Ինտերնետում վիրուսներ են շրջում

07/12/2007

Վերջերս էլեկտրոնային հասցեների վրա տարաբնույթ նամակներ են ստացվում, որոնք հաճախ նման են պարզ ու հասարակ շփումների, առաջարկությունների, կամ հիշեցնում են «Լրտեսական հաղորդագրություններ»: Շատերը դրանք ընթերցում են եւ հետագայում շարունակում անզգուշորեն օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից` չենթադրելով, որ իրենց համակարգում եղած տեղեկատվությունը չարտոնված ձեւով ստանում է իրենց անհայտ հասցեատերը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ այդ «անսպասելի» նամակների միջոցով հնարավոր է` համակարգիչ մտցվեն ամենատարբեր համակարգչային վիրուսներ: Ըստ այդմ, տեքստային ֆայլի բացման պարագայում, համակարգչում ավտոմատ կերպով տեղադրվում է քողարկված ծրագիր, որն ինտերնետ ցանցով, որոշակի հաճախականությամբ վերահասցեավորում է համակարգչում առկա բոլոր տեսակի ծածկագրերն ու գաղտնաբառերը, ինչպես նաեւ մոնիտորի էկրանի ողջ տեղեկատվությունը` համապատասխան էլեկտրոնային հասցեով, որի արդյունքում սուբյեկտը դառնում է տեղեկատվության բաց աղբյուր: ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների ընթացքում բացահայտվել են էլեկտրոնային փոստի հասցեները, ուր գնում է ողջ տեղեկատվությունը` [email protected], [email protected], [email protected] եւ այլն: Ստացված նյութերի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված գործողություններն իրականացվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, եւ, որ այդ թելերը տանում են Ադրբեջան: ԱԱԾ-ն զգուշացնում է Ինտերնետից, էլեկտրոնային փոստից օգտվող անձանց՝ լինել ավելի զգոն եւ ուշադիր, չանտեսել հակավիրուսային ծրագրերից օգտվելու կանոնները: