Ինչպես են կոփում «ազգային հեղափոխության թեկնածուին»

05/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը սկսեց եւ հետաձգեց ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության դեմ «Նոր Ժամանակներ» կուսակցության հայցադիմումի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Անձնագրերի եւ վիզաների վարչությունը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չի տրամադրել: Իսկ առանց այդ տեղեկանքի ՆԺԿ նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում որպես թեկնածու չի կարող առաջադրվել:

Ա.Կարապետյանն իրեն համապատասխան փաստաթուղթ չտրամադրելու մասին որոշումը համարում է քաղաքական պատվեր, եւ դրա պատվիրատուներ է համարում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Նրա ասելով, այդ որոշումը զավեշտալի է, իրավական ու տրամաբանական որեւէ հիմք չունի, քանի որ ինքը 2003թ. նախագահի ընտրությանը ստացել էր 10 տարվա մշտական բնակության այդ տեղեկանքը, իսկ 2007թ. ԱԺ ընտրությանն էլ ստացել էր 5 տարվա մշտական բնակության տեղեկանք: Այսինքն` այդ երկու տեղեկանքները հաստատել են, որ նա վերջին 15 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում: Երեկ դատավարության սկզբում Ա.Կարապետյանը միջնորդեց հարցում կատարել եւ ԿԸՀ-ի արխիվից պահանջել 2003թ. նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկանքը, այդ թվում նաեւ՝ Ոստիկանության նույն ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը Հայաստանում 10 տարի մշտական բնակվելու մասին: ՆԺԿ նախագահը միջնորդեց նաեւ Ոստիկանության եւ զինկոմիսարիատի համապատասխան տարածքային բաժիններից հարցում կատարել՝ պարզելու համար, թե ո՞ր թվականից է ինքը հաշվառված Հայաստանում։ Հայցվորի պնդմամբ, ինքը Հայաստանում հաշվառված է 1992թ. հուլիսի 3-ից: Որպես պատասխանող՝ դատարանում հանդես էր գալիս Ոստիկանության Իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով դատարանից 2 օր ժամանակ խնդրեց պատասխան բացատրությունները պատրաստելու համար: Սակայն, քանի որ նման գործերի համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է 5-օրյա ժամկետ, որը լրանում է դեկտեմբերի 4-ին, դատական նիստը հետաձգվեց մինչեւ այսօր: Բացի այդ` դեկտեմբերի 5-ը նախագահի թեկնածու առաջադրվելու վերջին օրն է:

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ին Ոստիկանության կայքէջում տեղադրվել է մի հայտարարություն, ըստ որի` «Ա. Կարապետյանին վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չի տրվել, քանի որ ՀՀ Ոստիկանության ունեցած տվյալների համաձայն՝ նա 1997-2002թթ. ՀՀ-ում մշտապես չի բնակվել: 13.01.1997թ. հաշվառված է եղել ՌԴ Մոսկվա քաղաքի Վերնադսկու պող. 15շ. բն. 342 հասցեում, ըստ հիշյալ տան տնային գրքի քաղվածքի` Ա.Կարապետյանը Երեւանից եկել է 13.01.1997 թվականին, կնոջ մոտ` մշտական: Ա.Կարապետյանը նշված հասցեի հաշվառումից իր դիմումի համաձայն հանվել է 2005թ.: Պարզվել է նաեւ, որ Ա.Կարապետյանը 1996-1999թթ. սովորել է ՌԴ ԳԱ հասարակական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրայում, որից հետո մինչեւ 2002թ. աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ Մոսկվա քաղաքում»:

Իսկապես, Ոստիկանության այս տվյալների համաձայն, եթե Ա.Կարապետյանը 1997թ. հունվարի 13-ից հաշվառված է եղել Մոսկվայում, ապա Անձնագրերի եւ վիզաների վարչությունը 2003թ. ինչպե՞ս է նրան 10 տարվա մշտական բնակության տեղեկանք տվել: Այս հարցին դատարանում այսօր հավանաբար կպատասխանի Ոստիկանության ներկայացուցիչը: Իսկ Ա.Կարապետյանը կարծում է, որ 2003-ին իրեն տեղեկանք տվել են, որովհետեւ մտածել են, թե «նոր քաղաքական ուժ» է ներկայացնում եւ լուրջ մրցակից չի լինելու: Հիմա չեն տալիս, որովհետեւ, Ա.Կարապետյանի կարծիքով` ինքը շատ լուրջ քաղաքական գործիչ է դարձել եւ, որպես այդպիսին՝ իրենից մեծ վտանգ է ներկայացնում: Ա.Կարապետյանը նաեւ համոզված է, որ եթե դատարանն իր հայցը մերժի, ապա դա Ոստիկանության պատվերն է լինելու: Բացի այդ` ՆԺԿ նախագահը կարծում է, որ «ինքն այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունի»: Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան քաղաքական որոշումով թույլ չտան մասնակցել նախագահի ընտրություններին, ապա դառնալու է «ազգային հեղափոխության թեկնածու»: Իսկ եթե մասնակցի ընտրություններին, եւ ընտրությունները կայանան ոչ ազատ, թափանցիկ եւ բռնի ուժով, ապա նա փողոց դուրս գալու համար դիմելու է ժողովրդին: Սակայն, բոլոր դեպքերում, ՆԺԿ նախագահը համոզված է, որ այս ընտրությունները բեկումնային են լինելու այս իշխանությունների համար:

«Ես կմասնակցեմ այդ ընտրություններին, թե չեմ մասնակցի եւ քաղաքական որոշումով կհանվեմ, սակայն ես միանշանակ համոզված եմ, որ այս ընտրություններն այս իշխանություններին փոխելու հիմք են հանդիսանալու,- ասում է Ա.Կարապետյանը: -Ապօրինությունները գնալով ավելանում են, իշխանությունները ժողովրդի մեջ չունեն նույնիսկ շատ փոքր ռեյտինգ: Հասկանալի է, որ ամեն ինչ արվելու է ուժով: Իսկ ես համոզված եմ, որ այս անգամ այդ ուժը չի կարողանալու մինչեւ վերջ գործել, եւ ժողովուրդը ոտքի է կանգնելու»:

Ի դեպ, եթե այսօր դատարանը հանկարծ որոշի բավարարել ՆԺ կուսակցության հայտը, ապա Ա.Կարապետյանը կհասցնի առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իսկ մինչ այդ ՆԺԿ նախագահն այսօր պետք է ներկայացնի մի միջնորդություն, որը, իր կարծիքով, բավականին սենսացիոն բնույթ ունի եւ շատ լուրջ գործընթացների պատճառ կդառնա: