, որի համար էս օրերն իզուր են գնում: Ես նկարում եմ, կարդում, ուսումնասիրում եմ փիլիսոփայություն»: Ազատություն ստանալուց հետո Արթուրն ամեն ինչ կանի կալանավայրում գտնվող ընկերներին օգնելու համար, որովհետեւ ինքն էլ է կալանավոր եւ հասկանում է դրսում գտնվողների աջակցության գինը: Որպես դատապարտյալ վերադառնալու հեռանկարն անհնար է համարում: «Սա էլ ա դպրոց, դժվար դպրոց՝ կյանքի դժվարությունները հաղթահարելու համար: Եթե Աստվածաշունչն ուսումնասիրեք, կտեսնեք, որ էնտեղ էլ ա եղել բանտային կարգավիճակ՝ առաքյալներն էլ են բանտարկվել, Քրիստոսն էլ ա նստել: Եթե Աստծուն դատապարտել են՝ մարդն ի՞նչ ա, որ չդատեն»: Արթուրն իշխանություններին կոչ է անում «մի թեթեւ» համաներում անել, որովհետեւ որքան մարդկային վերաբերմունքը շատ լինի՝ այնքան չարակամությունը կվերանա:
Դատապարտյալ ուսուցիչը
Արմեն Խաչատրյանը 32 տարեկան է, բավականին համակրելի, ժպտերես երիտասարդ է: Այս տարվա փետրվար ամսից կալանավայրում է, խարդախություն կատարելու հոդվածով դատապարտվել է 2 տարի 2 ամսվա ազատազրկման: Ներման խնդրագիր է ուղարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: 2003-ին Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի անդամ է եղել: «Երեւի ճակատագիր է»,- իր հետ կատարվածին փորձում է գնահատական տալ Արմենը, ով խոսում է չափազանց գրագետ եւ մտքերն արտահայտում է հստակ ձեւակերպված: Երկու բարձրագույն կրթություն է ստացել՝ մանկավարժի եւ տուրիզմի մասնագիտություններով: Աշխատել է դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցիչ: Արմենը տանջվում է ազատության մեջ գտնվող ընտանիքի սոցիալական վիճակի համար, որովհետեւ ծնողները թոշակառուներ են, իսկ նման մարդկանց համար կալանավոր պահելը ծանր է: «Ծանր են տանում, բայց հոգեպես տրամադրում եմ, որ պինդ լինեն»,- ասում է նա: Հարցնում եմ՝ «Դու կիրթ ու մի քիչ ուրիշ տեսք ունես, քեզ դժվար չէ՞ նույն խցում գողականների հետ»: Պատասխանում է՝ «Երբ կարանտինային շրջանից տեղափոխվեցի համապատասխան խուց՝ մի քիչ շփոթված վիճակում էի: Սկզբում պատկերացրեք, որ նույն խցում 10 հոգի են՝ տարբեր տարիքի, տարբեր հանցագործություններով. ոմանք՝ դիտավորյալ, ոմանք՝ զուտ պատահականությամբ, ու մարդիկ կան, որ գողականով են ուզում առաջ տանել: Մանկավարժական փորձս կիրառեցի, ու ամեն ինչ հարթվեց: Դարձանք կոլեկտիվ, մինչեւ օրս էլ ապրում ենք նորմալ կարգ ու կանոնով: Մարդիկ կան, որոնց մոտ նախադրյալները կան, որ հանցագործություն կատարելու մղումը խորանա: Ընդհանուր միջավայրն էլ է դրան տրամադրում»: 1994թ.-ից դպրոցում աշխատած Արմենը պատմում է, որ անկախության տարիներին, երբ սոցիալական մեծ խնդիր կար՝ երիտասարդները ձգտում էին գողական աշխարհին, հանցագործություն կատարելուն: Այդ տարիներին դպրոցների ղեկավարները հակված չէին ուշադրություն դարձնել աշակերտների հետաքրքրություններին: «Ընդհանուր երկրի մթնոլորտն էր էդպիսին, հիմա էլ՝ անպատժելիության մթնոլորտը: Կա օրենք, բայց այդ օրենքը բացառապես հասարակության մի խավի համար է: Մյուսները շատ հեշտությամբ շրջանցում են այն: Հեծանիվ գողացողին տարիներով նստացնում են, իսկ, օրինակ, այսինչ քաղաքապետի դեմ հազարավոր փաստեր կան, բայց ոչ ոք չի ցանկանում ուշադրություն դարձնել: Մարդը տեսնում է, որ կողքինը չի պատժվում, մտածում է՝ ուրեմն ինքն էլ կարող է նույնն անել»: Ասում է, որ շատերը չգիտեն, թե ինչու են հայտնվել կալանավայրում: Արմենն առաջարկում է մի օր տեսախցիկով պատուհանից նկարել այն տեսարանը, որն արձանագրում է ծեր մարդկանց այցելությունները կալանավայր: «Ցավոտ տեսարան է: Նայում ես՝ մեծ մարդիկ սումկաները ճկռած եսիմ որտեղից տանջվելով գալիս են՝ հարազատին, տղային կամ չգիտեմ ում տեսակցելու: Ես աշխատում եմ մինչեւ ժամը 6-ը պատուհանից չնայել, էդ տեսարանը շատ է ազդում վրաս»: Ասում է՝ ոմանք կալանավայրում իրենց սոցիալապես պաշտպանված են զգում: Օրինակ՝ մի կալանավոր հարեւանի տանից 2 բանկա մուրաբա գողանալու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: «Ինքը մանկատանը մեծացած երեխա ա եղել, ծնողազուրկ: Հոգեկան ահավոր ապրումներ ուներ՝ տարան հիվանդանոց: Պետք է մարդկանց աշխատանքի հարցում օգնեն, որովհետեւ, բացի նրանից, որ մեր ծնողների ուսերին ենք բեռ, դեռ ավելին՝ պետությունն էլ անտեղի մեզ վրա ծախսում է»: Ք.հ.-ում ապրած ժամանակահատվածն Արմենին ստիպել է մտածել, եւ ազատություն ստանալուց հետո նա պատրաստվում է առաջարկություն ներկայացնել համապատասխան մարմիններին՝ ազատազրկման վայրից դուրս եկած կալանավորին աշխատանքով ապահովելու վերաբերյալ: «Ինչքան գիտեմ՝ մեկ շնչին օրական 565 դրամի սնունդ է տրվում, բայց պետք է այնպես անել, որ մարդը պետությանը վնաս տալու փոխարեն՝ օգտակար լինի»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ հիմնարկում սոցիալական անպաշտպանվածության պատճառով հանցագործություն կատարածների թվում նաեւ 5 երեխա ունեցող մարդիկ կան: