Թեեւ իշխանությունները ջանում են տարբեր թեկնածուների միջոցով զանազան երանգներ մտցնել քաղաքական դաշտի մեջ, սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ իրականում ամեն ինչ սեւ-սպիտակ է: Ու թեեւ բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանալու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու գործող վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ, սակայն հասկանալի է, որ նրանցից մեկի գործին կարող է նպաստել այն, որ դաշտ ներմուծվեն զանազան այլ թեկնածուներ՝ հիմնական մրցակցին հարվածելու, նրանից ձայներ խլելու համար:
Ահա այս «ծիրին մեջ» էլ արդեն տեւական ժամանակ է՝ այսպես կոչված, երրորդ բեւեռ ստեղծելու ջանքեր են գործադրվում: ՀՅԴ Գերագույն մարմնի մամուլի հարցերով պատասխանատու Սպարտակ Սեյրանյանն էլ երեկ հրավիրված ասուլիսում նկատեց, որ բոլոր խոսակցություններն ու վերլուծությունները հանգում են այն եզրակացության, որ քաղաքական գործընթացներն առաջիկայում ընթանալու են արդեն իսկ ձեւավորված վերոնշյալ երկու բեւեռների շուրջ: Սակայն, ըստ նրա, ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը շուտով բազմաբեւեռ կդառնա, ու քաղաքական դաշտի՝ գունային սեւ-սպիտակ ընկալումները կվերանան, ինչի արդյունքում «երեւի թե կհաջողվի քաղաքական դաշտից վերացնել սեւ-սպիտակ գունային ընկալումները, եւ այն առճակատման տրամաբանությունը, որ գոնե այսօր՝ կապված միտինգային տրամադրությունների հետ, ցավոք, առկա են ՀՀ-ում»: Այդ ենթադրյալ «բեւեռներն» էլ, բանախոսի կարծիքով, լինելու են երեքից ավելին ու կարող են առաջանալ միայն գաղափարական, ծրագրային հենքի վրա: Իսկ «առճակատային տրամաբանությունն», ըստ Ս. Սեյրանյանի, սկսել է ՀՀ առաջին նախագահը: «Չի կարելի 10 տարվա բացակայությունից հետո մտնել քաղաքական դաշտ ու խոսել, թե էս ի՞նչ անտեր երկիր ա: Քոռանամ ես: Էս ի՞նչ եք արել իմ գյոզալ երկիրը»,- նկատեց նա ու հավելեց, թե այն պրոբլեմները, որոնց մասին խոսում է առաջին նախագահը, անցյալ տարի էլ կային, նախանցյալ տարի էլ, ու դրանց մի մասի հիմքն էլ հենց նրա պաշտոնավարման ժամանակ է դրվել: Ու թեեւ սկզբում Ս. Սեյրանյանը խոսում էր առճակատման տրամադրություններից, քիչ անց նա կարծիք հայտնեց, թե «նախագահական այս ընտրություններն, ի տարբերություն նախորդների, կարծեք թե ավելի հանգիստ տոնայնությամբ են ընթանալու»: ՀՅԴ-ական բանախոսը, հիմնվելով այսօրվա իրողությունների վրա, նկատեց, որ ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվելու:
Հիշեցումների մասին: Մինչ «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հիշեցումներով են զբաղված, ՀՅԴ-ն էլ սպառնում է, որ հանկարծ իրեն ոչինչ չհիշեցնեն, թե չէ իրենք էլ հիշեցնողներին որոշ բաներ կհիշեցնեն: Ս. Սեյրանյանի խոսքով՝ իրենք որեւէ մեկին որեւէ բան չեն հիշեցնելու, բայց եթե իրենց ինչ-որ բան հիշեցնեն, իրենք այնքան բան ունեն ասելու, որ ՀՅԴ-ին ինչ-որ բան հիշեցնողի համար շատ ավելի դժվար կլինի: Այդ հիշեցումներն, ըստ նրա, վերաբերում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին:
Թուրքիայի մասին: Ինչպես հայտնի է, իշխանական քարոզչամեքենայի կողմից զարգացվող հաջորդ թեզն էլ այն է, թե Թուրքիայում ուրախացել են, քիչ է մնում երգեն, մի հատ էլ հրավառություն կազմակերպեն այն հեռանկարի կապակցությամբ, որ կարող է շուտով կրկին ՀՀ նախագահ դառնալ Լ. Տեր-Պետրոսյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե` ինչո՞ւ են Թուրքիայում այդպես ակտիվացել, ՀՅԴ-ական բանախոսը երեկ հարցով պատասխանեց. «Իսկ Թուրքիայում ակտիվացե՞լ են: Ինձ մոտ ուրիշ տպավորություն է. որ ընդհանրապես Հայաստանում սկսում են թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներով հետաքրքրվել, երբ Հայաստանում է շատ կարեւոր ինչ-որ բան լինում»: Ս. Սեյրանյանը նկատեց, որ թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին հետեւողները կարող են փաստել, որ հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցի տարբերակների մասին թուրքական մամուլն ու վերլուծական կենտրոնները որեւէ նոր շեշտադրում չեն անում: «Իրենք այսօր գրում են այն, ինչ գրել են վերջին 10-15 տարիների ընթացքում»,- նշեց Ս. Սեյրանյանը: Խոսելով ՀՀ նախագահի առաջիկա ընտրության արդյունքների հնարավոր կեղծման մասին՝ բանախոսը նշեց, թե այդ դեպքում ՀՅԴ-ն ընդդիմություն կդառնա: «Եթե այս ընտրություններն ազատ-արդար չլինեն, չարտահայտեն ժողովրդի կամքը, մենք կդառնանք ընդդիմություն»,- սպառնաց նա: Ի դեպ, նկատենք, որ ՀՅԴ-ն սատարել ու սատարում է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դա բացատրելով Քոչարյանի որդեգրած ուղեգծով: Նույնիսկ կոալիցիայի հետ կնքած համաձայնագրի ժամկետը ՀՅԴ-ն սահմանափակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով: Բայց Ռ.Քոչարյանն արդեն տվել է հաջորդ նախագահի՝ իր համար ցանկալի անձի անունը՝ Սերժ Սարգսյան: Նշանակում է՝ Ռ.Քոչարյանը գտնում է, որ իր գործի լավագույն շարունակողը կարող է լինել հենց Ս. Սարգսյանը: Իսկ եթե դաշնակները Ռ.Քոչարյանին սատարելը պայմանավորում են նրա կողմից որդեգրած քաղաքականությամբ, ապա տրամաբանորեն պետք է որ սատարեին Ս. Սարգսյանին: Եթե այս ամենով հանդերձ՝ նրանք առաջադրում են նախագահի սեփական թեկնածու, նշանակում է՝ կամ գտնում են, որ Ռ.Քոչարյանը սխալվել է, կամ էլ՝ հաշվարկել են եւ համոզվել, որ Ս. Սարգսյանի` ՀՀ նախագահ դառնալու գործում իրենք այդկերպ շատ ավելի օգտակար կարող են լինել, քան, եթե չառաջադրեն սեփական թեկնածու ու բացահայտ հայտարարեն Ս. Սարգսյանին սատարելու մասին՝ ինչը կարող էր եւ առաջացնել դաշնակցական որոշ շրջանակների զայրույթը: Ամեն դեպքում ընտրված մարտավարությունը ՀՅԴ-ին հնարավորություն է տալիս հերթական անգամ փորձել միաժամանակ եւ՛ կույս մնալ, եւ՛ հաճույք ստանալ: