«Մեծամասնության համար հեղափոխությունը դժբախտություն է»,- ասում է սոցիոլոգ Իգոր Զադորինը

05/12/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սոցիոլոգ Իգոր Զադորինը գլխավորում է հետազոտումներ անցկացնող «Ցիրկոն» կենտրոնը, որն ամենախոշոր սոցիոլոգիական կենտրոնն է նախկին Խորհրդային միության տարածքում։ Կենտրոնը մեծ ծավալի աշխատանք է անում՝ ուսումնասիրելով ԱՊՀ երկրների քաղաքացիների կարծիքները, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ որքանով են սոցիալապես ադապտացված անկախ դարձած պետությունների քաղաքացիները։ Իգոր Զադորինի համար սոցիոլոգիան ամենազգուշավոր եւ ուշագրավ գիտությունն է, որը, սակայն, ըստ արժանվույն չի օգտագործվում Ռուսաստանում։ «Թվում է, որ Ռուսաստանի բոլոր գերատեսչությունները շահագրգռված են մեր աշխատանքով, մեջբերում են մեր տվյալները, սակայն ամեն ինչ դրանով էլ սահմանափակվում է»,- ասում է նա։ Իսկ հարցումների անաչառ մեկնաբանության մասին մեր հարցին Իգոր Զադորինը պատասխանում է. «Հետազոտման արդյունքների, այսպես ասած, «թեքումը», պատվեր կատարելու մոտեցումը միայն միֆ է, որն, ի դեպ, հենց լրագրողներն են հնարել։

– Նման կենտրոնի անհրաժեշտությունն ինչո՞ւմ է։

– Եվրամիությունում գոյություն ունի «Եվրոբարոմետր» կազմակերպությունը, որը զբաղվում է սոցիոլոգիական ուսումնասիրություններով։ Մեր կենտրոնն այդ կազմակերպության նմանությամբ է ստեղծվել: Մենք զգացինք, որ անհրաժեշտ է ԱՊՀ երկրների տարածքը հետազոտել։ «Եվրոբարոմետրն» արդեն 25 տարի շարունակ հասարակական հարցումներ է կատարում եւ ուսումնասիրում է հասարակության ինքնազգացողությունը Եվրոպայի բոլոր երկրներում։ Իսկ մեր երկրները միայն անկախություն ձեռք բերելուց հետո հանկարծ հասկացան, որ շատ են հետաքրքրվում միմյանցով։ Երբ մեր երկրները քանդվեցին, բոլոր գիտական կապերը, անկախ պետությունները սկսեցին համագործակցել արեւմտյան ինստիտուտների հետ, դա շատ կարեւոր էր, քանի որ մեզ հասու դարձան հետազոտման այն տեխնոլոգիաները, որոնց մինչ այդ մենք չէինք տիրապետում։ Սակայն մենք զգացինք, որ չենք կարող լիարժեք պատկեր ստանալ՝ միայն մեկ երկրում հարցումներ անցկացնելով, քանի որ չգիտենք՝ ո՞ւմ հետ պետք է համեմատել ստացված տվյալները։ Հարկավոր էր նույն ճանապարհն անցած երկրների հետ համեմատություն անելով՝ մշակել արդյունքները։ Օրինակ, մենք պարզեցինք, որ Ռուսաստանի նախագահին բնակչության 45 տոկոսն է սատարում, բայց չէինք կարող պարզել` դա մե՞ծ թիվ է, թե՞ ոչ։ Անալոգիաներ կարելի է անցկացնել միայն այն երկրների միջեւ, որոնք նույնանման զարգացման ուղի են անցել։ Եվ հիմա մենք արդեն հարցումների ութերորդ ալիքն ենք անցկացնում ԱՊՀ յոթ երկրներում եւ արդեն կարող ենք ընդհանրացումների մասին խոսել։ Քո սեփական պրոբլեմներն ավելի լավ ես հասկանում, երբ հնարավորություն ես ստանում դրանք համեմատել հարեւանների պրոբլեմների հետ։ Հարցաթերթիկներն ընդհանուր մոդելով են մշակված, մենք համագործակցում ենք տեղական հետազոտական կենտրոնների հետ։

– Հասարակությունը ո՞ր երկրում լավ ինքնազգացողություն ունի։

– Առավել առանձնանում են Ղազախստանն ու Բելառուսը։ Այդ երկրների քաղաքացիների մեծամասնությունը նշում էին, որ բավարարված են իրենց կյանքով։

