Հայաստանում դեռ պարզ չէ

05/12/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կարծիքով` Ղարաբաղի հարցում փոխզիջման հասնելու համար կողմերին այժմ ներկայացվել են լավագույն առաջարկները: Day.az -ին տված հարցազրույցում նա միաժամանակ կանխատեսել է, որ մինչեւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան բանակցություններում ճեղքում չի լինի: «Առաջնորդի փոփոխությունը ցանկացած երկրում, բնականաբար, կարող է ազդել բանակցությունների վրա: Սակայն կարելի է ասել, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Ադրբեջանի նախագահը: Իսկ ՀՀ-ում կան որոշ թեկնածուներ, բայց նրանք բոլորը, որքան գիտեմ, սատարում են բանակցային գործընթացին»,- ասել է Բրայզան: «Այն, ինչ այժմ դրված է բանակցությունների սեղանին, այսօրվա դրությամբ հակամարտության կարգավորման ամենատրամաբանական բանաձեւն է: Դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ մենք սպասում ենք պետությունների ղեկավարների պատասխանին»,- եզրափակել է Բրայզան: