Հնդկական կինոն վերադառնում է

12/05/2005

«Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը երկարատեւ պայմանագիր է կնքել ու սկսելու է հնդկական ֆիլմեր ցուցադրել: Վերջին 20 տարիների ընթացքում հնդկական ֆիլմերն արհամարհվում են ու փոխարինվում ամերիկյան մարտաֆիլմերով ու լատինաամերիկյան սերիալներով: Հետաքրքիրն այն է, որ հնդկական կինոյի սպառման ամենամեծ շուկան ԱՄՆ-ում ու Անգլիայում է: Հնդկաստանը գեղարվեստական ֆիլմերի արտադրության ռեկորդակիր է: Միայն Բոմբեյում գտնվող «Բոլիվուդ» կինոստուդիան տարեկան 700 ֆիլմ է նկարահանում: Եվ հիմնական հանդիսատեսն արեւմտյան երկրների բնակիչներն են: Հնդկական ֆիլմերի այսօրվա հերոսները ժամանակակից զգեստներ են կրում եւ ընդհանրապես համապատասխանում են արեւմտյան ստանդարտներին: Ժեստերի լեզուն փոխարինվել է ժամանակակից պարերով, սակայն միակ բանը, ինչն անփոփոխ է մնացել, հերոսների առաքինությունն է՝ կադրում կարելի է միայն համբուրվել կամ գրկախառնվել, անկողնային բաց տեսարաններն արգելված են: Նույնիսկ հատուկ պետական հանձնաժողով գոյություն ունի, որի պարտականությունն է` հսկել հերոսների պատշաճ վարքագիծը: Իսկ հանդիսատեսը հնդկական կինո միշտ էլ սիրել է ոչ թե անկողնային տեսարանների համար, այլ որովհետեւ այնտեղ կա սեր, արցունքներ եւ կյանք: Շուտով հնդկական կինոն էկրանին կշատանա։