Սկզբում մեզ զարմացրեցին այդ հարցումները, եւ մենք երեք անկախ կենտրոնների հանձնարարեցինք կրկնակի հարցումներ անել, զուգահեռաբար պարզել ճշտությունը։ Ես հասկանում եմ, որ կարող է հարց ծագել, իսկ որքանո՞վ են այդ երկրները զարգացած, որքա՞ն է այդ երկրներում ազատ ինֆորմացիոն դաշտը։ Ինֆորմացիոն դաշտի փակ լինելը հաճախ բարյացակամ վերաբերմունք է ձեւավորում իշխանությունների հանդեպ, մարդիկ սկսում են հավատալ այն ամենին, ինչ նրանց ասում են, ձեւավորվում է, այսպես ասած, հասարակական հանգստությունը։ Իսկ Ուկրաինայում եւ Ռուսաստանում, ընդհակառակը, ավելի կրիտիկական ինֆորմացիոն դաշտ է ձեւավորվել, եւ մարդիկ յուրաքանչյուր ինֆորմացիայի քննադատաբար են վերաբերվում։ Հետազոտման համար կարեւոր է մեկ այլ գործոն՝ մարդկանց հավակնությունների աստիճանը հաշվի առնել։ Հասկանալի է, որ ռուսներն ու ուկրաինացիներն ավելի մեծ հավակնություններ ունեն, եւ իրենց կյանքով բավարարված լինելն իրենց համար դժվար է։ Մարդկանց բավարարվածության մակարդակը հիմնականում բացատրվում է երկրի տնտեսական վիճակով։ Մարդիկ գոհ են կյանքից, երբ զարգացած տնտեսություն են ունենում։ Կարող ենք ասել, դե, ղազախները, երեւի, շատ բան կյանքից չեն սպասում, եւ բավարարվում են այն ամենով, ինչ ունեն։ Բայց ստուգումները ցույց տվեցին, որ հենց տնտեսական «տրենդն» է նպաստում հասարակության ադապտացիային։

– Հայաստանն այդ սանդղակում ի՞նչ տեղ է գրավում։ Եվ, ընդհանրապես, կա՞ն արդյունքներ, որոնք զարմացրել են ձեզ։

– Հայաստանում մեծ է կրիտիկական ֆոնը, չի կարելի ասել, որ հայերի սոցիալական ինքնազգացողությունը բարձր է։ Հայերը մոտավորապես ռուսների նման են, դժգոհների թիվը մեծ է։ Մեր վերջին հարցումներից մեկը կապված էր տարբեր տեսակի էներգետիկ պրոբլեմների ընկալման հետ։ Եվ Հայաստանի ցուցանիշները բոլորիս զարմացրեցին. հարցվողների 90 տոկոսը կողմ էր, որ իրենց երկրում ատոմային էներգետիկան զարգանա։ Սա ընդհանրապես «չտեսնված» ցուցանիշ է ողջ աշխարհի համար։

– Ատոմային էներգետիկան մեր միակ իրական ռեսուրսն է, մենք դա շատ լավ հասկանում ենք։

– Հայաստանն ատոմակայանի փակման ու վերաբացման փորձ ունի, եւ մարդիկ կողմ են ատոմակայանի հետագա շահագործմանը։ Այդ ցուցանիշով Հայաստանի հետ կարող է համեմատվել միայն ԱՄՆ-ը, որտեղ ատոմային էներգետիկան առաջնային է համարվում, եւ մարդիկ իրենց բարեկեցությունը կապում են հենց ատոմային էներգիայի հետ։ Մենք զգացինք, որ ԱՊՀ երկրներում շարունակում են գործել սովետական ստերեոտիպերը։ Մինչդեռ շատ հարցերում պատկերը կտրականապես փոխվել է։ Դրանք հատկապես արտահայտվում են միգրացիայի հետ կապված հարցերում։ Ընդունված է համարել, որ ռուսները երազում են վերականգնել իրենց երբեմնի կայսրությունը։ Բայց Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է տարբեր տեսակի միություններին անդամակցելուն, շատերը պարզապես հոգնել են կայսերական ընդլայնումներից։ Ընդ որում, Հայաստանը նույնպես շատ սառն է վերաբերվում միգրացիոն շարժերին, շատերը դեմ են, որ իրենց երկրում այլազգիներն ավելանան։ Հայերը հարեւան այլազգիներին շատ լավ են վերաբերվում, սակայն չեն հանդուրժի, եթե պետական մակարդակով առանձնահատուկ նշվեն այլ ժողովուրդների շահերը։ Կա նաեւ մեկ այլ ցուցանիշ, որը մեզ համար շատ մտահոգիչ է, այն կապված է ռուսերեն լեզվի հետ։ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում կտրուկ նվազել է ռուսերեն լեզվին տիրապետող մարդկանց քանակը։ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսերեն լեզվին չտիրապետող երիտասարդների ամենամեծ թիվն է, ոչ մի այլ երկրում այդքան ցածր ցուցանիշ չկա։

– Որպես շփման լեզու՝ ռուսերենին փոխարինեց անգլերենը։ Դա բնական է։ Ռուսերեն խոսում են մեծահասակները։

