Կարճատեւ եւ հանդիպումներով հագեցած այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի մտավորականների մի խումբ, որի կազմում էին ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Վենիամին Սմեխովը, Իգոր Կոստոլեւսկին, «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, որը մի շարք մշակութային միջոցառումների անցկացում է նախատեսում։ Մ. Շվիդկոյի առաջարկով հաջորդ տարի մեր երկիր կժամանեն ռուսական թատրոնները, կանցկացվի նաեւ երիտասարդական փառատոն։ Նա նշեց, որ միայն մեր երկու երկրների ուսանողների անմիջական շփումը կարող է վերականգնել միմյանց մշակույթով հետաքրքրվելու ցանկությունը։ Ռուսաստանի մշակույթի գործիչները հայ ուսանողների համար վարպետության դասեր կանցկացնեն, եւ ավելի կընդլայնվի Ռուսաստան ուսման մեկնող հայ ուսանողների եւ Հայաստանում սովորել ցանկացող ռուս ուսանողների քանակը։
Իսկ Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժը» պատրաստվում է հայկական մշակույթի մասին պատմող մի շարք ցուցահանդեսներ անցկացնել։ «Այս տարվա վերջին մենք հին Հայաստանի պատմությանը վերաբերվող ցուցահանդես կանցկացնենք։ Իսկ հաջորդ տարի Հայաստան կբերենք «Եվրասիայի հին մշակույթը» ցուցահանդեսը»,- ասաց Մ. Պիոտրովսկին։ Քննարկվում է նաեւ Լուվրում ցուցադրված «Armenia Sacra» ցուցահանդեսն «Էրմիտաժ» փոխադրելու հարցը։ Նրանք այդ մասին քննարկել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Մ. Պիոտրովսկին, ով ծնվել եւ իր մանկության մի քանի տարիները Երեւանում է անցկացրել, ուրախ է տեսնել, որ Երեւանը կառուցապատվում է, խորհուրդ տվեց մեզ ուշադրություն դարձնել ճարտարապետության վրա։ «Երեւանը եզակի ճարտարապետություն ունի, որը, սակայն, փոխարինվում է ամենուրեք հանդիպող ճարտարապետական շինություններով։ Երեւանը կարող է սովորական մի քաղաք դառնալ, որն իր սեփական դեմքն այլեւս չի ունենա»,- ասաց նա։
2008-2009թթ. Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ցուցահանդեսներ կկազմակերպեն եւ համատեղ գրահրատարակչական նախագծեր կիրականացնեն։
«Ռուսական սեզոնը» Հայաստանում կմեկնարկի 2008 թվականի հունիսին, Հայաստան կժամանեն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը, հայտնի ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոյի թատրոն-ստուդիան եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ռեժիսոր Սերգեյ Ժենովիչի թատերական արվեստի ստուդիան։ Երեւանի «Մոսկվայի տանը» դիսկոտեկ կկազմակերպվի, որին կմասնակցեն հայտնի ռուսական DJ-ները։ Մ. Շվիդկոյն ասաց, որ հունիսի 12-ին մենք միասին աղմկոտ ու ուրախ պարերի ականատեսը կդառնանք։
Արմեն Ջիգարխանյանը նկատեց, որ հայ-ռուսական բարեկամությունն իրողություն է, եւ եթե նույնիսկ դադարեն Մոսկվան ու Երեւանը կապող ավիաչվերթերը, մենք, միեւնույն է, ոտքով իրար տուն հյուր կգնանք։
Տնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացումը չի նպաստում բարձր արվեստով հետաքրքրվելու ու զբաղվելու երիտասարդների որոշմանը։ Մ. Շվիդկոյն ասաց, որ Ռուսաստանի բուհերում եւ դպրոցներում կրճատվում են հումանիտար գիտությունների ժամերը, եւ իրենք փորձում են վերականգնել դրանք՝ միաժամանակ ավելի հետաքրքիր ու ժամանակակից դարձնելով արվեստի մատուցումը։ «Տեխնոլոգիաները զարգանում են ու մեր կյանք են մուտք գործում, նաեւ լեզվական նոր ֆորմա են մեզ թելադրում։ Լեզուն դարձել է սոսկ ինֆորմացիայի փոխանակում, որը կատարվում է հեռախոսների կամ ինտերնետի միջոցով։ Լեզուն արագանում եւ «հեշտանում» է»,- ասաց նա։ Հանդիպելով Երեւանի համալսարանի ուսանողների հետ՝ Միխայիլ Շվիդկոյը նշեց, որ մշակույթի վերականգնման մասին անընդհատ խոսող մարդիկ հաճախ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ են իրականում ուզում վերականգնել։ «Կարոտաբաղձությունը գեղեցիկ զգացում է, սակայն այն կենսունակ չէ։ Այսօր կյանքը մեր առջեւ նոր սահմաններ է բացում, մենք դա պետք է ընդունենք։ Կարծում եմ, որ միայն հենվելով հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի վրա, մենք կարող ենք այսօրվա նոր Հայաստանի եւ նոր Ռուսաստանի մշակույթը ստեղծել»,- ասաց նա։ Ռուսաստանի արվեստի գործիչները հանդիպեցին հայ ուսանողների, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Այցելեցին Երեւանի Պատմության թանգարան։ Խոսք գնաց նաեւ հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ստեղծման մասին։ Միխայիլ Շվիդկոյն ասաց. «Այն, որ կյանքը կարող է սարսափելի լինել, մենք բոլորս էլ գիտենք։ Սակայն միայն արվեստն է մեզ ասում, որ կյանքը կարող է նաեւ գեղեցիկ լինել»։ Նշելով, որ արվեստը դարձել է սպառողական զամբյուղի բաղադրիչներից մեկը, Մ.Շվիդկոյը գոհունակությամբ նկատեց, որ մեր երկու երկրներն այսուհետ հատուկ գումար կհատկացնեն մշակութային միջոցառումների անցկացման համար։ Եվ դա իրենց այցի գլխավոր նպատակներից մեկն էր։