– Շատ ուշագրավ դիտարկում ենք արել, պարզվել է, որ իրականում մեր երկրներն այդքան էլ չեն տարբերվում իրենց ինքնազգացողությամբ, սակայն շատ մեծ են երկրի միջի տարբերությունները, որոնք կապված են տարբեր սերունդների աշխարհընկալման հետ։ Միջին տարիքի հայն ու միջին տարիքի ադրբեջանցին գրեթե նույն կերպ են մտածում։ Երիտասարդները մեծամասնությամբ շատ պրակտիկ են մտածում, նրանք զուրկ են մեծերին հատուկ ստերեոտիպերից եւ առաջին հերթին մտածում են լավ աշխատանք գտնելու, սովորելու մասին։ Տնտեսական տարրը նրանց համար առաջնային է։

– Փոխվե՞լ է, արդյոք, անկախ դարձած պետությունների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։

– Նկատվում է, որ Ռուսաստանին՝ որպես կայսրության կենտրոնի վերաբերվելը վաղուց արդեն չկա։ Եվ որքան արագ Ռուսաստանը դա ընդունի, այնքան լավ կլինի բոլորի համար։ Սակայն մի տարօրինակ բան է նկատվում, բոլոր երկրներն իրենց անկախացումը, ազգային ինքնության որոնումն անպայման կապում են Ռուսաստանի հետ։ Ստացվում է, որ սեփական ազգի ինքնությունը փնտրելու համար ամենակարեւոր գործոնը Ռուսաստանն է դառնում։ Ուկրաինայի նախկին նախագահ Կուչման, օրինակ, իր գաղափարները շարադրել է «Ուկրաինան Ռուսաստանը չէ» գրքում։ Պարզվում է, որ նա Ուկրաինայի մասին չի կարող խոսել՝ առանց Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնելու։ Ընդդիմանալով Ռուսաստանի դեմ՝ շատ երկրներ սկսեցին իրենց ինքնությունը գտնելու անհրաժեշտության մասին խոսել։

– Կարծում եք՝ կարելի՞ է խոսել իրական համագործակցության մասին։

– Դա պետք է անել։ Իսկ Ռուսաստանին՝ որպես «մեծ եղբոր» ընդունելու մոդելն, իհարկե, հնացել է։

– Իսկ դուք փորձե՞լ եք հարցումներով պարզել` ո՞ր երկրի քաղաքացիներն են ավելի երջանիկ։

– Երջանկության ինդեքսը կառուցելը շատ հետաքրքիր կլիներ, սակայն երջանկությունը չափելու գործիք դեռ չի հնարվել։

– Կարելի՞ է ասել, որ հեղափոխությունների, բուռն իրադարձությունների ժամանակ մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում։

– Ես կասեի, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Հեղափոխությունները հիմնականում սակավ մարդկանց ձեռքով են կատարվում, իսկ քաղաքացիների մեծամասնությունը հեռու է մնում հեղափոխության թոհուբոհից, իրական նպատակներից։ Մարդն իր էությամբ հակված է ավելի շուտ ադապտացվել միջավայրին, եւ ոչ թե փոխել այն։ Մարդը սովորաբար մտածում է՝ եթե փոփոխություններ լինեն, ես կհարմարվեմ, բայց ինքս ոչինչ չեմ փոխի։ Սխալ է համարել, որ Ուկրաինայում կամ Վրաստանում մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, քան նույն Ղազախստանում։ Հեղափոխություններից հետո լուրջ խնդիրներ են ծագում, որոնք կապվում են նոր սոցիալական տարածքում սեփական տեղը որոնելու հետ։ Ռուսաստանում շատերը փորձում են հասկանալ՝ այն, ինչը կատարվում է հիմա Ուկրաինայում, դա Ռուսաստանի ապագա՞ն է, թե՞ անցյալը։ Սովորական մարդու համար իր վաստակած, զբաղեցրած սոցիալական տեղն ավելի կարեւոր է, քան հեղափոխությունը։ Նոր սոցիալական դիրքեր գրավելը ծանր գործ է, եւ մարդն ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի այդ ընտրությունից։ Կենցաղը, մասնագիտությունը փոխելը դժվար է։ Մեր երկրում (նաեւ բոլոր նախկին խորհրդային երկրներում) կար ժամանակ, երբ ինժեները, դասախոսը ստիպված էին գործարարներ դառնալ, այլ կերպ նրանք չէին կարողանա ընտանիքը կերակրել։ Եվ բոլորի համար սոցիալական դիրքերի փոփոխումը հոգեբանորեն շատ բարդ էր։ Բոլոր ժամանակներում էլ փոփոխությունների ձգտել են երիտասարդները, ովքեր դեռ չեն գրավել իրենց սոցիալական տեղը, եւ սոցիալական մարգինալները։ Իսկ մեծամասնության համար հեղափոխությունը դժբախտություն է։